Հետընտրական իրավիճակ ասածը իշխանության ստեղծածը չէ

Հետընտրական իրավիճակ ասածը իշխանության ստեղծածը չէ
Չնայած այն բանին, որ արդեն մի քանի օր շարունակ Հանրապետական կուսակցության ծանր ու թեթեւ հրետանին գործի է անցել եւ փորձում է պաշտպանել նախագահի ընտրությունների պաշտոնական արդյունքները,  եւ որքան էլ  ՀՀԿ պատգամավորները դասը սերտածի պես  անընդհատ հայտարարում են, որ Հայաստանում հանգիստ վիճակ է, եւ Սերժ Սարգսյանն էլ ջախջախիչ հաղթանակ է տարել, հետընտրական բողոքի ալիքը հետզհետե մեծանում է եւ սպառնում վերածվել համաժողովրդական շարժման:



 



Այնուամենայնիվ անլուրջ է մտածել, որ ՀՀԿ-ն եւ Սերժ Սարգսյանը պատրաստվում են  իշխանությունը հոժարակամ, սկուտեղի վրա հանձնել ընտրություններում պաշտոնական արդյունքներով երկրորդ տեղը զբաղեցրած Րաֆֆի Հովհաննիսյանին, նույնքան անհեռանկարային է նաեւ հեղափոխությամբ իշխանափոխություն իրականացնելը: Երեկ Սյունիքի մարզի Կապան քաղաքում նախագահի ընտրություններում պաշտոնական տվյալներով 2-րդ տեղը գրաված նախագահի թեկնածու  Րաֆֆի Հովհաննիսյանը հիշեցրել է, որ Սերժ Սարգսյանին ներկայացրած իր բոլոր առաջարկները մերժվել են, ապա հայտարարել է, որ այժմ սպասում է նրա առաջարկներին։ Նշանակում է, որ, այնուամենայնիվ, ոչ հեղափոխական տարբերակով էլ է հնարավոր հետընտրական լարվածությունը թուլացնել:



 



Մինչ այս պահը իշխանությունը սրան ուղղված հրապարակային միայն կոալիցիոն կառավարման առաջարկ է արել, որը երեկ հնչեց ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի շուրթերից, բայց «իրավատեր եւ իրավազոր» Րաֆֆի Հովհաննիսյանը եւ նրա թիմը կտրուկ դեմ են՝ համարելով, որ դա ողջամիտ չէ, քանի որ, հաշվի առնելով խորհրդարանում քաղաքական ուժերի հարաբերակցությունը, իշխող մեծամասնությունն ընդունելու կամ տապալելու է կառավարության ցանկացած օրենսդրական նախագիծ: Ուստի անհրաժեշտ է հետընտրական իրավիճակի լարվածությունը թուլացնելու այլ մեխանիզմներ գտնել:



 



Իշխանությունն ի՞նչ քայլեր պետք է անի այս ուղղությամբ, երեկ հարց ուղղեցինք ՀՀԿ խմբակցության պատգամավոր Կարեն Ճշմարիտյանին: «Ճիշտն ասած՝ հետընտրական իրավիճակ ասածը իշխանության ստեղծածը չէ,- չհամաձայնեց Ճշմարիտյանը, հանդարտ հավելելով:- Ինձ թվում է՝ իշխանությունն օրենքի սահմաններում պետք է պահպանի հանդուրժողականություն եւ շարունակի իր աշխատանքը»: Այսինքն՝ կարելի է հանգիստ անտեսե՞լ կես միլիոնից ավելի դժգոհ մարդկանց, որոնք այս պահին վճռական են տրամադրված եւ իշխանափոխություն են տենչում: «Ինձ թվում է, որ կառավարության նոր ներկայացվելիք ծրագրերում որոշակի ավելի արագ բարեփոխումների ուղղված միջոցառումներ կլինեն, ավելի կոնկրետ արդյունքներով եւ ավելի մանրակրկիտ կարելի է անդրադառնալ ներդրումային միջավայրի բարելավմանն ուղղված բարեփոխումներով, որի արդյունքում կստեղծվեն աշխատատեղեր, կարճ ասած՝ հարցերին լուծում տալ»:



 



Իշխանության ներկայացուցիչներից ոմանք հայտարարում են, որ նոր կառավարությունը նոր դեմքով է լինելու, այսինքն, կադրային փոփոխություններով է փորձում ճգնաժամը հաղթահարել: Սրանով հնարավո՞ր է հանդարտեցնել դժգոհ զանգվածը: «Ես չեմ կարծում, որ մարդ փոխելով… Սկզբունքների վրա է պետք ուշադրություն դարձնել: Միգուցե ինչ-որ տեղեր կադրային փոփոխություններ անելով, ժողովրդի մոտ կրքերը հնարավոր լինի հանդարտեցնել… չնայած ես կրքոտ-բան, անկեղծ ասած, չեմ նկատում, գուցե պայքարի ձեւերն ու տեխնոլոգիանե՞րն են փոխված, ուստի ինձ թվում է՝ պետք է մի փոքր համբերել»,- ասաց Ճշմարիտյանը:



 



Փոխարենը ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանն է դժգոհում. «Լիցքաթափելու (խոսքը մթնոլորտի մասին է) համար պետք է դիմացինդ այդ մտայնությունն ունենա»: Բացի դրանից, Գրիգորիչը լիցքաթափելու խնդիր չի տեսնում, «դաշտն ազատ է, ժողովրդի հետ հանդիպումներ են ընդամենը ընթանում»: Հիշեցնում է, որ խորհրդարանական ուժերի մեջ ներկայումս բանակցություններ են գնում, բանակցում է հենց ինքը՝ Սահակյանը, «Ժառանգության» եւ ՀՅԴ-ի հետ` ընդդիմադիր պլատֆորմի շուրջ, որից հետո գործընթացի մեջ կներառեն նաեւ ԲՀԿ-ին ու ՀԱԿ-ին:



 



«Փորձում ենք գտնել մի մոդել, որը կնպաստի երկրի հետագա զարգացումներին. այս պահին «Ժառանգության» հետ որոշակի քայլեր ենք արել, սկզբունքներ ենք մշակել, որի հիման վրա իրենք պետք է ներկայացնեն, թե ինչ են ուզում, ինչ խնդիրներ կան, հենց կոնսենսուսի եկանք, դրան կհետեւի արտահերթ նիստը»: Կոնկրետ ինչ սկզբունքների մասին է խոսքը, առայժմ չի ցանկանում ասել, դեռ քննարկման փուլում են. «Գաղափարը հետեւյալն է, որ դաշտն այնպես պետք է լինի, որ ընդդիմությունը կարողանա կայանալ: Ընդդիմությունը բավական լուրջ ինստիտուտ է, եւ ժողովուրդ հավաքել-կանգնելով՝ ընդդիմություն չի ձեւավորվում: Դաշտն այնպիսին պետք է լինի, որպեսզի ամրապնդվեն եւ տեսակետները, եւ հետագա ուղեծիրը, թե ինչպես են իրենք դատում: Հնարավորություն պետք է տալ, որպեսզի իրենք կարողանան որոշել ինչպիսի գործիքներով հետագայում պետք է գործեն: Մենք փորձում ենք հնարավորություն տալ, որ այն գործունեությունը, որը ծավալվել է եւ շարունակվում է, մինչեւ իր վերջնակետն ունենա, թե ինչ ուղղությունով կտանեն, դա իրենց խնդիրն է»: Պարզեցինք նաեւ, որ «Ժառանգությունը» վերոնշյալ բանակցությունների սեղանին բազմաթիվ կետերից բաղկացած պահանջների փաթեթ է ներկայացրել, սկսած խորհրդարանական կառավարմանն անցնելուց, վերջացրած տարբեր ոլորտներում ի դեմս ընդդիմադիրների՝ վերահսկողական մարմինններում ներկայացուցչության: Եվ հիմա այդ պահանջների քննարկման փուլն է, ու միայն արդյունքներից պարզ կդառնա՝ «Ժառանգությունը» համաձայնո՞ւմ է զբաղեցնել կառուցողական ընդդիմադիր դաշտը, թե՞ պայքարը շարունակելու է փողոցում:



 



«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը մեր թերթի հետ զրույցում նույնպես չցանկացավ մանրամասնել քննարկվող կետերը, հավելելով, որ վերահսկողական մարմիններին վերաբերող կետը երկրորդականներից է: ԲՀԿ խմբակցության պատգամավոր, կուսակցության մամլո խոսնակ Տիգրան Ուրիխանյանից տեղեկացանք, որ ԲՀԿ-ին նման պլատֆորմի մասնակցության առաջարկ դեռեւս չի եղել եւ որեւէ քննարկում էլ չի եղել: Սակայն խոսնակը, վկայակոչելով ուսանողների եւ այլ ոլորտների բողոքի ակցիաները, ստեղծված իրավիճակից ելքը համարեց սոցիալական կյանքի բարելավումը: «Մինչեւ չփոխվի մարդկանց կյանքը, մարդկանց կյանքի որակը, որեւէ բան չի թուլանա, հրատապ բարեփոխությունների իրականացում է պետք: Առհասարակ սպասում ենք, երբ մեզ մեկը կառաջարկի կոնկրետ բովանդակություն, միասնական օրակարգի մշակմանն անցնելու մեր կոչն էլ դա էր, ինչը մենք ամիսներ առաջ ենք արել, բայց կոնկրետ գործողությունների ծրագիր դեռ չի առաջարկվում, բացի հռչակագրային ձեւակերպումներից»,- ասաց Ուրիխանյանը: Ի դեպ, խորհրդարանական կուլիսներում երեկ խոսակցություններ կային, որ ընդդիմադիր պլատֆորմի եւ միասնական օրակարգի ձեւավորման հարցերի պատասխանները թերեւս կտա Րաֆֆի Հովհաննիսյանի այսօրվա հանրահավաքը: Որքան մարդ կմասնակցի այդ հանրահավաքին եւ ինչպիսի տրամադրվածությամբ, դրանից կախված կլինի նաեւ Րաֆֆի Հովհաննիսյանի վերջնական դիրքորոշումը: