Ընդդիմությունը դարձել է ավելի վտանգավոր, քան իշխանությունը

Ընդդիմությունը դարձել է ավելի վտանգավոր, քան իշխանությունը
Տեղից ելնողը իշխանությանն է քննադատում, մեկ-մեկ մտածում ես՝  ա՜յ մարդ, էս ի՞նչ անվախ մարդիկ են, աջուձախ թուր են բանեցնում: Այդկերպ ժամանակին հիացած էինք Արշակ Սադոյանով,  չորրորդ խոսափողը որ վերցնում էր, սրտներս դողում էր՝  էս մարդուն մի վնաս չտան: Գեղամյանի կյանքի համար լեղաճաք էինք լինում. այնպիսի բաներ էր նախագահի մասին բարձրաձայնում, որ մտքումս ասում էի՝  նախագահի տեղը լինեի, լեզուն կկտրեի: Իսկ Վիկտոր Դալլաքյանի՝ նախագահի հասցեին որակումները հանրության մոտ սարսուռ էին առաջացնում՝ էս մարդը գլխից ձե՞ռ է քաշել...



Շարքը չեմ շարունակում, ըստ քննադատության ծանրության աստիճանի, քաղաքական գործիչները տեղադրվեցին իշխանության սանդղակներին, իսկ ավելի «սարթ» քննադատողները պետական անվտանգություն մտան: Ինչեւէ, այսօր նախագահի զարդատուփի մեջ են նրանք, պետք եղած դեպքում կրում է ու հիշում յուրաքանչյուրի ձեռքբերման պատմությունը: Նախկին փորձը ցույց է տվել, որ նախագահին ամենաշատ քննադատողներն ամենաիշխանամետ մարդիկ են: Նորօրյաներն այդ մեթոդը լավ են ընկալում, եւ քաղաքական դաշտում այսօր ամենաբարձր մակարդակով քլնգում են: Այստեղ մի փոքր նրբություն կա: Նախագահն ամեն քննադատողի չի կարող հովանավորել, դրա համար մեծ միջոցներ կխժռվեն: Այդ իսկ առումով մեծ գլուխներից է բռնում: Իսկ այդ մեծ գլուխները ամենաշատ ու ամենասուր հայհոյողներն են:



 



Դրանով երկու գործ է կատարվում՝ լռեցվում եւ բարոյապես ոչնչացվում են նրանք: Հանրության կողմից անօգտագործելի են դառնում: Բայց տեւական ժամանակ նույն մեթոդը գործածելով, այն անպիտան է դառնում: Այդ իսկ առումով մեր նորօրյա քննադատողները, որոնք համարվում էին ընդդիմության կարկառուն ներկայացուցիչները, շուտ են բացահայտվում: ՀԱԿ-ի կազմաքանդումը շատ նման էր ԱԺՄ-ի կազմաքանդմանը, տարբերությամբ, որ ՀԱԿ-ում ներգրավված էին մի քանի անդամ ունեցող կուսակցություններ, որոնք, շնորհիվ ՀՀ առաջին նախագահի, կայացան ու մտան իշխանության հետաքրքրության շրջանակի մեջ: Շատ շուտով իշխանական հետաքրքրության շրջանակ մտած այդ կուսակցությունները ժամանակից շուտ պայթելու պատճառով կմարեն, ու նախագահական ընտրությունների թոհուբոհի մեջ նրանց մտցնելը, նրանց վրա ծախս անելը կդառնա անիմաստ: Բայց ժողովուրդն իշխանափոխություն է ուզում: Աներկբա է: Պայքարն իշխանության դեմ է. առանձին մարզպետների, քաղաքապետերի, նախարարների դեմ:



 



Նեմեց Ռուբոյի քթից բերվեց ողջ իշխանության մեղքը: Ժողովուրդն օբյեկտ է որոնում, որ մեկի գլխին կոտրի դառնությունը: Սա լավ գիտակցում է իշխանությունը եւ երբեմն-երբեմն ժողովրդին չափի սահմաններում այդ հնարավորությունը տալիս է: Բայց քանի որ դա ոչ թե իրական փոփոխություն է ենթադրում, այլ պարզապես քաղաքական խաղ է, ամեն ինչ նույնն է մնում: Պետք է կարողանալ դուրս գալ իշխանության դեմ պայքարի սիզիֆյան գործընթացից:... Ի՞նչ անել: Առաջարկում եմ պարզ եղանակ: Պայքարել ընդդիմություն կոչվող այդ ամորֆ զանգվածի դեմ, հասարակական պարսավանքով ոչնչացնել նրանց, որ նրանք զենք չդառնան իշխանության ձեռքին: Հազարավոր պայքարի կենտրոններ են ստեղծվում՝ հազարավոր անուններով, մի՞թե հնարավոր չէ ստեղծել հասարակական մի կենտրոն, որը կկոչվի «Պայքար կեղծ ընդդիմության դեմ»: Ընդդիմությունն այլափոխվել, դարձել է ավելի վտանգավոր, քան իշխանությունը:



 



Հասմիկ ԲԱԲԱՋԱՆՅԱՆ