Ամեն մեկն իր խմբակցությունն ունի

Ամեն մեկն իր խմբակցությունն ունի
ԱԺ առաջին նիստի ընթացքում պարզվեց, որ չհայտարարված «խմբակցություններից» ամենաստվարը Աղվան Հովսեփյանինն է. ՀՅԴ-ից, «Ժառանգությունից» հետո խորհրդարանում նրա «խմբակցությունն» է, որն ունի չորս պատգամավոր` Վրեժ Մարկոսյան, Ռուբեն Հովսեփյան,  Գարեգին Նուշիկյան` «պլյուս-մինուսով», Սամվել Ալեքսանյան: Առաջին երեքը նախորդ օրը, միմյանցից անբաժան, քայլում էին ԱԺ միջանցքներով, նայում-ուսումնասիրում-հետազոտում էին ԱԺ-ն: Հարցումից պարզվեց, որ ապարանյան ծագման «խմբակցությունն» ամենից շատ «ցնցված» է ԱԺ-ի, ինչպես բնորոշել է Հովիկ Աբրահամյանը, «ա լա քինգ Արթուր» կառուցված օվալաձեւ դահլիճից: «Շատ հետաքրքիր է, շատ. դահլիճն էլ, ամեն ինչն էլ, սարքավորումներն էլ»,- ասաց Վրեժ Մարկոսյանը, որի կողքը կանգնած Ռուբեն Հովսեփյանն էլ շատ ջիգյարով  ու խորիմաստ գլխով էր անում` հա՛: Չնայած «սարքավորումների» մասով պետք էր դիմել արդեն Վովա Գասպարյանի «խմբակցությանը», որի անդամը, ինչպես հայտնի է, Դավիթաշենի նախկին թաղապետ, Գասպարյանի փեսա Արթուր Գեւորգյանն է:



Հայտնի է, որ Վովան եթե նույնիսկ թատրոն է գնում, անկախ իրենից, «ժուչոկապատում է» մեկից մինչեւ 30-րդ շարքը` առաջին 30 վայրկյանին: Գասպարյանի «խմբակցության» անդամ Արթուր Գեւորգյանը, դեռ չլսած մեր հարցը, քաղաքավարի խնդրեց՝ թույլ տալ ինտեգրվել ու ԱԺ-ին. «Հետո նոր բոլոր հարցերին կպատասխանեմ, խնդրում եմ մի քիչ համբերեք»` «սարքավորումների» ու «խմբակցության» թվաքանակի հարցերը նրբորեն շրջանցելով: