Ինչու «Հարսնաքար» եւ ոչ թե մարտի մեկ

Ինչու «Հարսնաքար» եւ ոչ թե մարտի մեկ
Երեկ, ժամը 17:55-ին ՀԱԿ ներկայացուցիչները ԱԺ քարտուղարությունից ԱԺ արտահերթ նստաշրջան հրավիրելու ձեւաթուղթ են վերցրել: Ըստ ԱԺ կանոնակարգ-օրենքի՝ նրանք 24 ժամվա ընթացքում պետք է կարողանան 44 պատգամավորի ստորագրություն հավաքել, որպեսզի ԱԺ նախագահն արտահերթ նստաշրջան հրավիրի: Ինչպես ասված է ՀԱԿ տարածած հաղորդագրության մեջ, արտահերթ նստաշրջանը նախատեսվում է հրավիրել «2012թ. հունիսի 17-ին Երեւանի «Հարսնաքար» ռեստորանային համալիրում պաշտպանության նախարարության մի խումբ սպաներին դաժան ծեծի ենթարկելու, նրանցից մեկին մահ պատճառելու հանգամանքների ուսումնասիրության նպատակով ԱԺ ժամանակավոր հանձնաժողով ձեւավորելու ԱԺ որոշում ընդունելու մասին» օրակարգով: Արդեն գրվել է, որ 44 ստորագրություն ունենալու համար պետք է որ այս ձեւաթղթի տակ ստորագրեն ՀԱԿ 7 հոգանոց խմբակցությունը, «Ժառանգություն» եւ ՀՅԴ խմբակցությունների 5-ական պատգամավորներ եւ 37 հոգանոց ԲՀԿ խմբակցության առնվազն 27 պատգամավորներ:



Տեղի կունենա դա, թե ոչ, պարզ կլինի այսօր: Հնարավոր է, որ ԲՀԿ-ից ձեւաթղթի տակ ստորագրի ոչ թե 27, այլ 20 պատգամավոր, եւ այդ դեպքում այս խմբակցության ներկայացուցիչները կարող են ասել, որ իրենք ավելի շատ ստորագրություն են ապահովել, քան մյուս երեքը միասին, բայց արտահերթ նստաշրջան այնուամենայնիվ չի հրավիրվի: Բայց դա այս պահին այնքան էլ կարեւոր չէ: Ենթադրենք 44 ստորագրություն հավաքվեց, եւ արտահերթ նստաշրջանը հրավիրվեց: Այդ ի՞նչ հանգամանքներ են, որ ուզում են պարզել ՀԱԿ պատգամավորները: «Հարսնաքարի» դեպքում չպարզված հանգամանքներ կարծես թե չկան:



ՀՀ պաշտպանության նախարարության աշխատակիցները դաժան ծեծի են ենթարկվել Ռուբեն Հայրապետյանի թիկնազորի ներկայացուցիչների կողմից, եւ նրանցից մեկը՝ Վահե Ավետյանը, այդպես էլ գիտակցության չգալով, մահացել է: Զինվորականներին ծեծի ենթարկած եւ մեկ անձի մահվան պատճառ դարձած 6 անձինք կալանավորված են, ընթանում է գործի քննություն: Ինչո՞վ պետք է զբաղվի խորհրդարանական հանձնաժողովը, չլինի՞ թե պահանջելու է, որ ինքն զբաղվի գործի քննությամբ: Բայց ՀԱԿ-ում ուզում են ցույց տալ, որ իրենք հետեւողական են այդ հանցագործության բացահայտման հարցում: Սակայն եթե ՀԱԿ-ն ուզում է հետեւողական լինել, ապա պետք է արտահերթ նստաշրջան հրավիրելու նախաձեռնությամբ հանդես գար մարտի 1-ի իրադարձությունների հետ կապված:



Ավելի ճիշտ կլիներ, եթե հենց ԱԺ առաջին նիստի ժամանակ ՀԱԿ համակարգող եւ խմբակցության նախագահ Լեւոն Զուրաբյանը հանդես գար «2008թ. մարտի 1-ին Երեւանի Մաշտոցի եւ Լեոյի փողոցներում ՀՀ հարյուրավոր քաղաքացիների նկատմամբ բռնություններ գործադրելու, առնվազն 10 անձանց գնդակահարելու հանգամանքների ուսումնասիրության նպատակով ԱԺ ժամանակավոր հանձնաժողով ձեւավորելու մասին» որոշման նախագծով: Ի տարբերություն «Հարսնաքարի», որտեղ ամեն ինչ պարզ է, մարտի 1-ի դեպքերի հետ կապված խորհրդարանական հանձնաժողովն իսկապես հսկայական աշխատանք կունենար անելու: Նախ, ի տարբերություն «Հարսնաքարի», այստեղ նախաքննությունը մտել է փակուղի. մինչ այժմ պարզ չէ, թե ում հրամանով են գնդակահարվել նրանք, ովքեր են իրականացրել այդ հրամանը, եւ ոչ ոք պատասխան չի տվել 10 անձանց սպանության համար:



Ինչո՞ւ ՀԱԿ-ը հանդես չի գալիս նման նախաձեռնությամբ: Պատճառն առավել քան պարզ է. 2008թ. մարտի 1-ին ՀԱԿ ներկայիս «ընդդիմադիր» դաշնակիցներ ՀՅԴ-ն եւ ԲՀԿ-ն իշխանական կոալիցիայում էին: Մարտի 1-ի իրադարձությունները հետաքննելու, պատասխանատուներին բացահայտելու ցանկացած փորձ կարող է խաթարել համագործակցությունն այդ ուժերի հետ եւ «ԲՀԿ-ին մղել Սերժ Սարգսյանի գիրկը»: Ինչպես տեսնում եք, ամնեզիան՝ հիշողության կորուստը, շատ դաժան հիվանդություն է, բայց այն կարող է որոշակի դեպքերում նաեւ օգուտներ տալ: ՀԱԿ անդամները չափազանց քրիստոնյա են եւ պատրաստ են հանուն քաղաքական նպատակների եւ ամբիցիաների քրիստոնեաբար ներել բռնարարներին, հատկապես եթե դրա զոհերն իրենք չեն:



 Ավետիս ԲԱԲԱՋԱՆՅԱՆ