Էգոն Շիլե. Մեծ բացեր

Էգոն Շիլե. Մեծ բացեր

Շիլեի նկարներից նայող աղջիկները երբեք չեն ցուցադրում իրենց աչքերի քնքշությունն ու հեշտանքի ցնցումներին դիմավորող հայացքը, նրանք ազատ լինելու երջանկության հաճույքից քարացնում են, պարզապես շեղում իրականության շարժումների ու կորցրած թափանցիկության սլաքը: Շիլեն ազնիվ մի նկարիչ չէ, ու ընդհանրապես իսկական արվեստագետի վերջնական երազանքը անազնվորեն կեղծ ազնվության դեմ ապստամբությունն է, դրա վերջնական ոչնչացումը՝ որպես կատարյալ գեղեցկության հասնելու վտանգավոր արարչություն:



Շիլեն ազնիվ չէ, բայց նրա նկարներին անազնվության մեջ մեղադրել՝ նշանակում է մեղադրել սեփական մարմնի գոյությանը, շոշափել նրան ու չհավատալ շոշափելիքի բացահայտ համոզմունքներին, երջանկություն պարգեւող նրա արատավոր խառնվածքին: 28 տարի ապրել հանուն «պոռնիկների ու պոռնկության», ԲԱՑԻ արվեստի կոպիտ գեղեցկության ճակատային փառաբանման, եւ ով կարող է ասել, ով համարձակություն կունենա հաստատապես պնդելու, թե պոռնիկների մերկ մարմինները հասանելի են աշխարհի ու աշխարհի ռիթմը կենտրոնում մի կերպ պահող տղամարդկանց համար: Եվ տարօրինակ է իսկապես` ում են նայում Շիլեի կախարդող, գրեթե զառամյալ հեշտոցները, հեշտոցների խունացած ու հավերժական տատանումից առաձգականացած վարդագունատ, երանգի համար դեռ պայքար տվող ոլոր պռունկները, արկղերում ձմեռվա տանձերի տխրությամբ թոշնած կրծքերը` երկու մատների արանքում աքցանված՝ գուցե հոգու խորքում դեռ մայրություն երազող վառվռուն պտուկներով, ում են պատկերվում Շիլեի՝ միմյանց փարված զույգերի չոր, կանխատեսելի գծերը, որոնց մեջ խտացած են հոգեկան ու ֆիզիկական սիրո վայրի մղումներ, եթե ոչ տարածության ակնթարթին ու անցողիկության ժպիտին: Հայացք հայացքի համար. ինքնաբավ մերկություն. ինչպես որ է` առանց սեթեւեթումների ու կոկումների` ինքնին ռոմանտիկ, որովհետեւ հեշտանքը չի բացատրվում, եւ հաճույքի հրաբուխը  մոռացության է մատնում իրականությունը, լքելով տեսանելի ու ճանաչելի բոլոր իրերը, շրջապատող մարդկանց, ամոթի տգիտությունը: Շիլեի նկարներում դեռահասության թախիծը արտացոլվում է բացության խիզախությամբ: Տկար աղջիկների հալվող կոնքերը, չհասունացած, խմորե ոսկորները, դեռեւս լրիվ չհյուսվածքավորված մաշկը, աշխատանքից սեւացած ու ջախջախված ձեռքերը, տագնապով ու խորհումներով լեցուն նրանց աչքերը լոկ այլաբանություններ ու ինքնագլուխ փախուստներ չեն. Շիլեի մոտ անորսալին ակնհայտն է, այլասեռ պղծությունը` սարսռելու աստիճան հավատք ներշնչող ճշմարտություն, որը չտեսնելու համար մարմնից բաժանվել ու առանձնության մեջ ապրել է պետք` իբրեւ եթերային, քամու գույն ունեցող մի արարած: Էրոտիզմը, որպես այդպիսին, Շիլեի գործերում բացակայում է: Էրոտիզմի համար Շիլեն լուռ, է, նուրբ` ծակող ցայտունությամբ, իսկ պոռնկագրական շեշտադրումները չունեն վերջնահանգումներ, դրանք միշտ կիսատ են` կասկածներ հարուցող, թերեւս պոռնկությունը Շիլեի քսվածքներում իր հանճարեղության մեծամիտ ցուցադրությունն է, նրա տաղանդավոր կրքի մանկամտությունը:  Էգոն Շիլեի կանայք, նրա անհասունություն-աղջիկները, միմյանց մեջ մխրճված զույգերն ու ինքնանկարները մերկ չեն` բաց են. բայց ոչ աշխարհի, ոչ մարդկանց, ոչ սեփական մենակության ու ոչ էլ անզուսպ կրքի առջեւ, այլ բաց են անտարբերության, միապաղաղության, հաճույքի ինքնահոսության ու սիրո պայթյունների առջեւ, բաց են՝ որպես չպարտադրվող գեղեցկություններ: