Լավ կլիներ լռեին

Լավ կլիներ լռեին
Հաջորդ շաբաթը տարվա նախավերջին շաբաթն է: Մեր փորձից ելնելով՝ կարելի է կանխատեսել, որ շուտով քաղաքական գործիչներն ու պաշտոնյաները, մեկը մյուսից առաջ ընկնելով, կսկսեն վազել տարբեր ակումբներ՝ տարին ամփոփելու: Մեկը մյուսից տխուր ու ձանձրալի հաշվետվություններ կտան, կհպարտանան իրենց արածով, չարածները կամ կմոռանան, կամ կասեն, որ անելու են հաջորդ տարի: Մի խոսքով, ամեն ինչ կանեն ժողովրդի աչքին թոզ փչելու եւ աշխատանքի ու հաջողությունների պատրանք ստեղծելու համար: Իսկ մենք կմնանք շիվար՝ սրանց լկտիությանն ու ստախոսությանն ականատես: Ասենք, ի՞նչ ձեռքբերումների մասին կարող է խոսել պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, որի բանակում երկաթե շղթայով մարդու աչքն են տալիս-հանում: Ի՞նչ հաջողություններ է արձանագրելու արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը, որի ղեկավարած համակարգում ամեն ինչ կա, բացի արդարությունից: Ինչո՞վ է հպարտանալու բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը, որի օրոք երկրում անապական անտառ չմնաց, Սեւանն էլ աչքներիս առաջ ճահճանում է: Ի՞նչ հպարտանալու բան ունեն քաղաքաշինության, տրանսպորտի, կրթության եւ մյուս նախարարները, որոնց համակարգերում հետընթացն աչք է ծակում: Եվ վերջապես՝ ի՞նչ է ասելու տարեվերջյան իր ասուլիսում վարչապետ Տիգրան Սարգսյանը, որի ղեկավարած կառավարությունն, ըստ էության, միայն խանգարում է ժողովրդին՝ այնպես, որ սկսում ես մտածել՝ եթե սրանք չլինեին, մեր ժողովուրդն ավելի արագ ոտքի կհաներ այս երկիրը: Ի վերջո, տարեվերջյան հաշվետվությունների օրերին ի՞նչ են ներկայացնելու օրենսդիր մարմնի ներկայացուցիչները, կուսակցական լիդերները: Ինչպե՞ս են բացատրելու կենսամակարդակի անկումը, արտագաղթը, բարոյալքումն ու հոգեւոր սովը, որ տիրում է մեր երկրում: