Հայկական եվրաիմիտացիան

Հայկական եվրաիմիտացիան
Արդեն տեւական ժամանակ Հայաստանի քաղաքական դաշտում քննարկման առարկա է եվրոպակա՞ն, թե՞ եվրասիական ինտեգրացիայի թեման: Բանավեճը սկիզբ առավ այն բանից հետո, երբ դեռ անցած տարվա սեպտեմբերի վերջին ՌԴ նախագահ Վ. Պուտինը հռչակեց Եվրասիական միության ձեւավորումը՝ որպես Ռուսաստանի գլխավոր արտաքին քաղաքական առաջնահերթություն:



 



Հայաստանի իշխանությունները սկզբնական շրջանում ուղղակի խուսափում էին Մոսկվայի նախաձեռնության նկատմամբ որեւէ դիրքորոշում արտահայտելուց: Սակայն, Կրեմլի քողարկված եւ ոչ այնքան քողարկված ճնշմանը զուգահեռ, Հայաստանի վարչապետն իր վրա վերցրեց գլխավոր «եվրաինտեգրողի» գործառույթը եւ արդեն մի քանի անգամ հայտարարել է, թե Հայաստանը ընդհանուր սահմանի բացակայության պայմաններում չի կարող մասնակցել Ռուսաստան-Բելառուս-Ղազախստան մաքսային միությանը եւ հետեւապես` Եվրասիական միությանը: Նախապատվությունը պետք է տալ եվրոպական ինտեգրացիային: Այսպիսի «փաստարկը» ռուսական կողմի բացահայտ հեգնանքն է հարուցում, քանզի Հայաստանը Եվրամիության հետ էլ ոչ մի ընդհանուր սահման չունի: Եվ միաժամանակ ընդհանուր սահմանի բացակայությունը չի խանգարում Հայաստանի կառավարությանը հանդես գալ ազատ առեւտրի գոտու մասին ԱՊՀ շրջանակային համաձայնագիրը վավերացնելու օգտին, թեպետ Հայաստանն ԱՊՀ անդամ երկրներից սահման ունի միայն Ադրբեջանի հետ, այսինքն՝ գործնականում չունի:



 



Բայց ավելի կարեւոր են ներկայիս իշխանության «եվրակողմնորոշման» շարժառիթները, եւ արդյո՞ք Հայաստանի, այսպես կոչված, եվրոպական «ռազմավարությունը» կարող է որեւէ գործնական արդյունքի հանգեցնել:



 



Այս իմաստով օրերս ռուսական մամուլին խիստ կարեւոր եւ զարմանալի անկեղծ մեկնաբանություն էր տվել Գերմանիայի արտաքին քաղաքականության խորհրդի գլխավոր փորձագետ, ճանաչված վերլուծաբան Ալեքսանդր Ռարը: Ըստ նրա, հետխորհրդային տարածքի որեւէ երկիր տեսանելի հեռանկարում Եվրամիությանն անդամակցելու որեւէ հույս ունենալ չի կարող, քանզի ֆինանսատնտեսական ճգնաժամը, որի հետեւանքները չի հաջողվում հաղթահարել առայսօր, ի ցույց դրեց Եվրամիության ընդլայնման բոլոր բացասական հետեւանքները:



 



Որպես օրինակ բերելով Թուրքիան, Ռարը մասնավորապես նշել էր. «Եվրամիությանը Թուրքիայի անդամակցության հնարավորության մասին խոսվում է առնվազն 1963 թվականից: Միաժամանակ պարզ է, որ ոչ ոք Թուրքիային Եվրոպայում տեսնել չի կամենում: Դրա համար էլ Եվրամիությունը Թուրքիայից պահանջում է անվերջանալի ռեֆորմներ, եւ անգամ, երբ դրանք իրագործվում են այս կամ այն կերպ, Թուրքիան արժանանում է խրախուսանքի կամ դիտողության, ու առաջ է քաշվում նոր ռեֆորմների պահանջը: Եվ այդպես 50 տարուց ավելի»:



 



Ռարի կարծիքով, Եվրամիությունը տնտեսական պրոբլեմների պատճառով չի կարող այլեւս ընդլայնվել, եւ այն երկրներին, որոնք այնուհանդերձ ցանկություն ունեն եվրոպական արժեհամակարգով զարգանալ ու գտնվել Եվրամիության հետ տնտեսական սերտ հարաբերությունների մեջ, կառաջարկվի նոր կարգավիճակ: Այդ երկրները կկարողանան դառնալ ասոցացված անդամներ կամ առաջնային գործընկերներ, ինչը կարող է ենթադրել որոշ արտոնություններ տնտեսական հարաբերություններում, ավելի մեղմացված վիզային ռեժիմ, բայց ոչ լիարժեք անդամակցություն: Ըստ որում, այդպիսի «Էրզաց» հարաբերությունների օրինակ հիմա էլ կա, Ռումինիան եւ Բուլղարիան ընդունվեցին Եվրամիություն, բայց հատուկ որոշումով դուրս դրվեցին Շենգենյան համաձայնագրի շրջանակից: Պարզ ասած՝ այդ պետությունների քաղաքացիները եվրոպական որեւէ երկիր այցելելու համար ստիպված են արտոնագիր ստանալ որեւէ եվրոպական դեսպանատնից նույն կարգով, ինչպես Ռուսաստանի կամ Հայաստանի քաղաքացիները:



 



Ա. Ռարի մեկնաբանությունը լիովին արտահայտում է եվրոպական քաղաքականության խորքային միտումները: Արդեն վաղուց Եվրամիության բյուջեի առյուծի բաժինն ապահովող զարգացած պետությունները (հատկապես Ֆրանսիան եւ Գերմանիան) ավելի ու ավելի կտրուկ են հանդես գալիս ոչ միայն Եվրամիության, այլեւ ՆԱՏՕ-ի ընդլայնման դեմ: Պատճառը վերջին տասնամյակների դառը փորձն է, երբ ՆԱՏՕ-ն դարձավ յուրօրինակ խողովակ` թերզարգացած տնտեսություն ունեցող երկրների համար Եվրամիություն թափանցելու: Այդպես Հունաստանը, 1950-ականներին մտնելով ՆԱՏՕ, 1980-ականների սկզբին ընդգրկվեց Եվրամիության մեջ, նույն ճանապարհն անցան Իսպանիան եւ Պորտուգալիան: Վարշավյան պակտի եւ ԽՍՀՄ փլուզումից հետո այդ նույն ուղիո? Եվրամիությունում հայտնվեցին Լեհաստանը, Չեխիան, Սլովակիան, Հունգարիան, բալթյան երկրները, Ռումինիան, Բուլղարիան, նախկին Հարավսլավիայի հանրապետություններից Սլովենիան, Չեռնոգորիան, Խորվաթիան: Այսօր բազմամիլիարդ պարտքեր եւ պրոբլեմային տնտեսություն ունեցող եվրոպական երկրները հենց այս ցանկից են, որոնց տնտեսական համակարգն անգամ տարածքով եւ բնակչությամբ իրենց համարժեք երկրների` Դանիայի, Բելգիայի, Հոլանդիայի կամ Ֆինլանդիայի տնտեսությանը համարժեք չէ, չխոսելով արդեն Գերմանիայի կամ Ֆրանսիայի մասին: Իսկ եվրոպական «գրանդներն» ակնհայտորեն հոգնել են մյուսներին կերակրելուց:



 



Հազիվ թե այս ակնհայտ իրողությունը չեն հասկանում մեր «եվրաինտեգրողները»՝ գործող վարչապետի գլխավորությամբ: Հետեւապես ո՞րն է նախաձեռնված եվրաիմիտացիայի նպատակը, ի՞նչ իմաստ ունի հմայության նման շարունակ նույն տավտոլոգիան կրկնել, շաքար-շաքար ասելով՝ բերանդ չի քաղցրանա:



 



Ըստ ամենայնի, ինչպես եվրոպական, այնպես էլ եվրասիական ինտեգրացիայի համատեքստում գործող վարչախումբն առաջին հերթին նկատի ունի արտաքին աջակցությամբ իր վերարտադրության ապահովումը: Մոսկվայում ակնհայտորեն դեռ չեն որոշել ո՞ւմ վրա են վերջնական «խաղադրույք» կատարելու գալիք նախագահական ընտրություններում: Կրեմլը շարունակ հասկացնում է Հայաստանի ղեկավարությանը, որ ազդեցության պահպանման այլ ռեսուրսներ էլ ունի, հատկապես ի դեմս ԲՀԿ-ի, ասենք, ՀԱԿ-ն ու ՀՅԴ-ն էլ միարժեք մերժելի չեն Մոսկվայի համար: Հայաստանի ղեկավարությունն էլ, եվրաիմիտացիա խաղալով, փորձում է Մոսկվային ցույց տալ, թե մենք էլ այլընտրանք ունենք, ինչն առայժմ արժանանում է Վաշինգտոնի եւ Բրյուսելի հավանությանը, որոնք աշխատում են գոնե այդկերպ Հայաստանին ետ պահել Ռուսաստանի «Եվրասիական»  գրկից: Բայց այս խաղը երկարատեւ չէ, որովհետեւ մի կողմում Եվրասիական միության ձեւավորման հայտարարված հստակ ժամկետներն են (2015 թվականի հունվարի 1-ը), մյուս կողմում՝ եվրոպական ապագայի խիստ անորոշ խոստումներ եւ շատ քիչ գործնական բան:



 



Եվ «ողջամիտ ժամկետներում» իրեն բավարարող պատասխան չստանալու դեպքում Մոսկվան կսկսի լրջորեն «ձգել պնդօղակները», շատ լավ իմանալով, որ Արեւմուտքն անգամ այդ դեպքում Երեւանին իրական այլընտրանք չի առաջարկելու:



 



Վահան ՎԱՐԴԱՆՅԱՆ