Դարձ ի շրջանս յուր

Դարձ ի շրջանս յուր
Կարո՞ղ եք ասել՝ ո՞ր արժանիքների եւ այդ ի՞նչ փայլուն աշխատանքի համար իր պաշտոնին մնաց ՀՀ վարչապետը: Թվում է՝ վերջին հինգ տարվա ընթացքում մեր երկրի տնտեսությունը միայն հետընթաց է ապրել, եւ տարրական տրամաբանությամբ առաջնորդվելու դեպքում նա պետք է իր տեղը զիջեր որեւէ այլ՝ ավելի կոմպետենտ մեկի: Բայց քանի որ մեզանում բոլոր չափանիշները խախտված են, վարչապետ աշխատելու միակ չափանիշը մնացել են Սերժ Սարգսյանի կամքն ու Հանրապետականի որոշումը: Այնպես, ինչպես ցանկացած մակարդակի պաշտոնյայի պաշտոնավարման չափանիշը ընտրություններում նրա բերած ձայներն են ու հավատարմության, նվիրվածության աստիճանը: Ասենք, ինչպե՞ս պատահեց, որ մի քանի ամիս առաջ անվստահություն առաջացրած անձը, որին չզլացան խորհրդարանի ավարտից մոտ վեց ամիս առաջ հետ կանչել ԱԺ նախագահի պաշտոնից, հանկարծ արդարացրեց իրեն եւ արժանացավ կրկին այդ աթոռին նստելու պատվին: Պատճառը նորից պետք է փնտրենք իշխանավորների ներանձնային հարաբերությունների, ընտրություններում նշված անձի դերակատարման մեջ: Կամ՝ ո՞րն է բնապահպանության նախարար Արամ Հարությունյանի երկարակեցության գաղտնիքը: Ի՞նչ է, բնությունը նրա օրոք Հայաստանում ծաղկե՞լ է, բնապահպանական բոլոր խնդիրները լուծվե՞լ են, բնապահպանական հզոր ծրագրե՞ր են իրականացվել: Անշուշտ՝ ոչ: Այստեղ եւս բոլորովին այլ պատճառներ կան: Մեզ՝ շարքային մահկանացուներիս ոչ հասու: Նորմալ երկրներում կառավարությունը հաշվետու է հասարակությանը՝ կախված ընտրովի մարմնից: Մեզանում անգամ ընտրովի մարմինը կախված չէ հասարակության կամքից ու վերաբերմունքից: Հենց դրա արդյունքում է ստեղծվել այս վիճակը, երբ ամեն ինչ ու բոլորը պայմանավորված են երկրի նախագահի ճաշակով, հայացքներով, նախասիրություններով ու կամքով: