Հարցաքննությունը շարունակվում է

Հարցաքննությունը շարունակվում է
Մոտ 5 ամիս առաջ նկարիչ Մինաս Ավետիսյանի որդին՝ Արման Ավետիսյանը, իր «Պատիվն ու արժանապատվությունը վիրավորելու մեղադրանքով» դատի էր տվել Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի նախագահ Լեւոն Բարսեղյանին՝ պահանջելով 2 մլն 200 հազար դրամ, իսկ պատճառը 2011թ. հունիսին «Ասպարեզի» կայքում հրապարակված մի քանի հոդվածներն էին: Այս գործով անցած տարի տեղի ունեցավ մի քանի նախնական նիստ, իսկ արդեն երեկ Գյումրիում կայացել է հիմնական նիստը, որի ժամանակ հրավիրված 3 վկաներից ներկա են եղել երկուսը՝ Վահան եւ Նարեկ Թումասյանները, բացակա է եղել քաղաքապետարանի մշակույթի բաժնի վարիչ Արտաշես Կարապետյանը:



«Եղավ 2 վկաների հարցաքննությունը, մենք բավական հարցեր տվեցինք նկարները հանելու պրոցեսի, պահեստում դնելու, այնուհետ փակելու, լրացուցիչ կողպեք դնելու, ինչպես նաեւ Արման Ավետիսյանի՝ գյումրեցիների հետ ձեռք բերված պայմանավորվածության մասին: Իրենք էլ իրենց հերթին բավականին հարցեր տվեցին»,- մեզ հետ զրույցում ասաց Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի նախագահ Լեւոն Բարսեղյանը:



Ինչպես տեղեկացանք Բարսեղյանից, նիստին ներկա է եղել Արման Ավետիսյանը, ինչպես նաեւ սովորական գյումրեցիներ: «Հարցաքննության պրոցեսն անցել է առանց կրքերի, հանդարտ հունով»,- նշեց Բարսեղյանն ու հավելեց, որ 3-րդ վկան հարցաքննվելու է հաջորդ նիստին, իսկ վկաների հարցաքննությունից հետո կլինի արդեն ապացույցների ուսումնասիրություն, որից հետո դատարանն այս գործով վճիռ կկայացնի: