Մեր քաղաքը. Բուկինիստականը

Մեր քաղաքը. Բուկինիստականը
Ժամանակ կար, որ աշխարհում դեռ մնացել էին թափանցիկ քաղաքներ, եւ այդ քաղաքների մասին գիտեին միայն նրանք, ովքեր կարդում էին հին, փոշոտ հաստափոր գրքեր, որոնց  մեջ գրված էին թափանցիկ քաղաքների եւ նրանց թափանցիկ բնակիչների մասին պատմող խորհրդավոր պատմությունները: Թափանցիկ քաղաքները, որ կտրված էին աշխարհից ու ապրում էին անժամանակ տարածությունում, ունեին բուկինիստական հին գրքերի խանութներ, որտեղից էլ բացվում էին առեղծվածը ճանաչելու բոլոր մեծ եւ փոքր, լայն ու նեղ դռները: Այդ աշխարհից կտրված թափանցիկ քաղաքներից մեկի անունն էլ Երեւան է:



Դա մի փոքրիկ քաղաք է` տխուր ու ինքնամփոփ, ասես ապրում է բնակիչների համար, բայց բոլորից անկախ կյանքով, եւ ոչ ոք մինչեւ վերջ չի կարողանում բացահայտել նրա մտքերն ու երեւակայությունը:



Քաղաքը հոգնել է իր բնակիչներից, իսկ բնակիչներն էլ՝ քաղաքից: Նրանք ապրում են միմյանցից անկախ ու անհամատեղելի կյանքով: Բայց քաղաքի Մաշտոցի 45 հասցեում կա մի հին բուկինիստական գրախանութ, որտեղ ոտք դնելով՝ հանկարծ պտտվում է ժամանակի անիվը, ու դու անկշռությամբ սահում ես, հեռանում անցյալ` տրվելով հին արեւելյան ոճի կամարաձեւ առաստաղի մթության մեջ կայծկլտող եզրերով աստղիկների տատանումներին:



Փայտե, շագանակագույն, նախշազարդ, ուռուցիկ դռնակներով գրապահարանները, անակնկալ ու կիսաբաց դարակները ներսում անորսալի մթնոլորտ են պարուրում: Քարացած ստվերների մեջ գրքերն ավելի անմատչելի են թվում, եւ հետաքրքրասիրությունն ու ձգողականությունը նրանց հանդեպ կրկնապատկվում է: Երեւանի փոքրիկ բուկինիստական գրախանութը միակն է, որտեղ վառվում են թույլ լամպերը, ու գրքերն ընտրվում են ներքին ինտուիտիվ բնազդով, որտեղ ոտքերդ հանկարծակի դիպչում են գրքերի դարսդարս կույտերի, ու լսվում են մութ խոռոչներում ընթերցող հավերժական փոքրիկ մարդուկների փնթփնթոցները, իսկ տամկության համով բարձրացող փոշեգնդիկները ձյան փաթիլների քնքշությամբ իջնում են ընթերցողների ու գրավաճառի ուսերին:



Այստեղ բերում են հին, օգտագործված գրքեր աշխարհի տարբեր վայրերից, աշխարհի տարբեր լեզուներով, անհավանական չափերի հասնող հսկա ալբոմներ, որոնց պարզապես վերցնել ու թերթել չի հաջողվում. միակ շանսը մնում է մտնել դրանց մեջ: Եթե ցանկություն կա տեսնելու Ռեմբրանտի կամ Վան Գոգի գլուխգործոցները, պիտի հանել կոշիկները, ծանր վերարկուն, գլխարկն ու մտնել հսկա գրքերի մեջ, բայց միայն գրավաճառի թույլտվությամբ եւ հատուկ տրամադրվածությամբ: Հին գրքերը չվաճառվելու դեպքում ետ են վերադարձվում, նրանց տերերին հուսադրելով, որ բուկինիստականը չի փակվի` հետագայում ընձեռելով վերադարձի հնարավորություն: 40-ականներին արեւելյան յուրահատուկ, նրբին  ոճով ու գունային գամմայով ձեւավորված ու պատրաստված խանութի ինտերիերը, որ սկզբում ծառայում էր թութունի վաճառքին, հետագայում լցվեց նոտաներով, իսկ ավելի ուշ նրա պահարաններն ու դարակները գրավեցին հին գրքերն ու ալբոմները, արվեստի համաշխարհային պատմությունը, բացվեցին աշխարհ տանող բոլոր դռներն ու դռնակները, եւ տխուր ու մենակյաց թափանցիկ քաղաքներից մեկը հնարավորություն տվեց իր բնակիչներին լոկ մի շարժումով քայլ անել ու տեղափոխվել բովանդակ իրականությունից դեպի անբովանդակ անիրականություն:



Այդ հին բուկինիստական խանութը մինչեւ հիմա գործում է` կա: Գիշերը, երբ անցնում ես նրա կողքով ու նայում լուռ ցուցափեղկին, ներսից հանկարծ գիրքը ձեռքին ուրվագծվում է ինչ-որ մեկը, որ ժպտում է քեզ ու թխկթխկացնում ապակուն: