Հավատի դեֆիցիտ

Հավատի դեֆիցիտ
Նորից արթնացան իշխանական սոցիոլոգներն ու քաղաքագետները: Սկսվել է ժողովրդի ուղեղների լվացման հերթական փուլը: Ամենաակտիվն անշուշտ հայտնի Ահարոնն է՝ Ադիբեկյան: Որ համոզիչ ու անհաղորդ ձայնով «ճշմարտանման» թվեր է հրապարակում՝ հուսալով, որ ազդեցություն կունենա: Մարդը դրանով է հաց վաստակում՝ պետք չէ մեղադրել: Ակումբից ակումբ շրջող ասուլիսների կարոտախտ ունեցող անձինք էլ են գործի անցել: Դե, եւ ակումբներն են շատացել: Եվ ակումբավարների ֆանտազիան էլ հրապարակում եղած մարդկանցից այն կողմ չի անցնում: Իշխանությունն էլ այս ասող-խոսողներին գործուղում է ասել-խոսելու: Թե ինչ կխոսեն, այնքան էլ կարեւոր չէ: Ամեն մեկը մի դերակատարում ունի՝ մի մեսիջ, մի թիվ, մի ներշնչում հանրությանը փոխանցելու առաքելություն: Իշխանական «փիառշչիկները» քարոզչության իրենց կոնցեպտն ունեն: Քանի դեռ քվեարկության պահը չի եկել, կլվանան մարդկանց ուղեղները, իսկ եթե արդյունք չտա՝ կեղծելը կա ու կա: Բայց հասարակությունն այլեւս առաջվանը չէ, եւ տարեցտարի հին տեխնոլոգիաներով իշխանություն պահելն ավելի ու ավելի է դժվարանում: Ահարոնադիբեկյանների ռեսուրսն էլ է մաշվում: Մի 10 տարի առաջ նրա հրապարակած թվերին դեռ հավատում էին, բայց հիմա, ինչքան էլ «Հայլուրով» պտտեցնեն, հավատացողները նվազել են: Մարդիկ ավելի շատ հավատում են իրենց հարեւանին-բարեկամին, «դեղին մամուլին», «Ֆեյսբուքում» կարդացածին, քան հեռուստաէկրանից լսածին: Մանավանդ էկրանը վարկաբեկում է այնտեղ հաճախ հայտնվողներին: Եվ չվարկաբեկված անձի հեղինակության վրա հույս դնելն էլ ճիշտ չէ: Մի խոսքով՝ կեղծ «փիառի» ժամանակներն անցել են: Մարդիկ անկեղծ ու ազնիվ խոսք են ուզում լսել: Իրական թվեր ու փաստեր: Հոգնել են «մուտիլովկեքից»: