Կարպիս Սուրենյան. «Ճիշտը կյանքն է»

Կարպիս Սուրենյան. «Ճիշտը կյանքն է»
Շատերն են ասում, որ Ֆյոդոր Դոստոեւսկու «Կարամազով եղբայրների»՝ Կարպիս Սուրենյանի հայերեն թարգմանությունն այնպիսի շունչ, լեզվային ընդգրկունություն ու ոգի ունի, որ մի պահ թվում է, թե Ֆյոդոր Միխայլիչը հենց հայերենով էլ գրել է իր սքանչելի ստեղծագործությունը: Էսսեիստ, թարգմանիչ Կարպիս Սուրենյանը մահացավ 86 տարեկան հասակում, թողնելով գրական զգալի ժառանգություն` էսսեների հրաշալի ժողովածուներ, մոնումենտալ թարգմանություններ, բազմաթիվ պատմվածքներ եւ ճանապարհորդական ինքնատիպ ակնարկներ: Կոնկրետ այս ժանրը Եվրոպայում այժմ մեծ ծաղկում է ապրում` ի դեմս Վ. Ս. Նայփոլի, Բրյուս Չաթվինի, Վ. Գ. Զեբալդի ստեղծագործությունների, եւ Կարպիս Սուրենյանի ճանապարհորդական պատումներն այս ժանրի գերազանց դրսեւորումներ են, որոնք դեռ կգտնեն աշխարհում իրենց ընթերցողներին:



«Սարգիս Խաչենց» հրատարակչության կողմից լույս տեսած նրա «Օրագրերի» երկհատորյակը եզրափակվում է «21 օգոստոսի 2005 թվական» գլխով: Եվ վերջին պարբերության մեջ նա գրում է. «Նայում եմ հիմա դիմացս` կարծես անհունորեն տարածվող ծիրանագույն հեռաստանին: Գիտեմ, որ վաղը առավոտ այնտեղից կրկին ծագելու է արեւն իր խորհուրդով: Եվ դարձյալ հիշում եմ այն նվիրական պահը կյանքիս արշալույսին, որից էլ սկսվել է, ինչպես թվում է ինձ այն բուն զգացումը, թե իրո՛ք ուր եմ ես, ով եմ ես: Տեսնում եմ ինձ հինգ-վեց տարեկան, այն առավոտ, երբ մեր տան դռնից նայեցի աջ, մեր փողոցի այն հեռու ծայրին, այգիներից անդին, տեսա ոսկեհորդ ծագող արեւը Ակրոպոլիսի վրա եւ Պարթենոնի տաճարն անտեղ` ոսկեճաճանչ: Սիրտս հմայված զարմանքով ժպտաց այդ Արեւածագին: Ու թվում է ինձ, որ առաջին անգամ այդ պահին գիտակցեցի, թե ուրախություն եմ զգում:



Եվ ուրախության այդ ներքին ժպիտը մաքուր, պայծառ մնաց սրտիս մեջ իմ ամբողջ կյանքում, որքան էլ այդ հարցերը ստվերոտում էին հոգիս: Մաքուր այն ուրախությունը, թեկուզ խավարի մեջ մի շողն իսկ, որով լուսահայտվում է կյանքի, ապրելու նախնական բուռն ճշմարտությունը` անհունորեն թանկագին: Որով մարդն ի բնե օժտվում է՝ գոյության գալով այս աշխարհում, որքան էլ առեղծվածային լինի թե՛ աշխարհը, թե՛ իր գոյությունը դրա մեջ: Ու իրիկնային ժամին, մի քիչ թախծերանգ ուրախության ժպիտով սիրտս ջերմացած, իմ սարահարթից ահա իջնում եմ զվարթ ընթրիքի եւ զրույցի` մարդկանց հետ, մարդկանց կարոտ, իմ ազգակից թե օտարազգի, այստեղ՝ այս ստեղծագործական տանը, մեր, իմ Ծաղկաձորում: Կյանքն է:



Ուր էլ լինի, ինչպես էլ որ է`



ՃԻՇՏԸ ԿՅԱՆՔՆ Է...