Հիվանդին` կարմիր խնձոր

Հիվանդին` կարմիր խնձոր
Ինչպես մեր նախորդ հրապարակմամբ էինք տեղեկացրել, բանաստեղծ Հովհաննես Գրիգորյանը, որ թոքերի ծանր հիվանդություն ունի, արդեն մեկ ամիս է, ինչ բուժումը՝ ճառագայթման միջոցով, շարունակում է Իսրայելի հատուկ մասնագիտացված հիվանդանոցում: «Հունվարի 22-ին բուժման փուլը կավարտվի, եւ կվերադառնա Երեւան: Բուժումը նորմալ է ընթանում, հավանաբար Երեւանում էլ բուժումը կշարունակի՝ քիմիա ստանալու հավելյալ կարիք կլինի»,- ասաց բանաստեղծի դուստրը՝ Սոնան, որ հունվարի 8-ին է վերադարձել Իսրայելից, որտեղ խնամում էր հորը, իսկ նրան փոխարինելու է գնացել բանաստեղծի կինը:



Սոնան տեղեկացրեց, որ բուժման ընթացքը բավականին ծանր է, երկրորդական էֆեկտներով է ուղեկցվում՝ ախորժակի անկում, ձայնի խզում, կոկորդում ցավեր, ինչը սպասելի էր, այսինքն՝ այդպիսին է բուժման հունը. «Իսկ թե բուժումն ինչ արդյունք է տվել՝ կիմացվի քիչ ուշ: Առայժմ միայն այն է պարզ, ինչպես իսրայելցի մասնագետները նշեցին՝ Հայաստանում բուժումը ճիշտ եւ լավ է կազմակերպվել»:



Հովհաննես Գրիգորյանը նաեւ «Միհր» հայ-իրանական ամսագրի գլխավոր խմբագիրն է, որը հրատարակվում է Հայաստանում Իրանի դեսպանատան հովանավորությամբ: Դեռ դեկտեմբերին, իսկ օրերս ավելի հստակ տեղեկություն ստացանք, որ որոշել են Գրիգորյանին փոխարինել, քանի որ հիվանդ է: Հավանաբար սա այն «բարի» լուրն է, որ կարող են հաղորդել հիվանդի վիճակը թեթեւացնելու, ինչ-որ կերպ աջակցելու առումով, թե դու հիվանդ ես եւ այլեւս պետք չես, գնա ու տապակվի քո ցավով: «Ես դեռ գնալուց առաջ եմ իմացել, որ վատ է ընդունվել Իսրայելում բուժումը շարունակելու մեր որոշումը, քանի որ Իրանի եւ Իսրայելի հարաբերությունները խիստ սրված են: Այսքանը միայն գիտեմ եւ չեմ մեղադրում իրանական կողմին, քանի որ այդ երկու երկրների հարաբերությունները թշնամական են»,- ասում է Սոնան:



Իսկ «Միհր» ակումբի նախագահ Վաղինակ Սարգսյանը տեղեկացրեց. «Արդեն երկու-երեք ամիս է՝ այդ հարցը քննարկվում է, գիտենք, որ հիվանդ է եւ բուժվում է: Երկու համար հեռակա կարգով Գրիգորյանի օգնականներն են արել, ինքն անմիջական մասնակցություն չի ունեցել, բայց այս վիճակը երկար չի կարող շարունակվել: «Միհրի» նոր համարը շուտով կիջնի տպարան, էլի իր ստորագրությամբ, որից հետո հավանաբար նոր խմբագիր կլինի: Աստված տա՝ բուժվի-առողջանա, բայց կարծում եմ, որ նախկին ակտիվությամբ էլ չի կարող աշխատել: Որեւէ քաղաքական խնդիր չկա, թե բուժվում է Իսրայելում, կապված է զուտ առողջական վիճակի հետ: Իսկ այս պահին, երբ մարդը բուժվում է, բարոյական առումով արդյո՞ք ճիշտ է փոփոխությունը. մենք այդ մասին մտածել ենք, եւ ամենադժվարն իմ վիճակն է. ես այդ մարդու հետ արդեն 6-7 տարի է՝ աշխատում եմ: Բայց այս ամենը դեռ քննարկման փուլում է, ինքը կվերադառնա, եւ կորոշենք»:



Ֆելիքս Եղիազարյան