Ես ամաչելու ոչ մի բան չունեմ

Ես ամաչելու ոչ մի բան չունեմ
Շիրակի մարզի երկրորդ քաղաքում` Արթիկում, առաջիկա ՏԻՄ ընտրություններն իրենց  դաժանությամբ չեն զիջելու Գյումրիի ընտրություններին: Քաղաքում տարածված լուրերի համաձայն` ընտրություններն այստեղ եւս ոչ պակաս լարված են լինելու, քանի որ իրենց թեկնածուներին են առաջադրելու թե ՀՀԿ-ն, թե ԲՀԿ-ն: Շրջանառվող թեկնածուների ցանկում են Արթիկի գործող քաղաքապետ Խաչատուր Վարագյանը, ով ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Մխիթար Վարագյանի եղբայրն է, եւ Արթիկի նախկին քաղաքապետ Հմայակ Աբրահամյանը: Վերջինին, ըստ շրջանառվող լուրերի, պատրաստվում է սատարել «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը, քանի որ խորհրդարանական ընտրություններին նախկին քաղաքապետն աշխատում էր ԲՀԿ-ական Մուշեղ Պետոյանի օգտին, ով թիվ 36 մեծամասնական ընտրատարածքում հաղթեց Մխիթար Վարագյանին:



Հենց այս հանգամանքն է, որ ինտրիգ է խոստանում առաջիկա ընտրություններում: ԲՀԿ-ն մեծամասնականում իր բավական անսպասելի  հաջողությունը ցանկանում է կրկնել` Արթիկում եւս անպայման առաջադրելով իր թեկնածուին: Նրանցից բացի, ամենայն հավանականությամբ, թեկնածուներ կլինեն նաեւ ՕԵԿ-ից եւ ՀՅԴ-ից, որոնք այս համայնքում բավականին ակտիվ են: Թեպետ առայժմ այս կուսակցություններից չեն ցանկանում բացահայտել, թե ովքեր կլինեն իրենց թեկնածուները: Փոխարենը գործող քաղաքապետը, առաջ ընկնելով, հայտարարում է իր առաջադրվելու մասին, թեպետ ՀՀԿ-ն դեռ որոշում չի կայացրել, սակայն Խաչատուր Վարագյանը կասկած չունի, որ իրեն են առաջադրելու: «Ինչի՞ մասին է խոսքը, անպայման առաջադրվելու եմ: ...Ես պետք է առաջադրվեմ… Չեմ կարծում, որ կուսակցությունը դեմ կգնա այդ որոշմանը, որովհետեւ տարիներ շարունակ կուսակցության անդամ եմ, եւ, փառք Աստծո, իմ աշխատած տարիներին մեր համայնքը ճանաչվել է հանրապետության լավագույն համայնք»:



- Ասում են՝ բավականին լարված իրավիճակ է ստեղծվել Արթիկում, եւ խնդիրը հատկապես ՀՀԿ-ԲՀԿ տիրույթում է:



- Նման բան չկա, ամեն ինչ նորմալ է: Դեռ ինձ անգամ հայտնի չէ, թե ովքեր են առաջադրվելու: Դե հիմա ՀՀԿ-ԲՀԿ հարաբերություններն էլ մի դարձրեք… Ընտրություններ են, անցել-գնացել են, ինչ ասեմ, ոչ մարդասպանությամբ ենք զբաղվել, ոչ դրա ցանկությունն ունենք: Այ քեզ բան, մարդը դրել է, հաղթել է, ի՞նչ է եղել որ:



- Ամեն դեպքում տեղեկություններ կան, որ ԲՀԿ-ն սեփական թեկնածուն է առաջադրելու: Այս փաստը Ձեզ չի՞ մտահոգում՝ հաշվի առնելով, որ խորհրդարանական ընտրություններին Ձեր եղբայրը պարտվեց ԲՀԿ-ական թեկնածուին:



- Ես ունեմ լուրջ կատարած աշխատանքներ, ես ամաչելու ոչ մի բան չունեմ, մնացածը՝ ով կդնի, ով չի դնի իր թեկնածությունը, իրենց խնդիրն է:



- Ձեր եղբոր պարտությունն արդյոք ցույց չտվե՞ց, որ հասարակության վստահության պակաս կա Ձեր հանդեպ:



- Բացարձակապես: Ես միշտ էլ իմ ժողովրդի հետ եմ եղել: Հիմա էլ, որ զանգել եք՝ ընդմիջում է մոտս, բայց ես ընդմիջում չեմ գնացել եւ մարդկանց եմ ընդունել:



- Պարոն Վարագյան, բայց արթիկցիներն ընտրությունից ընտրություն բարձրաձայնում են, որ ՀՀ գլխավոր դատախազի հետ մտերմության շնորհիվ է, որ Վարագյաններն առաջ են գնում, ասում են՝ այս շրջանակներից են պարբերաբար ճնշումներ գործադրվում եւ այլն:



- Ես բոլորի հետ եմ մտերիմ եւ խնդրում եմ... գլխավոր դատախազի անունը խնդրում եմ հանգիստ թողեք: Ինչի գլխավոր դատախազն իրավունք չունի՞ մտերիմներ ունենալ, մի բուռ ազգ ենք: Իսկ Ձեր ասած սպառնալիքները չկան, անմիտ բաներ են:



ՀԳ - ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Մուշեղ Պետոյանը երեկ մեզ հետ զրույցում հայտնեց, թե ԲՀԿ-ն դեռ որոշում չի կայացրել, թե ով է լինելու Արթիկի քաղաքապետի իրենց թեկնածուն: Պետոյանը նախ հերքեց իր առաջադրման, ապա նախկին քաղաքապետ Հմայակ Աբրահամյանին աջակցության մասին լուրերը: Թեեւ չբացառեց, որ ԲՀԿ-ն կարող է վերջինին աջակցելու որոշում կայացնել: Հարցին՝ իսկ հնարավո՞ր է, որ ԲՀԿ-ն սեփական թեկնածու չառաջադրի, Պետոյանն արձագանքեց. «Ամեն ինչ էլ հնարավոր է»: Թեեւ չի բացառվում, որ ԲՀԿ-ն այլ թեկնածու առաջադրի: