Թալինում «նորմալ» միջոցառում էր

Թալինում «նորմալ» միջոցառում էր
Երբ ԲՀԿ-ական պատգամավորը Թալինի ընտրական հանձնաժողովի անդամին հարցրել է, թե ինչու են այդքան առողջ թալինցիներ ուղեկցողներով գալիս ընտրելու, նա պատասխանել է, որ Թալինում 60-ից բարձր մարդիկ բոլորն անգրագետ են: Իսկ ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նախագահը կնիքի թանաքի օքսիդացումը բացատրել է շոգ եղանակով: Այսպիսի անեկդոտիկ միջավայրում էլ Թալին քաղաքը կիրակի օրը քաղաքապետ է ընտրել՝ ՀՀԿ պաշտոնական թեկնածու, հարկայինի նախկին աշխատակից Սարգիս Արամյանին, ով իր համաքաղաքացիներից 1 274 ձայն է ստացել: ԲՀԿ-ական Վազգեն Խաչատրյանը երկրորդ տեղում է՝ իր 917 քվեով: Հաջորդն անկուսակցական Վորոշ Խաչատրյանն է, ում պաշտպանում էր նախկին քաղաքապետ, ԱԺ պատգամավոր Մնացական Մնացականյանը: Նա 840 ձայն է ստացել: Ապա ինքնառաջադրված անկուսակցականներ Գագիկ Կարապետյանը՝ իրեն վստահող 190 թալինցիներով, եւ ամենավերջում՝ 28 ձայն հավաքած Էդվարդ Գրիգորյանը, ում օգտին հավանաբար միայն նրա բարեկամներն են քվեարկել: Այս միջոցառումը (իսկ ընտրությունները Հայաստանում կարելի է իշխանության անցկացրած միջոցառում անվանել) մյուս նմանատիպ միջոցառումներից ոչնչով չտարբերվեց. ամբողջ Արագածոտնի մարզից Թալին ձգված ոստիկանական ուժեր, մուգ մեքենաների անցուդարձ՝ մինչեւ ուշ գիշեր, խորովածի «պատիվ» նախընտրական շտաբներում, անհետացող թանաքով կնիքներ, ընտրողներին ընտրատեղամասեր ուղեկցողների լուռ ու բութ զանգված: Թերեւս միակ նորությունը կարմիր եւ կապույտ գրիչներն էին՝ ընտրողներին բաժանված, որպեսզի հետո, գույնին նայելով, ուղղորդողը հասկանա, թե ցուցակագրվածներից քանի մարդ է «քցել» իրեն, եւ քանիսն են «ազնիվ ու արդար» ընտրություն կատարել:



Սակայն եթե ոչ ընթացքի, ապա ինտրիգների իմաստով Թալինի ընտրություններն աննախադեպ էին, քանի որ հիմնական կռիվը տեղի ունեցավ իշխանական կուսակցության ներսում: ԱԺ պատգամավոր, ՀՀԿ-ական Մնացական Մնացականյանը, ով ԱԺ պատգամավոր ընտրվելուն պես վայր դրեց քաղաքապետի լիազորությունները, դեմ գնաց իր կուսակցությանը, «կուսակցական շահին», որը հարկայինի նախկին աշխատող Արամյանի տեսքն ուներ: Անգամ այն բանից հետո, երբ Թալին եկավ ինքը՝ Հովիկ Աբրահամյանը, եւ կուսակցական մյուս երեւելիները ու տեղական կազմակերպության ակտիվին առաջադրանք տվեցին՝ սատարել Արամյանին, նա հրաժարվեց դա անելուց եւ իր ներուժով կանգնեց անկուսակցական Վորոշ Խաչատրյանի մեջքին:



Լուր տարածվեց, թե նախկին քաղաքապետը, օգտվելով իր լծակներից, ստիպել է մրցապայքարից դուրս գալ ՀՀԿ-ական մեկ այլ թեկնածուի՝ Ժորա Գրիգորյանին, ով նույնպես հավակնել էր քաղաքագլուխ դառնալ: Սա ընկալվեց որպես համայնքի վրա նախկին իշխանությունը հետագայում էլ պահելու փորձ, որի համար առաջինը ինտրիգների զոհ գնաց հենց Մնացականյանի կինը՝ Թամարա Գեւորգյանը: Նրան ազատեցին Թալինի հիվանդանոցի տնօրենի պաշտոնից: Ինքը՝ Մնացական Մնացականյանը, ժխտում է քաղաքական դրդապատճառները՝ վստահեցնելով, թե կնոջն ազատել են վատ աշխատանքի պատճառով: Ճնշումների մասին «միջոցառման» օրը ահազանգում էին Վորոշ Խաչատրյանի թիմակիցները: Հաղորդում էին, որ իրենց ոստիկանություն են տանում, իսկ իրենց մեքենաները՝ տուգանային հրապարակ:



Երեկ առավոտյան, երբ զանգահարում էինք ԱԺ պատգամավոր Մնացական Մնացականյանին, կարծում էինք, թե նա էլ ԲՀԿ-ականների պես կգուժի վախի մթնոլորտ տարածելու, զանգվածային ընտրակեղծիքների մասին կամ առնվազն իր հովանավորյալի կողմնակիցների նման մի երկու ընտրակեղծիք կնշի: Պարզվեց, սակայն, որ Մնացական Մնացականյանը միանգամայն գոհ է «միջոցառման» արդյունքից: «Սովորական ընտրություն էր: Ես էլ սատարել եմ Վորոշ Խաչատրյանին: Ձայների տարբերությունը մեծ չէր այնուամենայնիվ»,- ասաց նա:



- Փաստորեն, Դուք գո՞հ եք արդյունքից:



- Գոհ լինեմ թե չէ, եթե ընտրողն իր քվեն տալիս է, պետք է մարդիկ հաշտվեն: Արդար, նորմալ ընտրություն է անցել, ոչ մի ավելորդ բան չի եղել:



- Իսկ որ քաղաքը լիքը ոստիկանական մեքենաներ էին լցվել, որ ճնշումների մասին ահազանգեր կային, դա ոչի՞նչ: 



- Ոստիկանությունը պետք է լիներ եւ կատարեր իր աշխատանքը: Ոստիկանության մեքենաներն ընդամենը կարգ են պաշտպանել:



- Գրիչների մասի՞ն ինչ կասեք՝ տարբեր գույնի թանաքով գրիչներ բաժանելու:



- Ես չգիտեմ ինչ են բաժանել: Ով ինչ է արել: Օրենքը, ամեն դեպքում, թույլատրում է տնից գրիչներ բերել եւ տարբեր գույնի գրիչներ օգտագործել: Այստեղ օրենքի խախտում չկա:



- Դուք հաշտվե՞լ եք հաղթած քաղաքապետի հետ:



- Ես հաշտ եմ, ես ժողովրդի հետ եմ եւ նրա ընտրությունը հարգում եմ:



- Ճի՞շտ է, որ Դուք ստիպել էիք Ժորա Գրիգորյանին հանել իր թեկնածությունը:



- Ես ոչ մեկին չեմ ստիպել, ես այդքան շատ ուժ չունեմ, որ ստիպեմ, որ մարդիկ իրենց թեկնածությունը հանեն կամ չէ: Դա ի՞նչ էր տալու: Կամ ո՞վ է ասում, որ ստիպել եմ: Անգամ ստիպելու դեպքում, եթե խելք ուներ, թող չհաներ: Եթե մարդը հանել է իր թեկնածությունը, ուրեմն, իմ կարծիքով, ի սկզբանե մի բան ճիշտ չի եղել:



Ժորա Գրիգորյանը նույնպես ժխտեց, որ ստիպողաբար է հանել իր թեկնածությունը: «Ինձ ոչ ոք չէր կարող ստիպել հանել թեկնածությունս: Ես միայն ենթարկվել եմ կուսակցության ղեկավարությանը, որը որոշեց, որ Արամյանի թեկնածությունը պետք է պաշտպանել»,- ասաց նա: Նրա կարծիքով, ընտրությունն աշխույժ անցավ, նույնիսկ չափից դուրս ակտիվ,  քանի որ մասնակցեց ոչ թե 3 հազար100, ինչպես ինքն էր կանխատեսում, այլ 3 հազար 369 մարդ: Լարվածությունը եւ ոստիկանների ակտիվությունը ՀՀԿ-ականը բացատրեց այն բանով, որ հիմնական թեկնածուները երեքն էին եւ երեքն էլ ուժեղ էին:



- Ինչո՞ւ, Ձեր կարծիքով, ընդդիմությունը թեկնածու չուներ Թալինում, եւ առհասարակ, ինչո՞ւ է ընդդիմությունը պասիվ ՏԻՄ ընտրություններում:



- Իմ կարծիքով՝ արմատական մեծ ընդդիմություն չկա: Կարծում եմ, որ երկու խոշոր ուժ կա այսօր՝ ՀՀԿ-ն ու ԲՀԿ-ն: Քաղաքական կոլորիտի իմաստով՝ չէի ասի, որ Թալինում ընդդիմությունը մեծ տեղ ունի: Հետո, մեր քաղաքում թշնամանք չկա: Ապրում է 5 հազար մարդ, մեծամասնությունը դրսում է: Բոլորս իրար համար լավն ենք:



Նույն հովվերգական տոնայնությամբ մեզ հետ զրուցեց նորընտիր քաղաքապետ Սարգիս Արամյանը, ում, նախ, շնորհավորեցինք, ապա հարցրինք, թե ինչ կարեւոր բան է որոշել անել իր քաղաքի համար: «Որպես քաղաքապետ՝ կատարելու եմ իմ աշխատանքը: Ընտրություններն անցել են նորմալ, ես ոչ մի դժգոհություն չեմ նկատել: Մնացական Մնացականյանի եւ ոչ մեկի հանդեպ ոչ մի թշնամանք չունեմ: Ես մոռանում եմ արդեն, թե ով է ինձ ընտրել, ով չի ընտրել»,- ասաց նա: «Իսկ Դուք գիտե՞ք ով է Ձեզ ընտրել, ով՝ ոչ» հարցին էլ պատասխանեց՝ իհարկե: