«Պայմանը չպահողները» տեղ չունեն մեր թիմում

«Պայմանը չպահողները» տեղ չունեն մեր թիմում
Հարցազրույց քաղաքաշինության նախարար Սամվել Թադեւոսյանի հետ.



-Պարոն Թադեւոսյան, մամուլում հրապարակումներ եղան, որ Դուք բիզնես ունեք եւ մոնոպոլ դիրք եք գրավում լամինատի ներկրման շուկայում, Դիլիջանում շքեղ հյուրանոց եք կառուցել եւ  նախարարի աթոռն էլ «աճուրդով» եք ստացել:



- Ցավոք, հիմա որոշ լրագրողներ զբաղված են սենսացիաներ հորինելով, փնտրելով: Այնպիսի տպավորություն է, որ նման լրագրողների հրապարակումները զուտ իրենց երեւակայության արդյունքն են. բավական չէ փաստեր չեն գրում, դեռ հարկ էլ չեն համարում պահել լրագրության ոսկե կանոնը եւ նյութը հրապարակելուց առաջ լսել երկրորդ կողմին: Ձեր նշած հրապարակումները հենց այդ շարքից են, այս դեպքում իրենց երեւակայությունն այն աստիճանի հասավ, որ նախարարական պաշտոնի մասին նմանատիպ բաներ գրեցին: Ես նույնիսկ հարկ չեմ համարում անդրադառնալ այդ հարցին: Ինչ վերաբերում է լամինատի բիզնեսին, եթե իմ փեսայի բիզնեսն իմն է, ինչ ասեմ: Իմիջիայլոց, այդ ընկերությունը խոշոր հարկատուների ցանկում է, հետեւաբար, հարկային պարտավորությունների, սեփականատերերի մասին ողջ տեղեկատվությունը բաց է:



Դիլիջանի հյուրանոցի մասին ասեմ, որ դրա հետ իսկի խնամիաբարեկամական կապ չունեմ: Այ, եթե մամուլի Ձեր նշած հրապարակողները պրոֆեսիոնալ լինեին, կփորձեին ճշտել այդ ամենը: Ի դեպ, միայն իմ կենսագրական տվյալներին ծանոթանալիս էլ կտեսնեին, որ ես իմ աշխատանքային գործունեությունը հիմնականում ծավալել եմ պետական գերատեսչական ոլորտում:



- Իսկ ի՞նչ կասեք այն լուրերի մասին, որ պաշտոնավարման առաջին օրվանից նախարարության աշխատակիցներին հրահանգել եք «լեւի գործ» չանել:



- Նախարարությունում ստեղծված իրավիճակի առումով ասեմ, որ կադրային փոփոխություններ չեն արվել. նախարարի տեղակալներն աշխատում են արդեն մի քանի տարի, ստորաբաժանումների ղեկավարների փոփոխություն չի եղել, այս ընթացում եթե որեւէ ստորաբաժանման ղեկավար էլ նշանակվել է, եղել է զուտ թափուր հաստիքի համալրում: Կարծում եմ՝ սա նորմալ աշխատանքային գործընթաց է: Ի դեպ, պաշտոնավարության այս կարճ ժամանակահատվածում աշխատելով, կարող եմ արդեն հայտարարել, որ քաղաքաշինության նախարարությունում պրոֆեսիոնալ, իր գործին գիտակ թիմ է հավաքված:



Օրինակ, աղետի գոտու անօթեւանների բնակարանային խնդրով զբաղվող թիմի յուրաքանչյուր անդամի օրվա ցանկացած ժամի հարց ուղղելիս կլսես ոչ միայն չոր փաստական տվյալներ, այլեւ անօթեւան  ընտանիքի անդամների, լիազորված անձանց, նրանց գտնվելու վայրի, սոցիալական ու կրթական վիճակի մասին ամբողջական տեղեկատվություն:



Ինչ վերաբերում է Ձեր ասած «լեւի գործերին», այո, նախարարի պաշտոնում, իմ առաջին աշխատանքային օրն իսկ, ես հայտարարել եմ, որ շատ խիստ եմ լինելու կոռուպցիոն երեւույթների նկատմամբ: Դա, ի դեպ, նաեւ հանրապետության նախագահի խստագույն պահանջն է: Ես հայտարարել եմ, որ աշխատելու եմ  գործող թիմի հետ, բայց «պայմանը չպահողները» տեղ չունեն մեր թիմում: Ձեր կարծիքով, նորմալ կլինե՞ր, եթե ես փակեի աչքերս կոռուպցիոն երեւույթների նկատմամբ:



- Արդեն մի քանի անգամ աշխատանքային այցով եղել եք Գյումրիում եւ Լոռու մարզում, ինչո՞վ է դա պայմանավորված:



- Ինչպես գիտեք, մենք դեռեւս ունենք աղետի գոտու բնակավայրերում երկրաշարժի հետեւանքով անօթեւան մնացած անձանց բնակարանային խնդիրներ, որոնց լուծումը քաղաքաշինության նախարարության գերակա խնդիրներից մեկն է եւ մշտապես գտնվում է ՀՀ նախագահի ուշադրության  կենտրոնում: Անշուշտ, գերակա խնդիրների կարեւորության առումով բոլորն էլ հավասարազոր են, սակայն կարծում եմ կհամաձայնեք, որ մարդկայնորեն ամենածանրը աղետի գոտու անօթեւան անձանց  բնակարանային հարցն է, որը օպերատիվ լուծում է պահանջում: Դուք ճիշտ եք նկատել. մի ամսում ես երեք անգամ արդեն աշխատանքային այց եմ կատարել աղետի գոտի, անձամբ ծանոթացել շինարարության  ընթացքին, մասնակցել բնակելի տների բաշխման հանձնաժողովի նիստին, բնակարանների բաշխման նպատակով կազմակերպվող վիճակահանությանը:



- Պարոն Թադեւոսյան, Ձեզ եւ Ձեր նախորդներին լսելով՝ տպավորությունն այնպիսին է, թե աղետի գոտում անօթեւանների խնդիրը վերացած է, բայց փաստ է, որ աղետի գոտում դեռեւս շատ են տնակները, ու մինչ օրս էլ լուծված չէ անօթեւանների խնդիրը:



- Ամբողջ հարցն այն է, որ 2009 թվականից  քաղաքաշինության նախարարությունն իրականացնում է «Աղետի գոտու բնակավայրերում երկրաշարժի հետեւանքով անօթեւան մնացած ընտանիքների բնակարանային խնդիրների լուծման նպատակով պետական աջակցությամբ իրականացվող բնակարանային ապահովման ծրագիր»: Ես համաձայն եմ, որ տնակներն աղետի գոտում շատ դանդաղ են վերանում, բայց դա 2 կողմ ունի` օբյեկտիվ եւ սուբյեկտիվ: Առաջինը հենց վերը նշածս կատեգորիան է, երբ այս 24 տարիների ընթացքում ընտանիքները մեծացել են, բազմանդամ դարձել (վերոնշյալ ծրագրի շրջանակներում պետությունը բնակարան է հատկացնում կորցրած սենյակների թվով) ու, պետությունից բնակարան ստանալով, ընտանիքները չեն ցանկանում լքել տնակները` պատճառաբանելով, որ բազմանդամ ընտանիքի մի մասը կբնակվի բազմաբնակարան շենքում, մի մասը՝ տնակում: Սուբյեկտիվ կողմն այն է, որ, բնակարան ստանալով, որոշ ընտանիքներ պարզապես չեն լքում տնակները:



- Թերեւս խոսենք նաեւ նախարարության մյուս գերակա խնդիրների մասին, որո՞նք են այդ ուղղությունները:



- Կուզենայի առանձնացնել հանրապետության բնակարանային ֆոնդի ֆիզիկական եւ բարոյական մաշվածության գույքագրման եղանակով հաշվառման ծրագիրը, որի իրագործումը թույլ կտա հստակ պատկերացում ունենալ վթարավտանգ շենքերի քանակի, դրանց վթարայնության աստիճանի, սեյսմիկ անվտանգության գնահատականի, կապիտալ եւ ընթացիկ նորոգումների անհրաժեշտության մասին, ինչպես նաեւ բարձրացնել առկա բնակարանային ֆոնդի կառավարման արդյունավետությունը:



Այլ խոսքով ասած, սա բնակֆոնդի անձնագրավորումն է կամ, ինչպես մասնագետներն են ասում, բնակֆոնդի դիագնոստիկան: Չափազանց ծավալուն եւ աշխատատար գործընթաց լինելով՝ այն միաժամանակ խիստ պատասխանատու է` սոցիալական իմաստով: Ծրագրի իրագործելիությունն առավել նպատակային դարձնելու համար նախատեսվում է վերագործարկել քաղաքաշինության հիմնադրամը, որի ֆինանսական միջոցները կգոյանան տարբեր ֆինանսական աղբյուրներից: Նախարարությունն այս ուղղությամբ արդեն բանակցություններ է սկսել մի շարք օտարերկրյա ներդրողների հետ:



Մեր նախարարության համար գերակա խնդիր է  նաեւ  պետական նպատակային ծրագրի մշակումը, որը կներառի շենք-շինությունների տվյալների բազայի ստեղծումը, դրանցից յուրաքանչյուրի վերաբերյալ առանձին ներդրումային առաջարկների փաթեթի ձեւավորումը եւ ֆինանսական մեխանիզմների ամրագրումը: Շինարարական աշխատանքները ժամանակին, ամբողջական ծավալով եւ որակով իրականացնելու նպատակով քաղաքաշինության ոլորտում կներդրվեն  ապահովագրական մեխանիզմներ, ինչն իր հերթին կնպաստի կառուցապատողների եւ կապալառուների պատասխանատվության աստիճանի բարձրացմանը:



Հաջորդ խնդիրը Երեւանի Փոքր կենտրոնի կառուցապատման օրենսդրական կարգավորման հարցն է, որը հանրապետության վարչապետի ուշադրության կենտրոնում է: Խնդրի ամբողջական, համալիր ուսումնասիրման, օրենսդրական առաջարկությունների մշակման նպատակով ստեղծվել է աշխատանքային խումբ:  Կարծում եմ, հետեւելով մամուլի արձագանքներին, ինքներդ կհամաձայնեք, թե որքան բաց է աշխատում այս խումբը: Չկա օր, որ մասնագետներից ու պարզապես մեր քաղաքի կենտրոնով մտահոգ քաղաքացիներից առաջարկություններ չստանանք:



Մեզ համար ուրախալի է այդ ակտիվ արձագանքների փաստը, քանի որ Փոքր կենտրոնը ոչ միայն մայրաքաղաքի քաղաքաշինական, այլեւ ողջ երկրի դիմագիծն իդենտիֆիկացնող տարածք է: Կուզենայի ընդգծել այն հանգամանքը, որ Փոքր կենտրոնի խնդիրներն այնքան ակնառու են եւ խտացված, որ ստացված առաջարկությունները, պարունակելով որոշակի տարբերություններ, համընկնում են հիմնական մտահոգությունների մասով:



 Անի ԱՌԱՔԵԼՅԱՆ