Աշտարակի քաղաքապետը հրաժարական չի՞ տա

Աշտարակի քաղաքապետը հրաժարական չի՞ տա
Երեկ Աշտարակում  լուրեր էին պտտվում, թե քաղաքապետ Արմեն Անտոնյանը, ով ընդամենը մի 5 ամիս առաջ է ընտրվել քաղաքապետ, հրաժարական է տալու: Պատճառը մարզկենտրոնում Հանրապետականի թեկնածու Սերժ Սարգսյանի պարտությունն էր:



 



Հատկանշական է, որ Րաֆֆի Հովհաննիսյանն այստեղ գործող նախագահի նկատմամբ ունեցել է 1300 ձայնի առավելություն: Իսկ շաբաթօրյա հանդիպումն աշտարակցիների հետ Րաֆֆի Հովհաննիսյանը սկսեց նախ քաղաքապետարան, քաղաքապետի նստավայր այցելելուց հետո: Աշտարակցիները կատակում են, թե Րաֆֆին քաղաքապետին շնորհակալություն է հայտնել իրեն սատարելու համար: Այս ենթադրությունն անուղղակիորեն մոտ է իրականությանը, քանզի նորընտիր քաղաքապետին իշխանությունները, հատկապես Սերժ Սարգսյանը, «դաբրո» են տվել, որպեսզի վերջինս լավության դիմաց լավությամբ պատասխանի, այսինքն` նախագահական ընտրություններին ձայն ապահովի Սերժ Սարգսյանի համար: Մեզ հասած տեղեկություններով` խոստումները շռայլ են եղել, դրա համար էլ «դաբրո» ստանալու վերջնաժամկետին խաղից դուրս մնացին նախկին քաղաքապետեր Կարեն Գեւորգյանը եւ Աշոտ Ղալաչյանը:



 



Արմեն Անտոնյանի հայտնվելը ցայտնոտ առաջացրեց ոչ միայն վերջիններիս, այլեւ աշտարակյան մի հոծ ընտրազանգվածի մոտ: Կյանքի եւ մահու գնով, միայն Հանրապետականին վայել ընտրական տեխնոլոգիաներով Արմեն Անտոնյանին դարձրին Աշտարակի քաղաքապետ: Վերջինս 4-5 ամսվա ընթացքում ոչ մի գործունեությամբ աչքի չի ընկել, բացի կենտրոնական փողոցներից մի քանի մեքենա աղբ հեռացնելուց եւ նախընտրական հանդիպումների ժամանակ Սերժ Սարգսյանին տրվող քվեների թվաքանակով իր մեջքի պնդությունը պայմանավորելուց: Այժմ փաստի առաջ է կանգնել նորընտիր քաղաքապետը, որի քաղաքապետության ամենակարեւոր առաքելությունը` Սերժ Սարգսյանին ձայներ ապահովելը, մնացին խոստումների մակարդակի:



 



Փորձենք խնդրին մոտենալ Արմեն Անտոնյանի տեսանկյունից. այն է` Սերժ Սարգսյանին ձայն տվեք, որպեսզի մեջքս պինդ լինի, կարողանամ քաղաքի համար հարցեր լուծել: Այս դեպքում հրաժարականն անխուսափելի պիտի լիներ, քանզի քաղաքապետն այլեւս անզոր է քաղաքի համար որեւէ հարց լուծել: Մեր հարցին, թե պատրաստվո՞ւմ է արդյոք հրաժարականի դիմում ներկայացնել, Արմեն Անտոնյանը պատասխանեց` ոչ:



 



Փաստորեն, աշտարակցի ընտրողը դարձյալ կոտրված տաշտակի առջեւ է: Նա այդ կարգավիճակում էր նաեւ նախկին քաղաքապետ Գագիկ Թամազյանի օրոք: Վերջինս մշտական խաղերի մեջ էր «Բարգավաճի» եւ Հանրապետականի հետ: Ստացվում է, որ համայնքի ղեկավարի պաշտոնը միայն նրա համար է, որ վերջինս ձայներ ապահովի իշխող կուսակցության թեկնածուի համար, բայց այդ հարցում էլ իրեն չի արդարացնում: