Այդ պաշտոնին գալով՝ իրենց վիճակը չի հեշտանա

Այդ պաշտոնին գալով՝ իրենց վիճակը չի հեշտանա
Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի գլխավոր ռեժիսորի նշանակման շուրջ երեկ զրուցեցինք թատրոնի տնօրեն Ստեփան Դավթյանի հետ: Նա նշեց, որ թատրոնի թե գեղարվեստական ղեկավարի եւ թե գլխավոր ռեժիսորի նշանակման իրավունքն իրավաբանորեն միշտ եղել է տնօրենինը, բայց հասկանալով, որ այդ պաշտոնը թատերական աշխարհի կարեւոր դեմքերից մեկն է, այն կարծիքին է եղել, որ այդ հարցը միայն իրավաբանորեն չպետք է լուծվի, քանի որ «կա նաեւ հասարակության կարծիք, ղեկավարության կարծիք»: Եվ եթե այդ համաձայնությունը թատրոնից ու ղեկավար մարմիններից լիներ շուտ, ապա գլխավոր ռեժիսորին նա կարող էր նշանակել եւ մի տարի առաջ, բայց նշանակման համաձայնությունը ստացել են միայն վերջերս:     



- Պարոն Դավթյան, Սունդուկյան թատրոնի գլխավոր ռեժիսորի պաշտոնում ինչո՞վ էր պայմանավորված Ձեր կողմից Տիգրան Գասպարյանի ընտրությունը:



- Հարցը տարօրինակ է մի քիչ, բայց համենայնդեպս ես ունեմ պատասխանը. նա 83թ.-ից աշխատում է Սունդուկյանի անվան ակադեմիական թատրոնում՝ որպես բեմադրիչ, իր բեմադրած ներկայացումների շարքում են «Կալիգուլան», «Ոտքի, դատարանն է գալիս», որը բեմում է 24 տարի, դասական հեղինակներից՝ Դոստոեւսկի, Բրեխտ, հենց հիմա ընթացքի մեջ է Շեքսպիրի «Ջոն արքան», որը պիտի մասնակցի Անգլիայում կայանալիք շեքսպիրյան փառատոնին: Այդ ամեն ինչը հաշվի առնելով՝ կանգ առանք այն մարդու վրա, որը սունդուկյանցի է եւ Սունդուկյանում ունի համապատասխան բեմադրությունների շարք, որով արդարացված է:



- Իսկ ընտրության հարցում որքանո՞վ եք հաշվի առել նաեւ սունդուկյանցիների կարծիքը, թե՞ միանձնյա եք որոշում կայացրել:



- Այդ որոշումը կայացվել է նաեւ ստեղծագործական կազմի հետ քննարկումների արդյունքում, որը համաձայնեցրել ենք վերադաս մարմինների հետ, նրանք էլ ասել են՝ եթե դուք որոշում եք ընդունել, դրա տերն եք՝ խնդրեմ:



- Այսինքն նախարարության հետ եք համաձայնեցրել:



- Այո, իհարկե:



- Պարոն Դավթյան, Տիգրան Գասպարյանի անունն այս 3 տարիների ընթացքում հավանական թեկնածուների մեջ չէր շոշափվում: Արդյոք դա նշանակո՞ւմ է, որ գլխավոր ռեժիսորի դերում ոչ ոք նրան չէր տեսնում:



- Տիգրան Գասպարյանի անունն անցած տարվանից շոշափման մեջ է եղել, այնպես չի եղել, որ չշոշափվի, բայց, համենայնդեպս, որոշումն ուշանում էր, որովհետեւ որոշում էին՝ գլխավոր ռեժիսո՞ր, թե՞ գեղարվեստական ղեկավար. այդ անվանափոխության, անվանատեսակի հարցը, բայց ինքը եղել է օրակարգում:



- Ժամանակին Տիգրան Գասպարյանը նաեւ սերիալներում է նկարահանվել, ի՞նչ եք կարծում՝ դա չի՞ ազդի նրա հեղինակության վրա՝ որպես արդեն մայր թատրոնի գլխավոր ռեժիսոր:



- Սերիալներում այսօր այնպիսի մարդիկ են նկարահանվում, այնպիսի անուններ, նույնիսկ ժողովրդական դերասաններ, տնօրեններ, Կինեմատոգրաֆիստների միության նախագահն է նկարվում, Սունդուկյան թատրոնի նախկին տնօրենն է նկարվում, Գուժ Մանուկյանն է նկարվում, չգիտեմ էլ ով ասես նկարվում է մեջը: Մարդն ավարտել ա թատերականը, իրա պարտականությունն է նկարվել, ուրիշ բան, որ մենք բոլորս սերիալների նկատմամբ ունենք համապատասխան նեգատիվ վերաբերմունք, որովհետեւ միանման են, միատեսակ, բան չասող են, ուսուցողական չեն եւ այլն. դա ուրիշ բան է:



- Մի քանի ամիս առաջ Նիկոլայ Ծատուրյանն ասաց, որ իրեն էլ են առաջարկել, բայց ինքը հրաժարվել է, Տիգրան Գասպարյանի դեպքում ինչպե՞ս է եղել, երկա՞ր եք նրան համոզել ստանձնել գլխավոր ռեժիսորի պաշտոնը:



- Բոլորը հասկանում են, որ այդ պաշտոնին գալով՝ իրենց վիճակը չի հեշտանում, այլ բարդանում է: Օրինակի համար ես ասեմ, որ այդ պաշտոնը մենք առաջարկել էինք նախկին փոխնախարար Դավիթ Մուրադյանին, որն ասել էր՝ շատ բարդ է, ես հրաժարվում եմ: Նույնն էլ ինքը. հիմա երկար գցել-բռնել ա, բայց համենայնդեպս քանի որ ես էլ կոնկրետ իրեն առաջարկություն եմ արել, թողնելով բոլոր տեսակ կարծիքները, քննարկումները, համաձայնեցրել եմ ու ամսի 9-ով հրամանը տվել եմ:



- Ասում են՝ կոլեկտիվը լավ է ընդունել նորանշանակ գլխավոր ռեժիսորին:



- Ընդունել է ծափահարություններով, ժողովին մասնակցել է թատրոնի ստեղծագործական կազմը եւ բոլոր արտադրամասերի ղեկավարները՝ 50-60 մարդ: Իսկ առատ ծափահարությունները ես մենակ չեմ կապում նրա հետ, որ կոնկրետ Տիգրան Գասպարյանն է: Առաջինը նրա հետ, որ վերջապես հարցը լուծվեց, եւ երկրորդ, որը շեշտվեց նաեւ անձնական ելույթներում, որ գլխավոր ռեժիսորը եղավ սունդուկյանցի եւ ոչ թե ուրիշ մարդ, որը նոր պիտի հասկանար սունդուկյանցու ով լինելը: