Մարտուն Գրիգորյանն իր պաշտպանության տակ է առել Աշոտ Գիզիրյանին

Մարտուն Գրիգորյանն իր պաշտպանության տակ է առել Աշոտ Գիզիրյանին
Մայիսի 6-ի ընտրություններում ԲՀԿ-ի գրանցած Գյումրվա հաղթանակն առավել խաթարել է հանրապետական քաղաքապետ Վարդան Ղուկասյանի ու մարզի ԲՀԿ-ական պատգամավորների հարաբերությունները: Մասնավորապես, յոլա չեն գնում թիվ 34 ընտրատարածքից ընտրված Մարտունիկ Գրիգորյանն  ու Վարդանիկ Ղուկասյանը, իսկ հարաբերություններն առավել սրվել են այն բանից հետո, երբ Վարդան Ղուկասյանի դստեր նշանածին ընտրություններից օրեր առաջ սպանեցին: Վերջինս  հայտարարեց, թե դա ԲՀԿ-ի ձեռքի գործն է, իսկ ԲՀԿ-ականներն  էլ հակադարձեցին, թե Վարդանիկի հերթական շառն է: Քաղաքապետի ախոյան Մարտուն Գրիգորյանն այն կարծիքին է, որ Ղուկասյանի շառերից են նաեւ այն լուրերը, թե ԲՀԿ-ի հաղթանակը պայմանավորված է այն հանգամանքով, որ իրենց իբր աջակցել է մարզպետ Աշոտ Գիզիրյանը: Ի դեպ, վերջինս արձակուրդում է եւ հնարավոր է, որ այլեւս չվերադառնա: Թեմայի շուրջ զրուցեցինք Մարտուն Գրիգորյանի հետ:



- Արման Սահակյանի նկատմամբ տարած Ձեր  հաղթանակը, որոշ խոսակցությունների համաձայն, ավելի շատ պայմանավորված էր այն հանգամանքով, որ իշխանությունը մեծ ջանքեր չգործադրեց իր թեկնածուին անցկացնելու համար:



- Ձեր ասած «ջանքեր գործադրելը» քանի՞ տեսակ պիտի լիներ: Դուք տեսաք, թե լրատվամիջոցներով ինչեր էին կատարվում, մեր հանդեպ ինչեր արեցին: Ինչ շառ ու շանտաժներ ասես՝ արեցին: Տարբեր դեպքերի հետ կապված՝ աշխարհի վատությունն արեցին, ինձանից սարքեցին չգիտեմ ինչ կրիմինալ կերպար, եսիմ ինչ հրեշ դարձրին, որ գյումրեցիների աչքից գցեին: Բայց չստացվեց, ժողովուրդը մեր հետ է ու ընտրությունների արդյունքում ժողովուրդն ընտրեց Գյումրիին:



- Մարզպետ Աշոտ Գիզիրյանի` ԲՀԿ-ին աջակցելու մասին էլ լուրեր տարածվեցին:



- Էդ էլ է շառ-շանտաժ: Մեկը (Վարդան Ղուկասյանին նկատի ունի` Գ. Ս.) պատասխանատվություն վերցրեց, թե ամեն ինչ լավ է լինելու, ինքն էնպես է անելու, որ էստեղ ԲՀԿ-ն ձայն չունենա: Ինքը չկարողացավ դրա տակից դուրս գալ: Գիզիրյանը գյուղերի պատասխանատուն է եղել, իսկ գյուղերում Հանրապետականը շատ ձայներ է հավաքել, իսկ Գյումրի քաղաքում քաղաքապետը պարտվեց խայտառակ ձեւի:



  - Պատճառը ո՞րն էր:



- Իրա մեծամտությունը, իրա ինքնավստահությունը: Հիմնականում դրանով է պայմանավորված, որ ժողովուրդն իրեն չի սիրում, իրեն չի ընդունում, դրա կապակցությամբ էլ Հանրապետականին ձայն չտվեցին: Հազարավոր մարդկանց հետ եմ հանդիպում ունեցել կուսակցության կտրվածքով, ասել են` չենք ընտրելու Հանրապետականին` պայմանավորված քաղաքապետով:



- Իսկ դստեր նշանածի սպանությունն ի՞նչ ազդեցություն ունեցավ  ընտրությունների ընթացքի վրա:



- Ճիշտն ասած, չեմ կարող ասել, ինչ մնում է մեղադրանքին, դա իրա երեւակայության արդյունքն է, ես էլի եմ ասել, որ նա ամեն  չափերն անցավ, քանի որ պատասխանատվություն էր վերցրել, թե խնդիր չկա, պրոբլեմ չունի, ու էդ ամեն ինչն արեց, որ կարողանար հաջողությունն ապահովեր, էն էլ աշխատեց իր դեմ:



 - Առաջիկա ՏԻՄ ընտրություններում  հնարավո՞ր է, որ ԲՀԿ-ն քաղաքապետի թեկնածու առաջադրի Գյումրիում:



- Չի բացառվում, որ ԲՀԿ-ն թեկնածու կունենա, իսկ եթե ունենա, իմ կարծիքով՝ անպայման հաղթելու է, քանի որ Գյումրիում «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը շատ հզոր է: Հատկապես էս մի քանի օրվա ընթացքում ԲՀԿ-ի վարկանիշը բարձրացել է, որ կոալիցիա չկազմեց, մարդիկ գալիս են խմբերով, ցանկություն են հայտնում, որ մտնեն:



- Բայց հասարակությանը հայտնի է, որ ԲՀԿ-ն կեղծ ընդդիմություն է եւ դուրս չի գա Սերժ Սարգսյանի դեմ: Իսկ  կոալիցիա չկազմվեց պարզապես նեղ անձնական շահերից ելնելով, որոշ պաշտոնների շուրջ համաձայնության չգալով:



- Ոչ մեկը նման բան չի ասել՝ ոչ Հանրապետականը, ոչ «Բարգավաճը»: Դա լրատվամիջոցներն են հնարել, նման բան չկա:



- Այսուհետ ընդդիմության դիրքերից ինչպե՞ս եք աշխատելու, դժվար չէ՞ կտրուկ փոփոխությունը, մինչդեռ ամիսներ առաջ  ԱԺ-ում քվեարկում էիք այնպես, ինչպես թելադրում էր իշխանությունը, նույնիսկ այնպիսի օրինագծերի էիք կողմ քվեարկում, որոնք հասարակության լայն զանգվածների  շրջանում դժգոհություն էին առաջացրել:



- Էս կտրվածքով պատրաստ ենք լավին լավ ասել, վատին` վատ: Անկախ նրանից` կառավարության կողմից ինչ նախագծեր կբերեն, ամեն ինչ անելու ենք, որ վատը տեղ չունենա: Իսկ էն ժամանակ ես անձամբ ասել եմ, վատին դեմ եմ քվեարկել, ձեռնպահ եմ եղել, լավին` կողմ… մեր խմբակցությունում գիտեցել են, որ ես սկզբունքային քվեարկություն եմ արել:



- Նախընտրական շրջանում Ձեր հակառակորդ Արման Սահակյանն ասում էր, որ Գյումրին կործանվում է, պետք է փրկել, գլորվում է անդունդը: Այս քննադատությունից հետեւություններ արե՞լ եք:



- Այո, հետեւություն արել եմ, ես ասել եմ՝ երկու հարցում եմ իրա հետ լիարժեք համամիտ եղել, որ Գյումրին գլորվել է անդունդը ու պետք է փրկել անդունդից. միանշանակ համաձայն եմ եւ համոզված եմ, որ կլինի: Ամեն ինչը պայմանավորված է քաղաքապետով, քանի որ էս քաղաքի ղեկավարը քաղաքապետն է, ու քաղաքապետարանը պիտի էդ հարցերով զբաղվի: Քաղաքապետը պիտի համագործակցի պատգամավորների հետ, որպեսզի կարողանան պատգամավորներն այդ խնդիրները բարձրաձայնեն: Պատգամավոր-քաղաքապետ հարաբերությունները պետք է լինեն բարձր դիրքերի վրա:



Էս քաղաքապետի օրոք չկա էդպիսի մի պատգամավոր, որ կարողանա աշխատի էս քաղաքապետի հետ: Ինքը պատգամավորներին տեսնում է իր ձեռի տակ տղաներ որպես, որ ասի՝ նստի, նստի, կանգնի` կանգնի: Նման բան թույլ չենք տվել… Իսկ եթե մարզպետն ունի պատգամավորի օգնության կարիքը, մենք պատրաստ ենք եղել աշխատել, համագործակցել մարզպետի հետ:



- Կարո՞ղ է Գիզիրյանի հետ մի քիչ շատ եք համագործակցել:



- Գիզիրյանի հետ գործնական հարթության վրա է եղել, մենք ընկերական հարաբերություններ չենք ունեցել: Ինչ մնացել է, թե օգնել է «Բարգավաճին», նա աջակցել է միայն Հանրապետական կուսակցությանն ու մարզի կտրվածքով գյուղերում ապահովել է քվեներ: Քաղաքապետը դա արհեստական սարքում է: Ամբողջ մեղքը գցել է Գիզիրյանի վրա: