Կարճ եւ երկար պաշտոնավարողներ

Կարճ եւ երկար պաշտոնավարողներ
Սերժ Սարգսյանը երեկ հրամանագիր է ստորագրել Կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամներ նշանակելու մասին: Նոր Ընտրական օրենսգրքով, ԿԸՀ-ն ունենալու է  7 անդամ, որից 3-ը նշանակվում են ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի, 2-ը՝ վճռաբեկ դատարանի նախագահի, 2-ը՝ Փաստաբանների պալատի նախագահի առաջարկությամբ:  Երեկ վճռորոշ օր էր՝ վերջապես հայտնի դարձան այն «երջանիկների» անունները, որոնց ձեռամբ առաջիկա 3-5 տարիներին կիրականացվեն ընտրությունների «չարն ու բարին»: Եվ այսպես. մարդու իրավունքների պաշտպանի կողմից նշանակված Արտակ Մելիքսեթյանը ԿԸՀ անդամ կլինի 3 տարով, Փաստաբանների պալատի նախագահի առաջարկած թեկնածուն՝ փաստաբան Գեորգի Մարտիրոսյանը, նույնպես 3 տարով:  Իսկ այ վճռաբեկ դատարանի նախագահի թեկնածուներից մեկը՝ ձեզ բոլորիդ քաջ հայտնի Գարեգին Ազարյանը կպաշտոնավարի 7 տարի: 7 տարի կաշխատի նաեւ ՄԻՊ կողմից նշանակված Արմեն Սմբատյանը, ով ՀՀԿ-ական շրջանակներից է՝ Կենտրոն ընտրատարածքայինի անդամ:  Փաստաբանների պալատի նախագահի առաջարկած մյուս անդամը՝ ընտրություններում երկարամյա փորձ ունեցող, Կենտրոն ընտրատարածքայինի նախագահ Սիլվա Մարկոսյանը, նշանակվել է 5 տարով: ՄԻՊ մամուլի խոսնակից մինչեւ անդամ աճած մյուս թեկնածուն՝ Տաթեւիկ Օհանյանը, կաշխատի 3 տարի: Հավանաբար 3 տարով նշանակվածները դեռ պետք է ապացուցեն իրենց նվիրվածությունը ռեժիմին, հետո հնարավոր է՝ ժամկետը երկարացվի: Մի բան պարզ է՝ արդար ընտրություններ անցկացնելու կամք ունեցող իշխանությունը նման ԿԸՀ չէր ձեւավորի: Սրանք ընտրակեղծիքների պրիմիտիվ պատրաստություններ են, որ մեր աչքի առաջ արվում են: Վախենամ՝ նման հանձնաժողովով մենք գնանք դեպի հեռավոր 90-ականներ, երբ կեղծիքները ոչ թե տեղերում էին արվում, այլ ԿԸՀ-ում թվեր նկարելով: