Օրենքը ես եմ՝ հայտարարել է կենդանաբանական այգու տնօրենը

Օրենքը ես եմ՝ հայտարարել է կենդանաբանական այգու տնօրենը
Երեւանի կենդանաբանական այգու գիտամեթոդական բաժնի վարիչ Հռիփսիմե Բրուտյանի հետ նոր տնօրենը՝ Ռուբեն Խաչատրյանը, չի ցանկացել աշխատել, եւ մոտ մեկ տարի առաջ նրան դուրս են թողել:



 



- Փաստորեն, նոր տնօրենը՝ Ռուբեն Խաչատրյանը, Ձեզ նոր աշխատանքային պայմաննե՞ր առաջարկեց:



 



- Տեղակալը՝ Սարգսյան Գայանեն, ինձ ասաց, որ բոլորի հետ նոր պայմանագրեր են կնքվում, բնականաբար, ես չէի էլ մտածում, որ ինձ խաբում են, որպեսզի շտատից դուրս գալու դիմում գրեմ: Համաձայն իմ դիմումի, ինձ ազատեցին եւ, համաձայն իմ դիմումի, ընդունեցին արդեն ցածր կարգավիճակով՝ որպես մեթոդաշխատակից: Պայմանագիրը կնքվել էր 2011թ. մայիսին, մինչեւ 2012թ. հունվար, եւ ինձ ասացին, որ հունվարից պայմանագիրը շարունակվելու է: Ցավոք սրտի, նման բան չեղավ, ինձ աշխատատեղ չտվեցին, նստելու տեղ չտվեցին, տնօրենն ինձ իմ կաբինետից հանեց, նստեցրեց հաշվապահությունում, որտեղ ես ընդամենը մի աթոռ եմ ունեցել, եւ ես նման պայմաններում կատարել եմ նրա բոլոր հանձնարարականները:



 



- Ձեզ համար տհաճություննե՞ր էր ստեղծում տնօրենը:



 



- Մասնագետների ժողովներ էին անում, բայց ինձ ոչ մի անգամ չհրավիրեցին ժողովի, դա բացառիկ բան է, որ գիտամեթոդական բաժնի վարիչին անտեսեն: Մի քանի նորաթուխ մասնագետներ էր բերել, որոնք կարող էին մեզ վրա ծիծաղել՝ ասելով. սրանք հնացած են: Ես ինչպե՞ս կարող էի հնանալ, Քարե դարից մինչեւ հիմա կենդանու անատոմիան նույնն է եղել: Ես այգու պատմությունը գիտեմ, նույնիսկ կան բաներ, որ արխիվից դուրս են մնացել, բայց որոնց մասին ես գիտեմ՝ որպես այգու սկզբնաղբյուրին մոտ կանգնած մարդ:



 



- Փաստորեն, Ձեզ հետ պայմանագիրը չշարունակեցին, եւ Դուք մեխանիկորեն աշխատանքից դո՞ւրս մնացիք:



 



- Ոչ միայն դուրս մնացի: Ես դիմում եմ Զբաղվածության կենտրոն՝ գրանցվելու համար, հաշմանդամ թոռանս եմ խնամում, եւ այդ չնչին գումարն ինձ շատ անհրաժեշտ է: Պարզվում է, որ այդ 6 ամիսների ընթացքում որեւէ կենսաթոշակային կամ սոցիալական վճարումներ չեն արվել իմ աշխատավարձից, ինչն օրենքի խախտում է: Պարզվում է՝ խաբել են:



 



- Նոր տնօրենի գալով, այն 6 ամիսների ընթացքում, որ աշխատել եք միասին, ի՞նչ կատարվեց այգու հետ:



 



- Եթե մարդը կենդանասեր է, չի կարող մարդասեր չլինել, եւ հակառակը: Պատահականություն է, որ նա հայտնվել է Կենդանաբանական այգում: Նրա գալով, կարճ ժամանակ անց արդեն այգին այգի չէր. բոլոր կացարանները քանդեց՝ վերանորոգման, բարեփոխման անվան տակ, կենդանիների անկում սկսվեց՝ հատկապես թռչունների, էլ չեմ ասում կադրերի ջարդ, որոնք այգին գիտեին եւ իրենց փորձը պետք է փոխանցեին նորերին՝ այդպես պատրաստելով կադրեր: Տեսնում էի, որ նրա նոր նշանակած անասնաբույժը սխալ բուժում է տալիս կենդանուն, ասում էի՝ վիտամին տվե՞լ ես, պատասխանում էր՝ չէ, չէ, վիտամին պետք չի: Ո՞նց կարելի է, այն էլ մատղաշ կենդանուն, վիտամին չտալ:



 



- Տնօրենը մասնագետ չէ, կրթությամբ ռեժիսոր է, ուրեմն ավելի շատ պետք է վստահեր եւ հաշվի նստեր մասնագետների հետ:



 



- Այնպես էր, որ նույնիսկ չէր ուզում իր հետ խոսեինք, շփվեինք: Սա ինչի մասին է վկայում. կամ չափազանց գիտուն է, իսկ ես այնքան տգետ եմ, որ չի ուզում ինձ հետ խոսի, կամ էլ չափազանց տգետ է, որ չի ուզում բացահայտվի իր տգիտությունը:



 



- Դուք նախկին տնօրենների հետ խնդիրներ ունեցե՞լ եք:



 



- Ես աշխատել եմ Ջուլիետա Ակոպովնայի հետ՝ կոմունիստ, Կարո Մանդալյանի հետ՝ ՀՀՇ-ական, Աբովյան Սահակի հետ՝ շատ լավ մարդ, իսկ Ռուբեն Խաչատրյանը չորրորդ տնօրենն է: Նախորդ երեքի հետ ոչ միայն խնդիրներ չեմ ունեցել, այլեւ պատվոգրեր եմ ստացել քաղաքապետարանի կողմից: Այգին իմ կյանքն է եղել, ես ապրել եմ այգով, ամեն մի կենդանիով: Երբ մի անգամ մոտեցա նոր տնօրենին՝ Ռուբենին, խնդրեցի, որ ինձ նորից հաստիքային աշխատող ձեւակերպի, ասաց՝ եթե ես չուզենամ քեզ հետ աշխատել, չեմ աշխատի. օրենքը ես եմ: Սա ի՞նչ ասելու ցինիկ ձեւ է, ի՞նչ է նշանակում՝ օրենքը ես եմ:



 



Ֆելիքս ԵՂԻԱԶԱՐՅԱՆ