Քաղաքացին է խոսել

Քաղաքացին է խոսել
Մարդիկ կան, որոնց խոսքը ռումբի պայթյունի էֆեկտ է ստեղծում: Այդ մարդկանցից մեկը մեր հայրենակից, ֆրանսահպատակ Շառլ Ազնավուրն է: Մեծ շանսոնիեն այնպիսի կյանքով է ապրել, որ ոչ միայն իր երգով է բարություն եւ լույս տարածել, այլեւ իր վարքով, բարեգործությամբ, այն նվիրումով ու հոգատարությամբ, որ սփռում է իր շրջապատի մարդկանց հանդեպ: Երեկ մեր մեծ հայրենակիցը կրկին խոսել է Հայաստանում տիրող վիճակի մասին եւ անողոք գնահատականներ հնչեցրել: «Հիմա իմ երկրում ներքին ցեղասպանություն է տեղի ունենում: Ինձ համար դա քաղաքականապես անընդունելի է: Հնարավորություն չտալով երկրին շնչել` Հայաստանի կառավարությունն իր երկիրը զրկում է երիտասարդությունից: Նրանք լքում են երկիրը: Այդ իմաստով խնդիրն արդեն ունի ոչ թե քաղաքական, այլ համամարդկային բնույթ: Այն պետք է անհապաղ լուծել»,- ասել է Ազնավուրը: Թվում է՝ Շվեյցարիայում Հայաստանի դեսպանն իրավունք չունի պետական կուրսին, քաղաքականությանը հակասող հայտարարություններ անել, քննադատել իշխանություններին: Դա դեմ է դիվանագետի, պաշտոնյայի էթիկայի նորմերին: Սակայն Ազնավուրն այն մարդկանցից է, ովքեր առաջնորդվում են ոչ թե էթիկայի ու զգուշության կանոններով, այլ՝ բարոյականությամբ եւ ազգային շահով: Իր ժողովրդի, իր երկրի ներկայով մտահոգ Քաղաքացին է խոսել, եւ արժե, որ բոլորս հոտնկայս ու մեծ հարգանքով լսենք նրան: Արժե, որ մտահոգվենք՝ իրոք վիճակը երկրում աղետալի է, եւ արտակարգ միջոցառումներ ձեռնարկելու անհրաժեշտությունը կա: Եվ լավ է, որ ահազանգը հնչեցնում է հենց Շառլ Ազնավուրը, որի խոսքն արհամարհել, այն մարդկային չարության կամ քաղաքական կոնյուկտուրայի վերագրել հնարավոր չէ: Սա մեծ մտավորականի խոսք է, որը հնչում է ամենավճռական պահերին ու սթափեցնում բոլորին: