Սլաքները միայն իշխանությանը

Սլաքները միայն իշխանությանը
Երբ իշխանական ցանկացած անարժան թեկնածու անարգել ընտրվում է ԱԺ պատգամավոր, ո՞ւմ մեղադրել՝ ընտրողի՞ն, որը կաշառվում է, ոչ քաղաքական ընտրություն է կատարում, ենթարկվում է իր բաժին ֆեոդալին, թե՞ իշխանությանը, որն ընտրության չնչին իսկ հնարավորություն չի տալիս եւ ուժային բոլոր ու վաղուց փորձարկված մեթոդներով պարտադրում է իր կամքը:



 



Ես հակված եմ մեղադրանքները իշխանությանն ուղղելուն: Ֆինանսական ու հոգեբանական ընկճված վիճակում գտնվող ժողովուրդը, եթե անգամ մեղք ունի, ապա այն բազմակի զիջում է իշխանավորների, իրենց մտավորական ու քաղաքական գործիչներ հռչակած մարդկանց մեղքին: Ի վերջո, անգամ գրականության մեջ է մերժվում ու քննադատվում թույլին, անօգնականին, աղքատին հարստահարելը, ուր մնաց 21-րդ լուսավոր դարում չդատապարտվեր դա: Իսկ իշխանական «էլիտան» մարդկանց նախ կարիքի ու կախման մեջ է գցում իրենից, ապա նրանց անօգնական վիճակից օգտվում: Կարո՞ղ էին արդյոք ավանցիները կամ գյումրեցիները գնալ եւ ջնջել հանրապետականի թեկնածուներին: Անշուշտ՝ կարող էին:



 



Բայց ի՞նչ դասեր են քաղել նրանք անցյալից: Տեսել են, որ երբ իրենց հարեւան Սարգիսը չընտրեց իշխանական թեկնածուին, ընտրություններից անմիջապես հետո կորցրեց աշխատանքը ու մինչ օրս գործազուրկ է: Մյուս հարեւանը՝ Սիրուշը, համարձակվեց հայտարարել, որ չի ընտրելու՝ նրա որդու կրպակը փակեցին: Մյուս հարեւանի՝ Հովսեփի նպաստը կտրեցին: Չորրորդի աղջկան համատիրության նախագահի պաշտոնում «չվերընտրեցին»: Եվ այսպես շարունակ: Բայց ամենակարեւորը՝ ինչի՞ հասան նրանք դեմ քվեարկելով իշխանական թեկնածուին: Ոչնչի՝ միեւնույն է, ՀՀԿ-ական «պոլի փետն» ընտրվեց, մեջտեղն իրենք վատամարդ դարձան ու սեւ ցուցակ ընկան: Ուրեմն ի՞նչ իմաստ ունի ըմբոստանալը: Բացարձակապես՝ ոչ մի: