Թումանյանի տունը փրկեցի՞ն, թե՞ չէ

Թումանյանի տունը փրկեցի՞ն, թե՞ չէ
Օրեր առաջ Հովհաննես Թումանյանի թբիլիսյան տան շուրջ բարձրացված աղմուկը, կառավարության օպերատիվ արձագանքը, ինչպես նաեւ ՀԳՄ նախագահ Լեւոն Անանյանի գլխավորությամբ «փրկարար» ջոկատի գործուղումը Թբիլիսի շատերին զարմացրեց, բայց կրկնակի զարմացրեց այն փաստը, երբ պատվիրակությունը տեղում հայտնվելուն պես պարզեց, որ վրացի գործարարը մտադրություն չունի Թումանյանի տունը վաճառել. անգամ իմանալով, որ տունը պատկանել է հայ մեծանուն գրողին, չի համարձակվել նույնիսկ տանը կպչել՝ նորոգել, ուղղակի որոշել է ամուսնանալ եւ քանի որ այլ բնակարան չունի, պատրաստ է տունը փոխանակել այդ թաղամասում գտնվող մեկ այլ համարժեք բնակարանի հետ: Իսկ փոխանակում նշանակում է, որ հայկական կողմը պետք է առնվազն 70 հազար դոլար տրամադրի եւ գնի Թումանյանի տունը վրացուց:



Այս օրերին նույնիսկ մամուլում գրվեց, որ նախընտրական PR-ի համար ԲՀԿ-ն ու ՀՀԿ-ն առանձին-առանձին բանակցում են վրաց գործարարի հետ՝ փորձելով գնել Թումանյանի բնակարանի վաճառվող հատվածը: Կա նաեւ մեկ այլ տարբերակ՝ հնարավոր է, որ Թբիլիսի հասնելուն պես պատվիրակությունը հայտնաբերել է տունն արդեն վաճառված ու ստիպված է նույն թաղամասում մեկ այլ տուն առնել՝ փոխարինելով մեկը մյուսով:



«Նա հիմա ուզում է համարժեք տուն իր 120 մետրի դիմաց, նա այնքան խելոք է, որ հասկացավ՝ եթե հետաքրքրություն կա, ուրեմն կարելի է նաեւ այդ ձեւով ասել»,- մեզ հետ զրույցում ասաց Թումանյանի թոռնուհին՝ Իրմա Սաֆրազբեկյանը, ապա նշեց, որ հիմա պատվիրակության հետ միասին սպասում են, թե երբ է վարչապետն իրենց ընդունելու եւ ինչ լուծում է տալու հարցին: