Շատ դժգոհ ենք արդյունքներից

Շատ դժգոհ ենք արդյունքներից
Չնայած համայնքապետի պաշտոնն ընտրովի է, սակայն Սերժ Սարգսյանի պարտությունից հետո հրաժարականի  տեղատարափներ են սկսվել: Դրանք մեկնարկել են Շիրակի մարզպետից, ապա տեղեկություններ տարածվեցին, որ դիմումներ են գրել նաեւ Վանաձորի եւ Արմավիրի քաղաքապետները, սակայն սրանց հետ կապված գործընթացը կասեցվեց, քանի որ արձագանքները բացասական էին:



 



Անգամ խորհրդարանում խոսվեց այն մասին, որ խայտառակություն է, երբ ընտրովի պաշտոնում մնալու միակ նախապայմանը դառնում է Սերժ Սարգսյանի օգտին ստացված ձայների քանակը: Մեզ հետաքրքրում են հատկապես Շիրակի մարզում տեղի ունեցող դեպքերը: Գիզիրյանի հրաժարականից հետո լուրեր են շրջում, թե այդ աթոռը զբաղեցնելու է մարզից մեծամասնական ընտրակարգով պատգամավոր ընտրված Արման Սահակյանը: Թեեւ երեկ նա ասել էր, որ իրեն նման առաջարկ չի եղել, սակայն հարց է ծագում՝ իսկ ինչո՞ւ է միայն մարզպետը պատասխանատու դիտվում մարզի «ցուցանիշների» համար, իսկ Արման Սահակյանին հնարավոր է անգամ խրախուսեն: Մենք զրուցեցինք նրա հետ:



 



- Պարոն Սահակյան, Ձեր կարծիքով, ինչո՞վ էր պայմանավորված Սերժ Սարգսյանի պարտությունը հատկապես Շիրակի մարզում:



 



- Ես նախորդ ընտրություններին էլ բազմիցս ասել եմ, որ այն պայմանավորված է սոցիալ-տնտեսական շատ վատ պայմաններով, որ, ցավոք սրտի, էս պահին առարկայական լուծումներ երեւի չէին տեսնում… Մենք հավաքեցինք մոտավորապես էնքան ձայն, ինչքան 2012 թվականի մայիսի 6-ի ընտրությունների ժամանակ:



 



  - Ինչպե՞ս ստացվեց, որ իրենց հաղթանակի համար ոչինչ չխնայող պատգամավորները նախագահի ընտրություններում «թերացան»: 



 



- Համենայնդեպս, հանրապետական պատգամավորները փորձել են մաքսիմումն անել, ամեն դեպքում, էս նախագահական ընտրություններ էր, եւ ժողովուրդը շատ հույսեր էր կապում էս ընտրությունների հետ… բնական է, շատ դժգոհ ենք արդյունքներից:



 



 - Իսկ այդ պարտությունը մեծամասնականով ընտրված   պատգամավորների համար պատասխանատվություն ենթադրո՞ւմ է, օրինակ, համայնքապետերը սկսել են  հրաժարականի դիմումներ գրել:    



 



- Ճիշտն ասած, կարծում եմ՝ էդ հարցը պիտի ինձ ուղղված չլինի, չեմ կարծում, որ կոնկրետ պատասխանատվության հարց կա, ամեն դեպքում, Աշոտ Գիզիրյանի որոշումը ես շատ հարգում եմ, որովհետեւ ինքն իրեն պահեց այս պահին հարիր, ինձ թվում է:



 



 - Նշում եք սոցիալ-տնտեսական խնդիրների առկայության մասին, բայց այդ խնդիրների լուծումների ուղղությամբ քայլեր չարվեցին՝ գոնե ժողովրդի քվեին արժանանալու համար: Ի՞նչն էր պատճառը, իշխանությունը վստահ էր, որ անհրաժեշտ քվեները կապահովե՞ն:   



 



- Շատ մեծ ծրագիր իրականացվեց Գյումրիում բնակարանաշինության մասով, Մուշ թաղամասը կառուցվեց, բնակարան հանձնվեց այս ընթացքում, եւ մեծ հաշվով, չնայած կան բացթողումներ, եւ շատ ընտանիքներ, որոնք առանց բնակարանների են մնացել, բայց էդ հարցը որակական բավականին մեծ լուծում ստացավ: Ամեն դեպքում, ստացվեց, որ դա բավարար պատճառ չէ, որ ժողովուրդը բավարարվի, մենակ բնակարանը չի, աշխատատեղերի սարսափելի մեծ խնդիր կա:



 



- Իշխանությանն ակնհայտ դարձավ, որ ժողովրդի դժգոհության ալիքն ավելի մեծ է ու անթաքույց, դրանից ի՞նչ հետեւություններ պետք է անի իշխանությունը:



 



- Պետք է Գյումրիի զարգացումով զբաղվենք, թե օֆիցիալ տվյալներով, թե անզեն աչքով երեւում է, որ տնտեսական, սոցիալական կյանքը Շիրակի մարզում խիստ վատ է, քան ամբողջ Հայաստանում: