ԱԼՄ-ից մինչեւ Ալմենիա` շատ բան չի փոխվել

ԱԼՄ-ից մինչեւ Ալմենիա` շատ բան չի փոխվել
Հակառակ ամանորյա ծրագրերի շքեղ ու տպավորիչ գովազդներին, հայկական հեռուստաընկերությունների ամանորյա եթերն այս անգամ էլ ոչ մի նոր բանով աչքի չընկավ: Ըստ էության, զարմացնելու ցանկություն էլ չկար, որովհետեւ Նոր տարին տարվա մեջ այն ժամանակն է, երբ բոլորն անխտիր փորձում են մինիմում ժամանակում մաքսիմում փող աշխատել, ու հենց դա էլ երեւում էր եթերից. նույն դեմքերը, իրար նման տաղավարները, ռեստորանային ոգով կազմակերպված համերգային միջոցառումներն ու նախորդ տարիների ամանորյա ծրագրերի կրկնությունը, որոնք հունվարի 1-ից մինչեւ 9-ը, նույն հաջորդականությամբ ստիպված էիր նայել:



Բայց, ի տարբերություն ամեն տարի ամեն ալիքով ու գրեթե ամեն օր ցուցադրվող «Մեր բակը», «Հարսնացուն հյուսիսից», «Բաղնիքդ անուշ» ու էլի մի քանի սովետական ֆիլմերի, որոնք առիթ-անառիթ այնքան են ցույց տվել, որ արդեն նայելդ չի գալիս, այս տարի ամանորյա եթերը շաբլոն միջոցառումների կողքին նշանավորվեց հայկական շոու-բիզնեսի «աստղերի» համալիրային մենահամերգներով, որոնք գիշերվա 12-ից անմիջապես 3 ժամ հետո սկսեցին ցուցադրվել մի քանի ալիքներով:



Տպավորությունն այնպիսին էր, կարծես հեռուստաընկերություններից յուրաքանչյուրը ձեռք էր բերել «Գրեմմին» հեռարձակելու բացառիկ իրավունքը, կամ էլ խոսքը համաշխարհային մեգաաստղերի մենահամերգների մասին էր: Սա այն դեպքերից է, երբ ունեցածիդ հետ շատ դժվար է հաշտվելը, բայց, ուզես թե չուզես, սեղան նստելուց պիտի հաշվի նստես, թե չէ խայտառակ կլինես, ինչի ականատեսն ենք արդեն ամեն Նոր տարի:



Ու եթե «Արմենիան» օրեր շարունակ ցուցադրում էր Արման Հովհաննիսյանի մենահամերգը, ապա  Հ 2-ը Սիլվա Հակոբյանի պոչն էր բռնել, ու այդպես՝ մի քանի օր շարունակ: Հանրայինի դեպքում ամանորյա հեռուստաեթերից առավել տպավորիչն ու նաեւ սոցիալական ցանցերում առավել քննարկվողը համաշխարհային բլոկբաստերի մակարդակի գովազդվող «Գեներալի աղջիկը» նոր սերիալն էր, որը գովազդելու համար օգտագործել էին «Էքզյուպերիի աղոթքը», ինչն ընթերցասեր հասարակությունն ուղղակի չներեց՝ համարելով դա սրբապղծության նման մի բան, երբ գրականության բացառիկ նմուշ համարվող գործը հավասարեցնում են օճառային նովելների մակարդակին:



Ու եթե չհաշվենք «Վիտամին» եւ «32 ատամ» ակումբների մասնակցությունն ու ներկայությունը համապատասխան հեռուստաընկերությունների եթերում, ապա մեծ հաշվով կարելի է ասել, որ հայկական հեռուստաեթերը զուրկ էր նաեւ հումորային մասից: Այս ֆոնին միակ բանը, որ առանձնացավ,  «32 ատամի» շրջանակներում արված ՀՀ նախագահի ամանորյա հեռուստաեթերի պարոդիան էր, բայց որն էլի ակնհայտորեն շատ զգուշորեն էր կառուցված:



Եվ եթե որոշ հեռուստաընկերություններ իրար գլխի էին հավաքել հայ «աստղերին» կամ էլ բավարարվել էին իրենց «սուպերսթարներով», ապա հեռուստաընկերություններից մի քանիսն էլ իրենց ամանորյա եթերը նկարահանել էին ռեստորանային օբյեկտներում, որոնց եթերից ուղղակի ԱԼՄ-ի նոստալգիկ շունչն էր զգացվում: Ավելին՝ այդ օրերին ԱԼՄ-ի «ականջը կանչողներ» շատ կային, դրանցից մեկն էլ ընկերներիցս մեկն էր, որը չէր դիմացել ու իր ֆեյսբուքյան էջում գրել էր. «Ժամանակին, ով հասնում՝ քարկոծում էր ԱԼՄ-ի քեֆ-ուրախությունը, էս տոներին բոլորը նույն քեֆն էին անում իրենց ալիքներով` սկսած ԱԼՄենիայից… ո՞ւր են սնդուսափայլ հայերը, որոնք ԱԼՄ-ացավ ունեին ժամանակին ու բարձրաճաշակ հեռուստահաղորդումներից էին խոսում»:



Իսկ թե ինչու ենք ամեն տարի Նոր տարուն հայտնվում նույն կոտրած տաշտակի առաջ ու մի տեսակ դեժավյու ապրում հայկական հեռուստաալիքները դիտելուց, խոսում է այն մասին, որ կամ ոտքներս մեր վերմակի չափով չենք մեկնում, կամ էլ այս երկրում սովոր ենք ամեն ինչ պահանջարկ-առաջարկ դիրքերից մեկնաբանել: