Ծնունդդ շնորհավոր

Ծնունդդ շնորհավոր
Փարաջանովի թանգարանը շատ եմ սիրում՝ մի ուրիշ աուրա կա այս տարածքում: Գուցե տնօրենի մեղմ ու համեստ կերպարն է պատճառը: Գուցե Փարաջանովի հզոր ու հակասական կերպարը: Իսկ երեկ երեկոյան թանգարանի սովորական մթնոլորտն ավելի բոհեմական էր, թանգարանի սովորական բույրին ավելացել էր նաեւ «Ոսկե ծիրանի» ու նրա հյուրերի եւ իհարկե՝ Ռոման Բալայանի շարմը: 70-ամյա մետրը բոլորի ուշադրության կենտրոնում էր՝ սիրված, գնահատված, շրջապատված կանանցով: Տաղանդավոր ռեժիսորի, հմայիչ տղամարդու ծննդյան տարեդարձն էին նշում կինոփառատոնի հյուրերը, իր ընկերները, հայ մտավորականությունը: Բաժակաճառեր չկային, ավանդական հայկական սեղան-աթոռներ՝ եւս, միայն տորթ կար՝ կինոժապավենի տեսքով, եւ ազատ մթնոլորտ, որտեղ տարբեր լեզուներով խոսակցություն էր հնչում: Սեղաններին Ռոման Բալայանի մասին գիրքն էր՝ «Ոսկե փառատոնի» շրջանակներում տպագրված: «Վերջին ժամանակներս ես սկսել եմ կյանքին ավելի լուրջ վերաբերվել, քան կինոյին, որը նկարում եմ: Այնպես որ, այսօր ինձ համար ավելի կարեւոր է, թե ես ինչ մարդ եմ, քան՝ ինչպիսի ռեժիսոր»,- ասել է տասից ավելի ֆիլմերի հեղինակը: Ֆիլմեր, որոնք մնացել են կինոյի պատմության մեջ եւ մի քանի սերունդների հիացրել: «Իմ մահից մի տասը տարի հետո հուսով եմ՝ հիշելու են ոչ թե ֆիլմերը, այլ թե ինչպիսին էի ես: Ու միակ բանը, որ կուզեի՝ պահպանել իմ մեջ պարկեշտ մարդուն»՝ իրական մտավորականի խոսք է: Ուկրաինայում ստեղծագործող ռեժիսորը ոչ միայն չի կորցրել իր մեջ մարդուն, այլեւ հային. նա թերեւս ավելի լավ է հայերեն խոսում, քան մեր պաշտոնյաներից ոմանք: Իսկ երբ ոսկերչի ճշգրտությամբ հավասարաչափ ու գեղեցիկ մասնատում էր տորթը, պարզ էր, որ այդպիսի մանրակրկիտությամբ էլ ֆիլմ է նկարում: Փարաջանովի թանգարանը երեկ շնչում էր կինոյով: