Կեսարն էլ հիշեցման կարիք ուներ

Կեսարն էլ հիշեցման կարիք ուներ
Նոր Ազգային ժողովն արդեն կա: Մեր ընտրությամբ, մեր թողտվությամբ, մեր վախերով, մեր հույսերով… Մերն է: Ու մենք պատասխանատու ենք նրա համար: Ու պիտի նրան պաշտպանենք` գայթակղություններից, հիշողության կորուստներից, սխալ կողմնորոշումներից, վրիպումներից: Պարզ ասած` չպիտի թույլ տանք, որ մոլորվեն ու մեզ մոռանան, դեպի մեզ բերող ճամփեն մոռանան: Չեմ ուսումնասիրելու, վերլուծելու հինգերորդ գումարման Ազգային ժողովի կազմն ու բաղադրությունը. 131 ընտրյալ են ու պարտապան, ու նրանցից ստացած պարտամուրհակներից մեկը կուզենայի, որ այսպես վերտառվեր. «Ինչպես բոլորը»: Եվ յուրաքանչյուր պատգամավոր (կառավարության անդամներին էլ չէր խանգարի) երկու շաբաթվա մեկ օրն ապրեր՝ ինչպես իրեն մանդատ տված ժողովուրդը: Գաղափարը ծնվեց 90 համարի երթուղային տաքսու մեջ` վարորդի եւ նրան դիտողություն արած երիտասարդի միջեւ հաշիվ մաքրելու 10 կմ-անոց ճանապարհահատվածի 30 րոպեանոց իրողության ընթացքում:



Ուրեմն առաջարկում եմ՝ թող յուրաքանչյուր պատգամավոր, հստակ գրաֆիկով (կառավարությանն էլ չէր խանգարի), երկու շաբաթը մեկ մի օր երթեւեկի միայն հասարակական տրանսպորտով, իրավունք չունենա օգտվել նույնիսկ տաքսուց: Հասարակական տրանսպորտով գնա աշխատանքի, օրվա ընթացքում աշխատանքային կամ անձնական կարիքների դեպքում օգտվի եւ տուն վերադառնա միայն հասարակական տրանսպորտով: Իսկ ջանասեր լրագրողներն էլ կրնկակոխ հետեւեն, որ չխարդախեն պատգամավորները:



…Անհավատալի երանության տեսլականը հառնեց աչքերիս դեմ. լեփ-լեցուն հիսնամյա հոբելյար «Գազելը» կանգնում է (հո 100 դրամը դուրսը չէ՞ր թողնելու), ներառվում է Հովիկ Աբրահամյանը` կրկնակի ԱԺ նախագահ, նրա հետ էլ մխրճվում են 2 հսկիչ լրագրող` իրենց սարքուսիլահով: Կիսածալ ԱԺ նախագահը հաջորդ օրն իսկ կնախապատրաստի «Հասարակական փոխադրամիջոցի մասին» ՀՀ օրենքի նախագիծը:



Հ. Աբրահամյանի անունը գրեցի, բայց կարելի էր Գ. Ծառուկյան, Ստ. Դեմիրճյան, Ա. Բաղդասարյան, Ս. Ալեքսանյան… 131 անուն: Եվ ներկայիս վատ, կիսագրագետ, անտեղյակ օրենքների փոխարեն, տարակույս չունեմ, կունենայինք ժողովրդի համար գրված եւ իրենց նպատակին ծառայելու ունակ, հասկանալի օրենքներ:



Որովհետեւ, երբ ընտրյալն առավոտյան շքամուտքից ուղիղ հեռակառավարմամբ ավտոմեքենայի նստատեղին հայտնվելու փոխարեն ցելոֆանե տոպրակներից խուսափելով կանգառ հասնի, ամեն անգամ հայացքը բախվի համատարած պատի, 100 մետրի վրա  մինուճար վարդի թուփն իրեն պուրակ թվա, օրվա բոլոր ժամերին ստվեր երազի մինչեւ երթուղայինի ժամանումը, հնարավոր է, որ նույնիսկ Թեղուտի մասին մի մարդկային օրենք ծնվի նրա ուղեղում, էլ չեմ ասում մաքուր օդի, փողոցների խնամքի ու պահպանության, ազատ տարածքի… մասին օրենքները:



Իսկ երբ նույն պատգամավորն իր իրական ունակություններին համապատասխան աշխատանք կատարի ամսվա մեջ 1 օր եւ այդ մեկ օրն ապրի լոկ դրա համար ստացած վարձատրությամբ, անկասկած, կհասկանա այն մարդկանց կսկծալի դրությունը, ովքեր հարկադրված են հեռանալ հայրենիքից` անհույս, անուղենիշ, անարժանապատիվ կյանքի հեռանկարով, պարզապես գոյություն ունենալու համար: Եվ հաստատ կունենանք օրենք սեփական ժողովրդին նժդեհացնող իշխանությունների պարտադիր ինքնալուծարման մասին:



Պարույր ՇԱՀՅԱՆ