Րաֆֆու մանդատի հարցն ուղիղ համեմատական է 2013-ին

Րաֆֆու մանդատի հարցն ուղիղ համեմատական է 2013-ին
Թեեւ «Ժառանգությունից» մոտ մեկ ամիս թմբկահարում էին, որ հունիսի 2-ին կուսակցության արտահերթ համագումարում կտրվեն բոլոր հարցերի պատասխանները, սակայն  համագումարում այդպես էլ հստակ պատասխաններ չտրվեցին  ոչ խմբակցության ձեւավորման շուրջ ծագած խնդիրներին, ոչ էլ 2013-ի նախագահական ընտրություններում «Ժառանգության» ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանի թեկնածությունն առաջադրելու հարցին: Ավելին, զավեշտի հասնող եւ ամեն ինչ ավելի խճճող հայտարարություններ հնչեցին:Նախ Րաֆֆի Հովհաննիսյանը հայտարարեց, թե իբր խմբակցության արդյունավետ աշխատելու նկատառումով ինքը պատրաստ է նույնիսկ մանդատից հրաժարվել, ապա քիչ ուշ հավելեց, թե հարցը հանձնում է վարչության դատին: «Վարչությունն է որոշելու խմբակցության մասնակցության բանաձեւը»,- հայտարարեց  նա: Ի դեպ,  պաշտոնապես Րաֆֆի Հովհաննիսյանի մանդատի հարցը պետք է հստակեցվի սեպտեմբերին մեկնարկելիք ԱԺ նստաշրջանից առաջ: Մինչդեռ վերջին շրջանում «Ժառանգություն»-«Ազատ դեմոկրատների» շուրջ ստեղծված աղմուկից հետո տրամաբանորեն սպասելի էր, որ համագումարի ընթացքում  Րաֆֆի Հովհաննիսյանը վերջ կդնի այդ խնդրին, եւ վերջապես կձեւավորվի ԱԺ «Ժառանգություն» խմբակցությունը: Բայց Րաֆֆի Հովհաննիսյանն իրեն բնորոշ անհասկանալի ու անհստակ հայտարարություններ արեց եւ լիքը հարցականներ թողեց:



Մեր աղբյուրների  փոխանցմամբ՝ Րաֆֆու մանդատը վերցնել-չվերցնելու հարցն ամբողջությամբ պայմանավորված է 2013-ի նախագահական ընտրություններով: Եվ չնայած Հովհաննիսյանը հունիսի 2-ի համագումարում նախագահական ընտրություններում իր թեկնածությունն առաջադրելու մասին հարցին պատասխանել էր, թե ինքը «նախընտրում է լրիվ ուրիշ թեկնածություն պաշտպանել», իրականում այդքան էլ այդպես չէ: Պարզվում է՝ «Ժառանգության» ղեկավարը հույս ունի, որ մինչեւ սեպտեմբեր նախագահական ընտրությունների վերաբերյալ որոշակի հստակեցումներ կլինեն, ինչից էլ պարզ կդառնա իր՝ մանդատը վայր դնել-չդնելու հարցը:



Իր «նախընտրությունների» մասին բարձրաձայնող Րաֆֆի Հովհաննիսյանի ոչ հստակ եւ բազմաթիվ մեկնաբանությունների առիթ տվող պատասխանից կարելի է ենթադրել, որ ընտրությունների նախօրեին հայտարարություն կարվի, թե «նախընտրած» թեկնածուի բացակայության պատճառով ինքը՝ «Ժառանգության» առաջնորդն է առաջադրվելու: Իբր՝ կուսակցության անդամների կամ վարչության հորդորներին է տեղի տվել: Ի դեպ, «նախընտրած» թեկնածուի պահով երեկվա մեր համարում որպես տարբերակ չէինք բացառել, որ դա կարող է լինել ՀԱԿ-ից վերջերս առանձնացած եւ առավել արեւմտամետ կողմնորոշում ունեցող «Հանրապետություն» կուսակցության ղեկավար Արամ Սարգսյանը:



Թեպետ կարելի է պնդել, որ Րաֆֆին սպասում է «արեւմտյան» կենտրոնի «նախընտրությանը», որից էլ պարզ կդառնա՝ «Ժառանգության» ղեկավարը խորհրդարանո՞ւմ կշարունակի աշխատել, թե՞ նախագահական ընտրությունների նախապատրաստությամբ կզբաղվի: Նշենք նաեւ, որ Րաֆֆի Հովհաննիսյանը մինչ իր մանդատի հարցի լուծումը կբոյկոտի ԱԺ նիստերը եւ չի ներկայանա խորհրդարան: Սակայն դա չի խանգարի, որ «Ժառանգություն» խմբակցության մյուս 4 անդամները Ռուբեն Հակոբյանի ղեկավարությամբ մասնակցեն նիստերին:



Ի դեպ, Րաֆֆու՝ դեռեւս օդից կախված մանդատի հարցը լրատվամիջոցներում տարաբնույթ մեկնաբանությունների առիթ է տվել: Նորից խոսվում էր, որ «Ժառանգության» ղեկավարի՝ մանդատից հրաժարվելու հանգամանքն իրականում միտված է հանրային սեկտորի ներկայացուցիչ, ցուցակի 6-րդ հորիզոնականում գտնվող Թեւան Պողոսյանին խորհրդարան տանելուն: Մինչդեռ կուսակցության մեր աղբյուրները պնդում են, որ ինքնաբացարկի դեպքում Րաֆֆուն կփոխարինի մեկ այլ ժառանգական, այս դեպքում՝  8-րդ տեղում գտնվող Ստյոպա Սաֆարյանը: Իսկ հանրային սեկտորի հարցը, ըստ մեր աղբյուրների, նախօրոք է լուծվել, եւ նրանք բոլորն ինքնաբացարկի դիմումներ ունեն ներկայացրած, մնում է ամիս-ամսաթիվ ավելացնել դրանց տակ:



Այդ դեպքում ինչպե՞ս կլուծվի ցուցակի 7-րդի՝ «Ազատ դեմոկրատների» ներկայացուցիչ Մասիս Այվազյանի հարցը, քանի որ այստեղից բազմիցս են հայտարարել, որ ցուցակում տեղաշարժեր չեն լինելու, եւ իրենք չեն պատրաստվում ինքնաբացարկի դիմումներ ներկայացնել:  «Ժառանգությունում» լիահույս են, որ Րաֆֆու ինքնաբացարկի դեպքում դաշնակիցները մեծահոգաբար կզիջեն իրենց տեղը, քանի որ արդարացի չի լինի, որ «Ժառանգություն» խմբակցությունն ԱԺ-ում ներկայացված լինի 3 դեմոկրատներով եւ երկու ժառանգականներով: Այս կապակցությամբ լսեցինք Մասիս Այվազյանի կարծիքը:



Նա կրկին հիշեցրեց կուսակցության որոշումը ցուցակում տեղաշարժեր չանելու վերաբերյալ, հավելելով, որ այն չի փոխվել եւ չի էլ փոխվելու: «Կարծում եք արդարացի կլինի՞, որ  խմբակցությունում «Ժառանգության» ներկայացուցիչներն ավելի քիչ ներկայացված լինեն» հարցին Այվազյանը պատասխանեց. «Ցուցակը կազմելիս չորս հատ առաջին տեղ, 10 հատ երկրորդ տեղ չի եղել, այն կազմվել է կոնսենսուսով, փոփոխության մասին կետեր չկան, թե որ պարագայում ինչ փոփոխությունների է այն ենթարկվելու, ի վերջո այդ ցուցակը ուրիշը չի կազմել, եւ այն արդեն ներկայացված է ԿԸՀ ու որեւէ մեկի կարծիքը չի հարցնում»: Րաֆֆի Հովհաննիսյանը կարող է հայտարարել, որ իր մանդատն ուզում է իր կուսակցականին փոխանցել՝ պնդեցինք մենք «Ինքը մեկ ամիս առաջ կարող էր դուրս գալ եւ ուրիշ մեկին իր տեղը հանձնել»,- եզրափակեց «Ազատ դեմոկրատների» ներկայացուցիչը՝ ակնարկելով, որ բոլոր հարցերը պետք է լուծվեին ցուցակը կազմելու ժամանակ: