Չի թողնում բեմ բարձրանամ

Չի թողնում բեմ բարձրանամ
Երեւանի մնջախաղի պետական թատրոնի առաջատար դերասանուհի Ռուզաննա Հակոբյանը դիմել է մարդու իրավունքների պաշտպանին, քանի որ կարծում է, որ թատրոնի գեղարվեստական ղեկավար Ժիրայր Դադասյանի կողմից տեղի է ունեցել մարդու իրավունքների ոտնահարում:   Իսկ ամեն ինչ սկսվել է 2011-ի օգոստոսից, երբ թատերախումբը մեկնել է Շվեյցարիա՝ մասնակցելու փառատոնի, որտեղ հասնելուն պես տեսել են, որ աշխատանքային մի շարք պայմանավորվածություններ խախտվել են՝ հիմնականում հոնորարի, վճարի հետ կապված, ու քանի որ ոչ մի փաստաթուղթ չի ստորագրվել, պայմանավորվածություններն էլ եղել են բանավոր, լռել են բոլորը, բայց, դրանից բացի, տեղում պարզել են, որ պետք է մնան ոչ թե հյուրանոցում, այլ մասնավոր տներում, քնել են հատակին, սնվել շատ վատ, իսկ երբ ինքը՝ Ռուզաննան ասել է, որ ուզում է անկողին մտնել ու հանգստանալ, Դադասյանն ասել է՝ գնա, խոտերի մեջ պառկի-հանգստացի: Դժգոհությունն ու խոսակցությունները հյուրախաղերից հետո տեղափոխվել են Հայաստան: Ռուզաննան իր դժգոհությունները բարձրաձայնել է ժողովի ժամանակ, ինչպես նաեւ հանդիմանել Դադասյանին, որ իրենց վերաբերվում է որպես ստրուկների` թատրոնը վերածելով ընտանեկան բիզնեսի, որտեղ աշխատում են կինը, տղան, քավորը. «Տղան աշխատում է որպես դերասան, բայց երբեք բեմ դուրս չի եկել: Կինը գրական մասի վարիչն է, չնայած Մնջախաղի թատրոնը երբեք չի ունեցել գրական մասի վարիչ, նախկին տնօրենի աղջիկը, որ նկարիչ էր, նրա փոխարեն բերեց իր քավորին՝ որպես նկարիչ: Իսկ ինքն էլ փորձերի քիչ է գալիս, գալուց էլ՝ նստած իր մյուս գործերն է անում»:



Ինչպես պատմում է Ռուզաննան, ժողովի ժամանակ իրենց դժգոհությունն արտահայտելու համար Դադասյանը նկատողություն է տվել իրեն եւ եւս երկու դերասանի: Դրանից հետո էլ հարաբերությունները սկսել են լարվել. «Ես գնում եմ թատրոն, ինքն ինձ չի թողնում փորձերին մասնակցեմ, ես փոխարինող եմ եւ այդպես ամբողջ մի տարի: Դրանից հետո, 2012-ի սեպտեմբերին, կանչում է ինձ եւ ասում` ինքնակամ դիմում գրի եւ ազատվի, ասում եմ` չեմ գրելու, ասում է` ուրեմն քեզ պրոֆ նիգոդնի կհանեմ եւ կմրոտեմ աշխատանքային գրքույկը»: Ռուզաննայի խոսքերով, Դադասյանն իր քայլերն ու պահվածքը մոտավորապես այսկերպ է հիմնավորում. «Օրենքն օրենք է, իրականությունը՝ իրականություն, ինչ է, ուզում ես սիստեմի՞ դեմ դուրս գալ»:



«Այնուհետեւ, դեկտեմբերին, ինձ կանչում ու դեմ է տալիս մի բացատրագիր, որտեղ գրվում է, որ ես մեկուկես տարի է՝ թատրոն չեմ եկել, առանց նշելու, որ այդ ինքը չի թողել, որ ես թատրոն գամ, ու հիմա ինքը, տարիքից ելնելով, հարմար չի գտնում ինձ հետ աշխատել, քանի որ նկատելի է ուժի կորուստ, ռեակցիայի պակաս, բայց իմ բոլոր դերերը ամենաբարդ, ֆիզիկական շարժումներով դերերն են եղել»: Ռուզաննայի կարծիքով, եթե խնդիրն իր տարիքի մեջ է, ապա ինչպե՞ս կարող է թատրոնի 65-ամյա տնօրենը՝ Յուրա Կոստանյանը, բեմում խաղալ՝ եւ առանց ֆիզիկական պատրաստվածության, «եւ անգամ Ժիրայր Դադասյանը, որ ժամանակ առ ժամանակ ստիպված է լինում դերասաններին փոխարինել, խաղում է առանց ֆիզիկական պատրաստվածություն անցնելու»: Բացատրագրում Դադասյանը Ռուզաննային առաջարկել է ձայնային օպերատորի աշխատանք. «Բայց դա ի՞նչ կապ ունի իմ մասնագիտության հետ, ես իր առաջարկին պատասխանել եմ` ոչ, դրանից հետո իրենից գալիս է մի նամակ, որին եթե 6 օրվա ընթացքում չպատասխանեմ, իմ հետ կնքած պայմանագիրը 60 օրվա ընթացքում լուծարման է ենթարկվում»: Ռուզաննայի կարծիքով, քանի որ Դադասյանն իրեն անօրինաբար որակազրկել է, ապա հիմա պահանջում է ատեստացիա. թող հանձնաժողովը քննի եւ որոշի՝ ինքը կարո՞ղ է աշխատել, թե՞ ոչ. «Խնդրում եմ հրավիրվի հանձնաժողով, լինի անկախ դիտորդական խումբ, եւ ովքեր խաղում են իմ դերերը, ես էլ խաղամ, իրենք էլ եւ որոշեն, թե ինչքանով եմ ես աշխատունակ եւ ոչ աշխատունակ»: Այս ժամանակահատվածում Ռուզաննան երկու անգամ դիմել է նաեւ մշակույթի նախարարություն` ներկայացնելով իր եւ Դադասյանի միջեւ ծագած խնդիրը, բայց ոչ մի պատասխան չի ստացել: Այդ հանգամանքից ելնելով՝ մոտ 10 օր առաջ էլ դիմել է մարդու իրավունքների պաշտպանին` խնդրելով ատեստացիա անցկացնել: Ռուզաննան թվարկում է իր դերերը եւ նշում, որ 88-ից մնջախաղի ոլորտում է, իսկ 93-ից աշխատում է Մնջախաղի թատրոնում, որն իր միակ աշխատանքն է, բայց Դադասյանի հետ ունեցած իր տարաձայնություններից հետո ոչ միայն գեղխորհրդի կազմից իրեն հանեցին, այլեւ շատ շուտով կզրկվի աշխատանքից եւս:



Մեզ հետ զրույցում Ժիրայր Դադասյանը զարմանում է եւ ասում, որ ինքը չի կարողանում բացատրություն գտնել, թե ինչպես «քո սիրելի դերասանուհին», որ տարիներ շարունակ եղել է օրինակ բոլորի համար, հանկարծ 180 աստիճանով փոխվում է, ավելին՝ Դադասյանը նշում է, որ Ռուզան Հակոբյանն իրենց թատրոնի լավագույն դերասանուհին էր, ինչո՞ւ անցած ժամանակով, որովհետեւ, «ցավոք, այս տարի լրանում է նրա 48 տարին, եւ վերջին տարիներին նրա մոտ զգացվում էր եւ հավասարակշռության, եւ ուժային, եւ ռեակցիայի կորուստ, սայթաքումները՝ բազմաթիվ: Իսկ ես կուզեմ, որ իմ ներկայացումները նորմալ ընթանան, եւ սայթաքումներ չլինեն»: Իսկ թե այդ դեպքում թատրոնի 65-ամյա տնօրեն Յուրա Կոստանյանն ինչպես է բեմ բարձրանում եւ խաղում, հարցին պատասխանում է ինքը՝ Կոստանյանը, նշելով որ ինքը նախ ռեժիսոր է եւ հետո. «Իմ ներկայացումներում ես սալտո չեմ անում, այլ անում եմ տարիքով մարդու տիպաժային կերպարներ եւ դրա համար էլ գումար չեմ պահանջում թատրոնից, ինչը լինում է միայն օգուտ թատրոնին: Ես ռեժիսոր եմ եւ կարող եմ դա նաեւ չխաղալ, իսկ ինքը՝ դերասանուհի, մի շարք գլխավոր դերերի դերակատար եւ պետք է լավ մարզավիճակում լինի»:



Անդրադառնալով 2011-ի Շվեյցարիայի փառատոնին, Դադասյանը նշում է, որ բոլոր պայմանավորվածություններն էլ կատարվել են, իսկ այն, որ հատակին են քնել՝ ճիշտ չէ: Ինչ վերաբերում է գրավոր պայմանագիր կնքելուն, ապա դերասաններն ի սկզբանե պայմանագիր են կնքում թատրոնում աշխատելու համար, ինչը ենթադրում է նաեւ հյուրախաղերի մեկնում. «Ինքը մեր թատրոնի դերասան է, հո ես իր հետ առանձին հյուրախաղի պայմանագիր չե՞մ կնքելու»:



Դադասյանը նշում է, որ դրանից հետո Ռուզաննան ու եւս 2 դերասան դիմել են աշխատանքային տեսչություն, մշակույթի եւ սփյուռքի նախարարություններ՝ զրպարտել իրեն: «Տեսչությանը գրված նամակում ինչ զազրախոսություն ասես գրված չէր, իսկ նախարարությանը գրված նամակից հետո նախարարությունից մեզ մոտ եկան ստուգման՝ աուդիտի, ի դեպ, ամեն ինչ իր տեղում էր»,-նշելով, որ իր կինն էլ, տղանն էլ թատրոնում են աշխատում, բայց դա չի նշանակում, որ «եթե իմ տղան կամ կինն են աշխատում, ուրեմն վատ են աշխատում»:



Դադասյանի եւ Կոստանյանի կարծիքով, իրենք չեն կարողանում հասկանալ, թե ինչ է դերասանուհու ուզածը. «Մենք ենք իրեն սովորեցրել մնջախաղ՝ ես եւ Կոստանյանը, ինքը մեր թատրոնում ստանում էր ամենաբարձր աշխատավարձը, եթե ինքը վստահություն չներշնչի, ես չեմ կարող իր հետ աշխատել, ես, իբրեւ գեղարվեստական ղեկավար, ձեւավորում եմ տրուպա, ես չեմ կարող այն մարդկանցով ձեւավորել, ովքեր քեզ հետ ունեն խնդիրներ, երբ վստահություն չկա, ես ո՞նց եմ աշխատելու այդ մարդու հետ, երբ ինքը կոնտակտի չի գալիս ու չի ասում, թե որն է իր խնդիրը»: Մեր զրուցակիցները հավելեցին, որ, ըստ թատրոնի կանոնադրության, գեղարվեստական ղեկավարն է որոշում ինչ կազմով աշխատել եւ ում հետ, եւ անգամ մարդու իրավունքների պաշտպանը չի կարող ասել, թե ում ընդգրկի իր ներկայացման մեջ. «Մենք մեր կողմից ամեն ինչ ապահովել ենք եւ ուրիշ գործ ենք առաջարկել, եւ այնպես չէ, որ մարդու իրավունքների պաշտպանը ստիպի, որ ես կամ Կոստանյանն իրեն ընդգրկենք մեր ներկայացումներում, բա մեր իրավունքներն ո՞վ պաշտպանի իբրեւ բեմադրիչ: Երբ գեղարվեստական ղեկավարին ասում են՝ դու լավ գիտես, որ թատրոնն իմ ուսերին է, ես էլ ասում եմ՝ եթե իմ բեմադրություններում խաղալով է քո ուսերին, ուրեմն չես խաղա, ուրիշի ուսերին կդնենք, մանավանդ լիքը լավ երեխեք կան, որոնց եթե չընդգրկենք, հեռանալու են: Չի կարելի ամբիցիա խաղալ, երբ որ դրա հիմքը չկա, բոլորովին»:



Այնուամենայնիվ, ինչո՞ւ շուրջ մեկուկես տարի Ռուզան Հակոբյանը բեմ չի բարձրացել: «Չի կարող մարդն այդ տրամադրությամբ խաղալ, այն էլ՝ քո բեմադրության մեջ, կարող է տապալել»: Պահանջե՞լ է Դադասյանը ինքնակամ դիմում գրել եւ հեռանալ, այլապես կմրոտի գրքույքը: «Այդպես ինքն է ասում, ես իրեն ընդամենը ասել եմ՝ արի մենք իրար հրաժեշտ տանք, եթե դու նույն խելքին ես մնացել: Չի կարելի փչացնել աշխատանքային մթնոլորտը: Մենք որոշեցինք, որ չգա փորձի, որպեսզի չփչանա մթնոլորտը մյուսների համար, հսկայական կոլեկտիվ է, ինչի՞ պիտի գան ու տեսնեն քիթ-մռութ, լեզվակռիվներ, ռեպլիկներ: Ոչ ոք չի հանել իրեն թատրոնից, շուրջ մեկ տարի իրեն պահպանել ենք թատրոնում, որպեսզի մի քիչ վերանայի իրեն եւ իր մոտեցումները, իսկ թատրոնում պետք է լինեն նաեւ փոխարինողներ, ո՞վ է ասել, թե ինքն անփոխարինելի է, ինչքա՞ն կարելի է դա հանդուրժել»:



 



Սոնա ԱԴԱՄՅԱՆ