Ով-ով՝ դուք գոնե լռեք

Ով-ով՝ դուք գոնե լռեք
Երեկ ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը որոշել էր իր լուման ներդնել Սերժ Սարգսյանի քարոզարշավին եւ ընդլայնված կոլեգիայի նիստ էր արել ու նիստից հետո հարցազրույց էր տալիս «Հայլուրին», որի իմաստը մեծ հաշվով այն էր, որ իրենք աչալրջորեն պայքարում են հանցավորության դեմ:



 



Ռեպորտաժից ուշադրությունս հատկապես գրավեց մի պահ. կոլեգիայի նիստում խոսվել է լատենտային հանցագործությունների մասին եւ հիշատակվել մի «խայտառակ» փաստ՝ Ավան համայնքում անցած տարի արձանագրվել է խուլիգանության ընդամենը մի քանի դեպք: Եվ դրա պատճառը գլխավոր դատախազը տեսնում է վճռաբեկ դատարանի մի նախադեպային որոշման մեջ, որտեղ ատյանն արձանագրել է, որ խուլիգանության դեպքում հարկավոր է անձի մասնավոր բողոք: Եվ քանի որ անձինք ոչ միշտ են բողոքում, ուստի խուլիգանության դեպքերը պատժելու հնարավորություն իրենք չունեն: Այ, այ, այ՝ մտածեց հեռուստադիտողը, իսկ ես մտաբերեցի 2011-ի ապրիլի 21-ին «Հրապարակի» խմբագրությունում կատարվող դեպքերը, երբ տիկին Մարգարիտա Խաչատրյանը՝ «Մառոզ» մականունով, մի խումբ անձանց հետ դեբոշ էր սարքել:



 



Եվ մենք իրավապահ մարմիններին գրավոր խնդրել էինք քրեական գործ հարուցել ու պատժել խուլիգանության ակնհայտ դեպքը: Բայց դատախազությանը եւ ոստիկանությանն այդպես էլ չկարողացանք համոզել, որ սեռական բնույթի հայհոյանքները, լրագրողներին ու խմբագրին քաշքշելն ու բաժակը մեզ վրա շպրտելը, սեղանները շուռ տալը խուլիգանություն է: Ավելին՝ դատարանը բավարարեց մեր բողոքը եւ պարտադրեց ոստիկանությանը քրեական գործ հարուցել, սակայն նույն Աղվան Հովսեփյանի ուղղակի հրահանգով քրգործ չհարուցվեց: Այնպես որ, պարոն գլխավոր դատախազ, լատենտային հանցագործությունների իրական հովանավորը հենց Դուք եք: