Ոչ մի պոռթկում

Ոչ մի պոռթկում
Ռուսաստանի Դաշնությունում ծավալվող վերջին իրադարձություններին հետեւելիս անընդհատ արձանագրում էի, որ մեզանից ավելի վատ վիճակում գտնվող պետություն ու հասարակություն էլ կա: Չէ՞ որ տարբեր «կարուսելների ու լցոնումների» փուլը մենք վաղուց ենք անցել, եւ փողոցային պայքարն էլ մեզանում շատ ավելի է զարգացած, եւ ընդդիմության նմանվող զանգված էլ ունենք: Բայց մի ասպարեզում մենք անասելիորեն հետ ենք ռուսներից: Դա անհատական մակարդակում դրսեւորվող ընդվզումն է, հայտնի մտավորականների պոռթկումը, որը բռնկվում է մեկ այստեղ, մեկ այնտեղ եւ իր ետեւից տանում ռուսական հասարակության առողջ հատվածին: Կարո՞ղ եք ինձ բացատրել, թե ինչու մեզանում չկան Քսենյա Սոբչակներ, Լեոնիդ Պարֆյոնովներ կամ Վլադիմիր Պոզներներ, ովքեր թեեւ ողջ կյանքում աշխատել են իշխանական հեռուստատեսությունում եւ ծառայել իշխանությանը, սակայն վճռական պահին կարող են կանգնել իրենց ժողովրդի կողքին եւ չվախենալ խոսել իշխանության դեմ: Մի պահ պատկերացնենք, որ Գեւորգ Ալթունյանը կամ Արթուր Բախտամյանը հաղթահարում են իշխանական հեռուստամեկնաբանի իրենց կոմպլեքսն ու ՀՀԿ-ի դեմ քվեարկելու կոչ անում: Կամ՝ իշխանություններից պահանջում են արդար ու թափանցիկ ընտրություններ անցկացնել: Կամ՝ կոչ են անում մարդկանց քվեարկել ՀԱԿ-ի օգտին: Չեք պատկերացնում, չէ՞: Մեզանում դա ֆանտաստիկայի ժանրից է: Մեզանում նման անակնկալներ, որպես կանոն, չեն լինում: Մեզանում կերակրատաշտից մի միլիմետր հեռացողներին համարում են սամուրայներ, հոգեկան հիվանդներ: Դրանք ըստ էության չկան էլ: Եվ սա շատ ցավալի է: Սա մեր մտավորականության տեսակի մասին է խոսում: Մեր ժողովրդի գենի որակի մասին: Իսկ թե մտավորականդ հարմարվող է ու ստրկամիտ, ազգիդ թռիչքն էլ ուռենու բարձրությունից չի անցնի: