Հայաստանը հրաժեշտ տվեց Վանուշ Խանամիրյանին

Հայաստանը հրաժեշտ տվեց Վանուշ Խանամիրյանին
Այսօր հայ հասարակությունը «Արամ Խաչատրյան» համերգասրահից հրաժեշտ տվեց ՀՀ ժողովրդական արտիստ, 84-ամյա պարարվեստի լեգենդ Վանուշ Խանամիրյանին:



Դրսում անվերջ ու անթիվ ծաղկեպսակներ էին շարված Հայաստանի մի շարք պետական գործիչների կողմից: Ներսում վարպետի աճյունի մոտ պատվո պահակախումբ էին կանգնել պարարվեստի ու մշակույթի գործիչները, նրա սաները: Միաժամանակ էկրանի վրա Արամ Խաչատրյանի հնչյունների ներքո ցուցադրվում էին Վանուշ Խանամիրյանի անձնական ու բեմական կյանքի մասին պատմող կադրեր: Վանուշ Խանամիրյանին իրենց վերջին հրաժեշտն էին եկել տալու պարարվեստի ու մշակույթի գործիչներ, ինչպես նաեւ ՀՀ ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը, Երեւանի ոստիկանապետ Ներսիկ Նազարյանը, գյուղնախարար Սերգո Կարապետյանը, ապա նաեւ` ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը, որոնց այցին հաջորդած եւ նախորդած 10-15 րոպեների ընթացքում Օպերայի եւ հարակից փողոցների երթեւեկությունը կաթվածահար էր եղել:



«Պետք է ապրել այնպես, ինչպես ապրեց Վանուշ Խանմիրյանը, եւ որպես բարձր պրոֆեսիոնալ եւ որպես լավ մարդ, որը բոլորին սեր էր պարգեւում, իր ժպիտը, իր քաղցր բառերը, նա չէր խուսափում շռայլել գեղեցիկ բառեր իր շրջապատին` ազիզ ջան, ցավդ տանեմ, պարզ բառեր, որոնք մենք չգիտեմ ինչի խուսափում ենք արտասանելուց: Եվ ամենակարեւորը` ինքը մեծ վարպետ էր իր գործում եւ այդ տեղը դատարկ մնաց այսօր»,- այսպես խոսեց Վանուշ Խանամիրյանի մասին մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը:



Ներկաները սպասում էին նաեւ ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանին, որն այդպես էլ չեկավ, պարզվեց նա երեկ գնացել է Կոնդի եկեղեցի` Վանուշ Խանամիրյանի քաղաքացիական հոգեհանգստի արարողությանը:



Չնայած երեկ Օպերայի բեմահարթակից արած ՀԱԿ-ի հայտարարություններին, որ անկախ Խանամիրյանի քաղաքական հայացքներից, նրանք հարգում են իրեն եւ վաղը բոլորով գնալու են հրաժեշտ տալու արվեստագետին, բայց այսօր Հայ ազգային կոնգրեսից այդպես էլ ոչ ոք չեկավ` բացառությամբ դերասան Երվանդ Մանարյանի:



Վանուշ Խանամիրյանին ժողովուրդը ճանապարհեց ծափահարությունների ու Արամ Խաչատրյանի «Սպարտակ» բալետի հնչյունների ներքո, որում էլ հայ բեմի վարպետը փայլել էր Սպարտակի իր անզուգական  դերով: Իսկ Ժողովրդին Օպերայից մինչեւ քաղաքային պանթեոն տեղափոխելու համար, որտեղ էլ պետք է հուղարկավորվի արտիստը,  հանձնաժողովը հատկացրել էր 6 ավտոբուս, այդ մասին մեզ հետ զրույցում նշել էր Արթուր Պողոսյանը: