Արգամիչին զարմացնում են ընդդիմադիրների «դատարկ, սուտ» ելույթները

Արգամիչին զարմացնում են ընդդիմադիրների «դատարկ, սուտ» ելույթները
Ազգային ժողովի նիստերին, երբ ամբիոնին են մոտենում ընդդիմադիր պատգամավորները, ԱԺ խոսնակ Հովիկ Աբրահամյանը նկատելիորեն ուրախանում է, իսկ երբ սկսում են խոսել, անթաքույց հրճվում է:



 



Թե ընդդիմադիրների ելույթներն ինչու են այդպես զվարճացնում Արգամիչին, որ ի զորու չի լինում զսպել հրճվանքը, երեկ փորձեցինք պարզել հենց իրենից՝ ԱԺ-ում հրավիրած ասուլիսի ժամանակ: Նա էլ իրեն բնորոշ անկեղծությամբ խոստովանեց պատճառը: «Դատարկ խոսակցություններ են, դատարկ բաներ են խոսում, սուտ, անհիմն .... այ, դրանից զարմանում եմ»,-պատասխանեց խոսքի վարպետ, բացարձակ ճշմարտությունների կողմնակից Հովիկ Աբրահամյանը: Խորհրդարանի ղեկավարի այս գնահատականը փոխանցեցինք «Ժառանգության» պատգամավոր  Ռուբիկ Հակոբյանին: Նա ասաց. «Ես կասկածում եմ, որ  ԱԺ նախագահը նման գնահատականներ տված լինի, բայց ես կուզեմ, որ Հովիկ Աբրահամյանը հարգի այդ պաշտոնը, եւ այդ պաշտոնի ներկայացուցիչն իրավունք չունի այդ խոսքերով բնորոշել ընդդիմության  ելույթները»:  



 



ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ՈՂՋԱՄԻՏ ԱՌԱՋԱՐԿԸ «ԺԱՌԱՆԳՈՒԹՅԱՆ» ՀԱՄԱՐ ԱՆԸՆԴՈՒՆԵԼԻ Է



 



Երկրի հետընտրական իրավիճակով «մտահոգված» ԱԺ խոսնակը երեկ անդրադարձավ նաեւ «Ժառանգության» ողջամիտ առաջարկներին: Սերժ Սարգսյանին ուղղված  Րաֆֆի Հովհաննիսյանի առաջարկներն այն մասին, որ ճանաչեն իր հաղթանակը կամ խորհրդարանական նոր ընտրություններ կազմակերպեն, Հովիկ Աբրահամյանը ողջամիտ չի համարում: Ըստ նրա՝ ողջամիտ կլինի այն, որ «Ժառանգությունը» մաս կազմի կառավարությանը: Սակայն սա անընդունելի է  «ժառանգականների» համար, քանի որ այս խորհրդարանի պայմաններում, երբ հրահանգներ են կատարում, կարող են դեմ քվեարկել իրենց կողմից ներկայացված ցանկացած օրինագծի` այդպիսով տապալելով իրենց բարեփոխումների ծրագիրը: Այս կարծիքին է «Ժառանգության» փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը, իսկ ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար  Ռուբիկ Հակոբյանը կարծում է, որ իրենց առաջարկներն արդեն ողջամիտ են, եւ ընդամենը քաղաքական ճաշակի հարց է:



 



Ի՞նչ հնարավոր հանգուցալուծում կարող է լինել, հարցրինք Հակոբյանին: «Պետությունը հայտնվել է ծանրագույն իրավիճակում ընտրությունները կեղծելու առումով, եւ ինչ որ կատարվում է, սրա հետեւանք է: Եվ պետք է կարողանալ ճիշտ գնահատել այս պահը ու ինչ-որ տեղ նաեւ փոխադարձ լուծումներով կարողանալ պետությունը դուրս բերել այս վիճակից: Պետք է ասել, որ այն, ինչ իրենք ասում են՝ խելամիտ, ողջամիտ լուծում չէ, եւ ստիպված մենք  էլ համարժեք քայլեր պիտի ձեռնարկենք ի պատասխան իրենց»: Քայլեր ասվածն էլ դեռեւս դրսեւորվում է հանրահավաքներով, մինչեւ որ դե յուրե ու դե ֆակտո իշխանության վերնախավում կարողանան փոխադարձ լուծումներ գտնել իրավիճակից դուրս գալու համար: Իսկ մինչ այս, Արգամիչը հայտարարեց, որ իրենք ընդդիմադիրների հանրահավաքները ցրելու անօրինական քայլերի չեն դիմի, օրինակ՝ բանակի կամ ուժային կառույցների մասնակցությամբ: