Բոյկոտ, որը բոլորին ձեռնտու է

Բոյկոտ, որը բոլորին ձեռնտու է
Հայաստանի պառլամենտարիզմի կենտրոնի ղեկավար Ռուբեն Թորոսյանը երեկ դիմում է ուղարկել, իր ձեւակերպմամբ՝  «հիանալի առաջնորդ» Սերժ Սարգսյանին՝ տեղեկացնելով, որ  Երեւանի քաղաքապետը շարունակում է խոչընդոտել Երեւանի ավագանու ՀԱԿ խմբակցության գործունեությունը, այդ թվում՝ որեւէ  հնարավորություն  չի  ստեղծում  իր գործունեության  համար:  Հիշեցնենք, որ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի  մայիսի 31-ի արտահերթ նիստում որոշում ընդունվեց դադարեցնել Հայ ազգային կոնգրեսի ցուցակով երեք տարի առաջ Երեւանի ավագանու մանդատ ստացած, այժմ արդեն ՀԱԿ համամասնական ցուցակով պատգամավոր ընտրված Լեւոն Զուրաբյանի, Ստեփան Դեմիրճյանի, Լյուդմիլա Սարգսյանի, Հրանտ Բագրատյանի եւ ՀԱԿ նախկին անդամ, «Ժառանգության» համամասնական ցուցակով պատգամավոր դարձած Խաչատուր Քոքոբելյանի լիազորությունները:



Փոխարենը ՀԱԿ-ի մանդատները փոխանցվեցին ցուցակով եկող հաջորդ հինգ հոգուն, այդ թվում՝ Ռուբեն Թորոսյանին: Սակայն, ինչպես հայտնի է, մնացած 4-ը 2009-ի օրինակով բոյկոտել են ավագանու նիստերը, եւ միայն Թորոսյանն է ցանկություն հայտնել մասնակցել  նիստերին: Բայց, վերջինիս պնդմամբ, իրեն խոչընդոտում են:  «ԿԸՀ նիստից հետո ես փորձել եմ կապվել քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարի հետ, որպեսզի տեղեկանամ, թե երբ է առաջին նիստը, քանի որ կայքում ավագանու հաջորդ նիստի մասին խոսք չկար: Ես նույնիսկ վկայական չունեմ ներս մտնելու համար, աշխատասենյակ չունեմ»,-մեզ հետ զրույցում իրեն խոչընդոտելու հանգամանքն այսպես պարզաբանեց  Թորոսյանը:



Նրա պնդմամբ՝ Երեւանի ավագանու խմբակցությունների կազմից անգամ հանված է ՀԱԿ-ի անունը: «Եթե կայքում նայեք, կտեսնեք, որ ավագանին երկու խմբակցություն ունի: Ավագանիում ՀԱԿ գոյություն չունի: Այստեղ հարց է առաջանում, թե որտեղից են դուրս եկել այդ 5 պատգամավորները, եթե խմբակցություն չի եղել: Չկա ՀԱԿ-ը, չկա նաեւ աշխատելու համար որեւէ միջոց»,-ավելացրեց Թորոսյանը:  Նա այս խնդրի հետ կապված՝ դիմել է քաղաքապետին, սակայն պատասխան չի ստացել, այդ պատճառով էլ երեկ, իր խոսքով, ստիպված դիմում է Սերժ Սարգսյանին:



Երեկ քաղաքապետարանից փորձեցինք պարզել, թե ինչն է խնդիրը, ինչու Թորոսյանին չեն տեղեկացնում նիստերի օրվա մասին եւ աշխատասենյակ չեն տրամադրում: Քաղաքապետարանի լրատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արթուր Գեւորգյանը փոխանցեց, որ երբ թեկնածուն կստանա իր մանդատը, կարող է գալ եւ հանգիստ մասնակցել ավագանու նիստերին, այդ ժամանակ էլ խմբակցությանը կտրամադրվի նաեւ աշխատասենյակ:



Փոխարենը Կենտրոնական ընտրական հանձնաժողովի լրատվական ծառայությունից հայտնեցին, որ ավագանու անդամի համար, որպես այդպիսին, մանդատ կամ վկայական չի նախատեսվում: Թեկնածուներն ավագանու անդամ են դառնում ԿԸՀ որոշումից հետո եւ արդեն հանգիստ կարող են գնալ եւ մասնակցել ավագանու նիստերին:  Իսկ ինչ վերաբերում է քաղաքապետարանի կայքում ավագանու կազմում ՀԱԿ խմբակցության բացակայությանը, Գեւորգյանն ասաց. քանի որ ՀԱԿ-ը բոյկոտել էր նիստերը, դրա համար էլ նշված չէ:



ՀԳ -  Ըստ էության, Երեւանի քաղաքապետարանն ամեն ինչ արել է, որ ՀԱԿ-ը չմասնակցի ավագանու նիստերին, եւ հիմա նրան ձեռնտու չէ, որ ինչ-որ մեկը ՀԱԿ-ի կազմից գա եւ ներկա գտնվի այնտեղ: