Ցուցահանդեսներ նվիրված Սուրբ Սարգիս տոնին

Ցուցահանդեսներ նվիրված Սուրբ Սարգիս տոնին
Երեւանի գեղագիտության ազգային կենտրոնում եւ ՀՀ նկարիչների միությունում բացվել են Սուրբ Սարգսի տոնին նվիրված ցուցահանդեսներ:Գեղագիտության ազգային կենտրոնում բացված «Սիրո ուժն է անհաղթ» խորագրով ցուցահանդեսում ներկայացված են  կենտրոնի նկարչական ստուդիայի սաների աշխատանքները, իսկ ՀՀ նկարիչների միության ցուցասրահում` երիտասարդ ստեղծագործողների հանրապետական հինգերորդ հոբելյանական ցուցահանդեսի մասնակիցների գործերը:



Շնորհավորելով ներկաներին Սուրբ Սարգսի տոնի կապակցությամբ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը նշեց, որ տարիներ առաջ Արարատյան Հայրապետական թեմի նախաձեռնությամբ փորձ արվեց Սուրբ Սարգսի տոնը դարձնել ավանդական եւ այն հաջողվեց, այժմ ավելի մեծ զանգվածներ են ներգրավված այս տոնակատարությանը. «Եկեղեցական տոներում երիտասարդների ներգրավվածությանը նպաստում են երիտասարդ միությունները ի դեմս`«Արարատ» հոգեւոր երիտասարդ միության, որի շնորհիվ մի խումբ երիտասարդներ ներգրավված են երգչախմբում, պարի խմբակում եւ այլ դասընթացներում»:

«Արարատ» միության հոգեւոր պատասխանատու Տեր Հակոբ քահանա Խաչատրյանն էլ նշեց, որ յուրաքանչյուր ոք Աստծուն հիշում է տարբեր ճանապարհով, մեկը կարող իր երգով, պարով հիշել, իսկ ցուցահանդեսում ներկայացված նկարների հեղինակներն էլ նկարչության միջոցով են փառաբանում Աստծուն, հետեւաբար մեր աղոթքն ենք բերում առ Աստված հայցելով Սուրբ Սարգսի բարեխոսությանը:



 



Գեղագիտության ազգային կենտրոնի տնօրեն Լեւոն Իգիթյանն էլ տեղեկացրեց, որ «Սիրո ուժն է անհաղթ» ցուցահանդեսում ցուցադրված են 4-15 տարեկան երեխաների աշխատանքները. «Մենք երեխաներին ոչ թե նկարել ենք սովորեցնում , այլ նրանց տաղանդն ենք բացահայտում, ցանկացած երեխայի մեջ աստվածային շնորհ կա եւ նրանց պատեկրացումներով այսօր ներկայացրել ենք Սուրբ Սարգիս զորավարին»:



 



Աննա ՄԱԹԵՎՈՍՅԱՆ