Ձյունը իր երգն է երգում

Ձյունը իր երգն է երգում
Ձյուն է գալիս: Այս բացականչության մեջ մեկն ուրախություն է դնում, մյուսը՝ սարսափ, երրորդը՝ հոգս: Այս սպիտակ գեղեցկությունը, որ մի քանի ժամում պատեց ամբողջ Հայաստան աշխարհը, մեզնից ոմանց ռոմանտիկայի ու մանկության գիրկը տարավ, մյուսներին լրացուցիչ դժվարություններ բերեց: Ահա 30-ամյա հասուն տղաները, ձնագնդիներն առած, ընկել են աղջիկների ետեւից: Իսկ խանութի տարեց աշխատողները բակում ձնեմարդ են պատրաստում: Բայց այս ձյունը միայն հրճվանք չի բերել, այլ նաեւ խնդիրներ. տրանսպորտ գտնելը, աշխատանքի հասնելը բարդացել է: Նրանք, ովքեր հնարավորություն ունեին, երեկ մնացին տանը: Մյուսները ստիպված էին դուրս գալ եւ հաղթահարել բնության ստեղծած դժվարությունները: Իսկ եթե ձյունը երկարի՞: Պատկերացնո՞ւմ եք ինչքան կարող է բարդանալ մեր կյանքը, եւ ինչ հետեւանքներ կարող է դա ունենալ: Ես սարսափով մտաբերում եմ անլույս, անգազ, անջուր տարիները: Այդքան ուժ կգտնե՞նք մեր մեջ՝ հաղթահարելու հանկարծահաս դժվարությունները, ինչպես անում էինք պատերազմի տարիներին: Իսկ ի՞նչ է փոխվել այդ տարիների համեմատ. մենք ավելի ուժեղ ու հզո՞ր ենք դարձել, ավելի պատրաստվա՞ծ բնության եւ ճակատագրի հարվածներին: Թերեւս բնությունն ու ճակատագիրն են ավելի խնայող եղել այս բոլոր տարիներին: Եվ ինչքան ուզում է Կամո Արեյանը խրոխտ ձայնով հայտարարի, որ քաղաքը մաքրվում է, վիճակը կառավարելի է քաղաքապետարանի կողմից, եւ ոչ մի ճանապարհ մայրաքաղաքում փակ չէ, մենք հո գիտե՞նք, որ այդպես չէ: Ավելին՝ երեկ բոլորի գլխում նույն հարցն էր պտտվում. եթե ձյունն այս ռիթմով մի քանի օր տեղա, հանրապետությունում կյանքը կանգ կառնի, կաթվածահար կլինի, անգամ կենսական անհրաժեշտության իրերի ու ծառայությունների դեֆիցիտ կարող է առաջանալ: Հուսանք բանը դրան չի հասնի: