Ժարիտ գրիշը սպառնում է պատանդ վերցնել Ադրբեջանական պատվիրակությանը

Ժարիտ գրիշը սպառնում է պատանդ վերցնել Ադրբեջանական պատվիրակությանը
Երեկ խմբագրություն էր զանգահարել «Փառապանծ ազատամարտիկների միության» նախագահ, ոստիկանության հատուկ ջոկատների վետերանների միության նախագահ Գրիշա Սարգսյանը եւ 18 այլ հասարակական կազմակերպությունների անունից դժգոհություն էր հայտնում Գյումրիում կազմակերպվելիք ադրբեջանական ֆիլմերի փառատոնի առիթով: Գրիշա Սարգսյանը խրոխտ ձայնով սպառնում էր քաղաքացիական անհնազանդություն հայտնել այդ կապակցությամբ: Բայց ամենազավեշտալին այն է, որ վերջինս սխալ է հասկացել փառատոնի էությունը: Նա մտածել է, թե փառատոնի շրջանակներում  Հայաստան է ժամանելու ադրբեջանական պատվիրակություն, ինչպես, ասենք, լինում է «Ոսկե ծիրան» հեղինակավոր փառատոնի ժամանակ, եւ պատրաստվում էր հենց օդանավակայանում պատանդ վերցնել պատվիրակության անդամներին ու ջարդել նրանց բերած ֆիլմադարանը: «Ադրբեջանի նախագահի վերջին արտահայտությունից հետո, երբ մեզ տեռորիստ, ֆաշիստ, զավթիչ անվանեց, չենք ցանկանում մեր թշնամիներին տեսնել Հայաստանում՝ խրախճանքների եւ ֆիլմերի ցուցադրման պատճառով: Մենք մեր սահմանադրական իրավունքն օգտագործելու ենք, քաղաքացիական անհնազանդություն ենք հայտարարելու: Ես կլինեմ առաջնորդ դրոշակակիրը:  Մենք կոչ ենք անում կանխել մեր թշնամիների այցը Հայաստան եւ ֆիլմերի փառատոնն անցկացնելը Գյումրի քաղաքում»,-հայտարարեց Սարգսյանը: Պարոն Սարգսյան, հանգստացեք, ոչ մեկին պատանդ վերցնելու անհրաժեշտություն չկա, ոչ մի ադրբեջանցի Հայաստան չի ժամանում:



ՀԳ - Ադրբեջանական ֆիլմերի փառատոնը պետք է կայանար երեկ, Գյումրիի «Ասպարեզ» լրագրողական ակումբում, սակայն ակումբի մոտ մեծ թվով քաղաքացիներ ակցիա են արել՝ խոչընդոտելով փառատոնի անցկացմանը: Անգամ մեղադրանքներ էին հնչել «Ասպարեզի» նախագահ Լեւոն Բարսեղյանի հասցեին, ով պատասխանել էր, որ իրենց դահլիճից օգտվելու իրավունք ունեցել են բոլոր ցանկացողները, եւ ինքը չի պատրաստվում վերանայել իր սկզբունքները: Կազմակերպիչների խոսքով, փառատոնը Գյումրիում չի կայացել միայն մասնակիցների անվտանգության նկատառումներից ելնելով: Չնայած երեկ լրատվամիջոցները միաբերան գրեցին, որ այն տապալվեց, սակայն, կազմակերպիչներից մեկի խոսքով, փառատոնն իրենք իրականացրել են Գյումրիից Երեւան վերադառնալու ճանապարհին, դաշտային պայմաններում, առաջին պատահած պանդոկում, որին մասնակցել է 20-25 մարդ: Իսկ այսօր որոշ բլոգերներ պատրաստվում են ասուլիս տալ արդեն ավարտված ադրբեջանական փառատոնի դեմ: