Ի վիճակի չեն հիշել անունները

Ի վիճակի չեն հիշել անունները
Հայոց լեզվի եւ հայ գրականության շտեմարանների շուրջ արդեն մի քանի շաբաթ է, ինչ լրատվամիջոցներով եւ սոցիալական ցանցերով թեժ քննարկումներ են գնում: Բողոքում են թե ծնողները, թե աշակերտները եւ թե համահեղինակները: «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում 2 խումբ է ստեղծվել. մեկը՝ «Պայքար անորակ շտեմարանների դեմ», մյուսը՝ «Այո շտեմարաններին»,  որ պայքարում է շտեմարաններից անտեղի դժգոհողների դեմ:



Իսկ շտեմարաններից դժգոհողների թիվն իսկապես շատ է, ովքեր իրենց բողոք-նամակներով ողողել են անգամ Անահիտ Բախշյանի ֆեյսբուքյան էջը՝ խնդրելով իրենց աջակցել եւ հետեւողականություն հանդես բերել այս հարցի նկատմամբ: Անահիտ Բախշյանն էլ, հրապարակելով աշակերտների նամակները, իր հերթին հորդորում է կարդալ դրանք եւ համոզվել, թե որքան գործնական են մտածում մեր աշակերտները: Մասնավորապես տնտեսագիտականի մի դիմորդ գրել է. «Ինչո՞ւ պետք է տնտեսագիտական ընդունվող աշակերտն իմանա, թե որ շարքում են միայն դայակների անուններ, կամ Արտագերս ամրոցի գրավման նախընթաց գիշերը Որմիզդուխտի երգած հին արիական երգն ինչ խոհեր է ծնում թագուհու հոգում, կամ ում է հիշում Սամվելի հայրը նրա հետ զրուցելիս «Արաքսի որոգայթներում»»:



 



Մելինե Գեւորգյանն էլ կարծիք է հայտնել. «Անկասկած է, որ այս գործընթացը տանում է ոչ թե կրկնուսույցների ինստիտուտի վերացման, այլ առավել խորացման (բիզնես է, էլի): Կարծես սա բավական չէր, մի հուժկու հարված էլ մեր գլխին տեղացին վայ-շտեմարանները: Խնդրում եմ հայոց լեզվի կամ գրականության դասագրքերում նմանատիպ որեւէ վարժություն կարողանան ցույց տալ: Աշխարհը զարգանում է, իսկ մենք պիտի սերտենք ու անգիր անենք հնաբառեր, պատմության գիրկն անցած անհայտ կայսրությունների անուններ: Մենք` աշակերտներս, հաստատապես համոզվել ենք, որ շտեմարաններ կազմողները չգիտեն, թե ինչ է դպրոցը, ինչ են ծրագրային նյութերը, եւ որն է այսօրվա դպրոցի պահանջը: Արդյո՞ք մեր տարիքում նրանք ունեին այն բազային գիտելիքները, ինչ այսօր պահանջում են մեզանից (իսկ այսօր մեզանից պահանջում են ակադեմիական գիտելիքներ)»:



 



Շտեմարանների վրա աշխատել են 16 մասնագետներ, որոնց կարծիքով, սակայն, չկա մի բառ, որ օդից է վերցվել, եւ ամեն ինչ դպրոցական ծրագրի շրջանակներում է: Այնուամենայնիվ,  Գնահատման եւ թեստավորման կենտրոնն օրերս վերանայել է «Հայոց լեզու եւ հայ գրականություն» առարկայի «Շտեմարան 1»-ի առաջադրանքները, որոշելով քննական թեստերում չներառել «Հայոց լեզու եւ հայ գրականություն» առարկայի «Շտեմարան 1»-ի  I  եւ II գլուխների այն առաջադրանքները, որոնցում առկա են հետեւյալ բառերը` զօրհանապազ, տարրույթ, մրտիմ, դաստառակ, փսփսուկ/ք, քսուկ/ք, ազազուն, պարեխ, կայլակ, տմույն, բարեմույն, գուլ, գուբ, հույլ, հեղ, պարտասուն, մուշկ, պարիկ, մաշտոց, անդրենածին, կնդրուկ, արհավրալի: Բայց սա դեռ ամենը չէ, ԳԹԿ-ն որոշել է շտեմարանների քննարկումները շարունակական դարձնել: