Ո՞րն է երաշխիքը

Ո՞րն է երաշխիքը
Ընտրական գործընթացները թեթեւ, աննկատ մտնում են մեր կյանք: Նախօրեին իշխող կոալիցիայի ղեկավարների վճռորոշ հանդիպումն է կայացել, որի ժամանակ որոշակի պայմանավորվածություններ են ձեռք բերվել: Բոլոր կուսակցություններում աշխույժ քննարկումներ են գնում, թե ով որ տեղն է ցուցակում զբաղեցնելու, ով որ տարածքում է առաջադրվելու: Երեկ արդեն ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի Ընտրությունների դեպարտամենտի ներկայացուցիչներն են Հայաստանում հանդիպումներ ունեցել քաղաքական ուժերի ղեկավարների հետ: Դիտորդական մեծ առաքելություն է սպասվում այս ընտրություններին, եւ քաղաքակիրթ աշխարհն, ասում են, շատ ուշադիր հետեւելու է մեր խորհրդարանական ընտրությունների ընթացքին: Կհաջողվի՞ արդյոք մաքուր, հարթ եւ անցնցում ընտրություններ անցկացնել: Այնպիսի ընտրություններ, որ հասարակությունը հավատա դրանց արդյունքներին: Թե՞ սուտասանի տան հրդեհի նման ինչ էլ անեն, վերջում ասելու ենք՝ ընտրությունները կեղծվել են, ու մեր ձայնը գողացվել է: Մեր 20-ամյա պատմության դասերն անհետեւանք չեն անցնում: Աչքը տեսածից է վախենում, եւ լավ է մարդու աչքը դուրս գա, քան անունը, ասում են ժողովրդական ասացվածքները: Ի վերջո, ինչպե՞ս անել, որ ընտրությունների անցկացման պատասխանատվությունը կիսեն նաեւ մեր բոլոր համաքաղաքացիները: Ինչպե՞ս անել, որ նրանց մասնակցությունը պասիվ հայեցողությունից ավելին լինի: Ո՞րն է նորմալ ընտրություններ անցկացնելու բանալին: Ոմանք կարծում են, որ երաշխիքը Ընտրական սուպեր օրենսգիրքն է: Մյուսները պնդում են, որ, ասենք՝ մատները թանաքոտելու կամ ընտրացուցակներն ինտերնետում հրապարակելու հանգամանքը կփրկի մեզ կեղծիքից: Կամ՝ վստահված անձերի կուռ շարքերը: Կամ՝ քվեատուփերի մոտ գիշեր ու զօր հերթապահելը: Անձամբ ես խիստ կասկածում եմ: