Թումանյանի տունը փրկելու հետքերով

Թումանյանի տունը փրկելու հետքերով
Օրերս մամուլում կրկին աղմուկ բարձրացավ Թբիլիսիում գտնվող Հովհաննես Թումանյանի տան շուրջ, որն ուզում է գնել ինչ-որ «Turan Georgi» ընկերություն եւ այն դարձնել հանրակացարան: Այս առիթով երեկ լրագրողների հետ հանդիպեցին ՀԳՄ նախագահ Լեւոն Անանյանն ու Թումանյանի թոռնուհի Իրմա Սաֆրազբեկյանը, որը նշեց, որ խոսքը գնում է ոչ թե Վերնատան, այլ Թումանյանի վերջին տան մասին, որտեղ Թումանյաններն ապրել են 1909-1923 թվականը, բայց անգամ բանաստեղծի մահից հետո Թումանյանի քույրերն ու այդ թվում տիկին Իրման մինչեւ 1950 թվականն այդ տանն են ապրել: Իսկ 52-ին Թումանյանի բոլոր իրերը տեղափոխվում են Երեւան, որտեղ արդեն գոյություն ուներ Թումանյանի տուն-թանգարանը:



Տիկին Իրման պատմեց, որ Թումանյանի տունը բաժանված է 2 մասի. մի մասում, որի մեջ 2 սենյակներ են մտնում, այսօր էլ ապրում է Թումանյանի ծոռնուհին՝ Ալյոնան, իսկ մնացած 4 սենյակները դեռ 37-ին դարձել են Թումանյանի գրադարանը: Բայց ստացվել է այնպես, որ 90-ական թվականներին վրաց կառավարությունը, չունենալով գումարներ, գրադարանների պահպանման համար դիմել է իր մեծահարուստներին, որոնք գումար են տրամադրել, բայց երբ այդ գործարարները պահանջել են իրենց գումարը, պետությունը, որ արդեն դրամ չուներ, Թբիլիսիի 16 գրադարանները, այդ թվում եւ Թումանյանինը, տվել է տարբեր մեծահարուստների: Լեժավա անունով գործարարին բաժին է հասել Թումանյանի գրադարանը: Բայց սա էլ 2004-ին վթարի է ենթարկվել եւ 25 հազար դոլարի դիմաց առաջարկել ազատել տունը: Այդ ժամանակ տիկին Իրման դիմել է շատերին՝ այդ թվում նաեւ նախարարին, բայց ոչ ոք գումար չի տվել: Իրավիճակն այդպես շարունակվել է մինչեւ 2008-ը, երբ տունը վաճառելու իրենց մտադրության մասին այս անգամ նորից հիշեցնրել է Լեժավայի որդին, ու, քանի որ այդ ժամանակ նույնպես գումար չի գտնվել, գրադարանը լուծարվել է, գրքերը հանվել են տնից, եւ առանձին դուռ է դրվել: «1998-ից այդ տան համար պայքար է գնում, ու այսօր կանգնեցինք այն փաստի առաջ, որ Արշիլ Լեժավան որոշել է վաճառել այդ 4 սենյակը»,- նշեց տիկին Իրման, որի խոսքին վրա եկավ Լեւոն Անանյանն ու հիշեցրեց, որ դեռեւս 2007-ին է Թումանյանի անվան գրադարանը Թբիլիսիում դրվել վաճառքի: Այն ժամանակ Անդրանիկ Մարգարյանը խոստացել էր օգնել եւ լուծել 25-40 հազար դոլարի այդ հարցը, բայց նրա անժամանակ մահվան պատճառով այդ հարցը մնաց օդում կախված, մինչեւ վրացի սեփականատերը կրկին որոշեց վաճառել այն:



«Լավ կլիներ, որ ամբողջ տունը գնեինք, բայց դա շատ թանկ է, իսկ այդ դեպքում լավ կլինի, որ գոնե վերեւի հարկը լինի հայ մշակութային կենտրոն»,-նշեց Թումանյանի թոռնուհին եւ հավելեց, որ երեկ ծոռնուհուն՝ Ալյոնային, մոտեցել է այդ «Turan Georgi» ընկերության ներկայացուցիչը եւ առաջարկել վաճառել նաեւ իր տարածքը՝ խոստանալով գումարն անմիջապես տալ: «Վաճառքի խոսակցությունները գնում են, բայց դեռ գործարք չի կատարվել, եւ տունը դեռ գտնվում է Լեժավայի տնօրինության տակ, որտեղ արդեն վերանորոգում է գնում, եւ հիմա հարկավոր է ամեն ինչ անել, որ գործարքը չկատարվի: Ալյոնան ինձ ասաց, որ եթե Լեժավան վաճառի իր տարածքը, որպես մշակութային կենտրոն, եւ դա հանձնի հայկական համայնքին, ապա նա եւս համաձայն է վաճառել իր տարածքը, մնացած դեպքում՝ ոչ»: Լեժավայի ընկերն էլ իր հերթին հայտնել է տիկին Իրմային, որ ինքն ամեն ինչ կանի, որ այդ հատվածը վաճառվի հայերին եւ մատչելի գներով:



Բայց պարոն Անանյանը շտապեց նաեւ բարի լուրն ավետել. երեկ վարչապետն ընդունել է Անանյանին ու Հասմիկ Պողոսյանին եւ պատրաստակամություն հայտնել լուծել այդ հարցը: Ու քանի որ Թբիլիսիից ստացվող տեղեկատվությունը հակասական է, ըստ ՀԳՄ նախագահի, ապա իր գլխավորությամբ պատվիրակություն է ձեւավորվել, որն այսօր մեկնելու է Թբիլիսի՝ տեղում իրավիճակին ծանոթանալու համար եւ, ինչպես ինքը նշեց, կանխելու այն գործարքը, որը պետք է տեղի ունենա Լեժավայի եւ «Turan Georgi» ընկերության միջեւ: Իսկ թե որտեղից է փող գտնելու դրա համար, նա վստահաբար նշեց, որ կառավարությունը տեր է կանգնելու. «Բա ինչի՞ է պետությունն ինձ գործուղում, վարչապետն ասաց, որ ամեն ինչ պիտի անեն»: Բնականաբար, գումարի չափն էլ այս տարիների ընթացքում 25 հազարից ավելացել է՝ մոտ 70 հազար, իսկ թե կոնկրետ ինչքան՝ պիտի տեղում ճշտեն: Թե ինչ կլինի, եթե բանակցությունների արդյունքում միասնական եզրահանգման չգան՝ Անանյանը նախ տիկին Իրմային թույլ չտվեց ասել եւ ինքն էլ չասաց, թե ինչ են որոշել անել այդ դեպքում՝ խոստանալով առուն թռնելուց հետո ասել «հոպ»: Իսկ պատվիրակության կազմում, ըստ ՀԳՄ նախագահի, 2-3 հոգի են լինելու՝ մտավորականներ, թե ովքեր՝ չցանկացավ մանրամասնել:



ՀԳ - Թումանյանի տուն-թանգարանի տնօրեն Նարինե Թուխիկյանից փորձեցինք ճշտել՝ ընդգրկվա՞ծ է արդյոք պատվիրակության կազմում: Պարզվեց ՝ ոչ. նրա կարծիքով՝ դրա կարեւորությունը չկա, ինչպես նաեւ չկա խանդի գործոնը, կարեւորը՝ հարցը լուծվի, որովհետեւ շենքը շատ վթարային վիճակում է, ու պետք է ակտիվ լինել եւ արագ կողմնորոշվել: «Մենք ունենք թանգարանում այդ փաստաթուղթը, որ 20-ականներին Վրաստանի իշխանությունն այդ շենքն անհատույց տվեց Թումանյաններին՝ որպես մի ընտանիքի, որը մեծ լումա ուներ նաեւ վրաց իրականության մեջ, բայց հստակ չգիտեմ՝ 30-ական թվականներին Թումանյանի կի՞նն է այդ հարցը բարձրացրել, թե՞ նրան են ստիպել, որ բնակարանի մի հատվածը տա քաղաքային իշխանություններին, որպեսզի այնտեղ գրադարան բացվի: Գիտեմ, որ Թումանյանի կինը՝ տիկին Օլգան, պայման էր դրել, որ գրադարանը կոչվի Թումանյանի անունով, եւ այդպես էլ եղավ, ու մինչեւ 2009-ը այդ գրադարանը կոչվում էր Թումանյանի անվան թիվ 13 մանկական գրադարան, իսկ 2009-ին այնտեղ էլ օպտիմալացման գործընթացներ սկսվեցին, եւ, իբրեւ չափերով փոքր գրադարան, այն պիտի միանար մեկ ուրիշի»: Դրա համար էլ, Ալյոնայի հարկաբաժնից բացի, որը ժամանակին սեփականաշնորհվել է, այժմ տան գրադարանի հարկաբաժնի վրա Թումանյանի ժառանգները չունեն սեփականության որեւէ իրավունք: Իսկ, ինչպես նշեց Թուխիկյանը, այնտեղ արդեն, պատերից բացի, ոչինչ չկա Թումանյանից, որովհետեւ Երեւանում տուն-թանգարանը կառուցվելուն պես ամբողջ ունեցվածքը տեղափոխվել է այստեղ: