Դասադուլ անող ուսանողները ծեծի են ենթարկվել

Դասադուլ անող ուսանողները ծեծի են ենթարկվել
Արդեն շարունակական բնույթ կրող ուսանողական դասադուլները երեկ կրկին ԵՊՀ-ի դիմացից սկսվեցին, ուսանողները երթով ուղղվեցին համալսարաններ, կոչ ուղղելով ներսում փակված ուսանողներին՝ միանալ երթին եւ դասադուլի միջոցով բողոքել ՀՀ նախագահի ընտրությունների կեղծված ու իրականությանը չհամապատասխանող արդյունքների դեմ:



 



Բայց համալսարաններում նրանց հաճելի ընդունելություն չէր սպասվում, ավելին՝ որոշ բուհերի բակերում բախումներ ու ծեծկռտուք է տեղի ունեցել ոստիկանների ներկայությամբ, որոնք չեն միջամտել, չեն կանխել դասադուլավորների վրա հարձակվող հակադասադուլավորների գործողությունները: «Առավոտյան ԵՊՀ-ի բակում մենք խաղաղ կանգնել էինք, եւ մեզ այնտեղից հրելով հեռացրել են, նրանց մեջ կային եւ ուսանողներ, եւ ոստիկաններ»,- ասում է Թատերական ինստիտուտի 4-րդ կուրսի ուսանողուհի Դիանա Մարտիրոսյանը: Էդգար Վարդանյանը շարունակում է. «ԵՊՀ-ի դիմաց քրոջս՝ պետական համալսարանի ուսանող Անահիտ Վարդանյանին ծեծել են՝ ապտակել, ինձ էլ բռունցքով հարվածել մեջքիս ու հրել: Ուսանողներից էին, բայց ես չգիտեմ նրանց անունները, իսկ ոստիկանները չէին միջամտում»: Բռնության ենթարկված ուսանողները նաեւ պատմում էին, որ Բժշկական եւ Ագրարային համալսարանների պատուհաններից ծամոնի եւ ծխախոտի տուփերով հարվածել են ներքեւում հավաքված դասադուլավոր ուսանողներին. «Բժշկականի մոտ մի քանի հոգի հարվածեցին մեզ ու փախան-թաքնվեցին բերետավորների թիկունքում: Բերետավորներին հարցրինք՝ խուլիգանության համար ինչո՞ւ չեք պատժում նրանց, պատասխանեցին, թե ոչինչ չեն տեսել: Եթե մեզանից մեկը նման արարք թույլ տար, անմիջապես թեւերը կոլորեին»:



 



ԵՊՀ հոգեբանության ֆակուլտետի 2-րդ կուրսի ուսանողուհի Էրմոն Եղնուկյանը պատմեց. «Դեկանը մտավ լսարան եւ կուրսի ներկայությամբ հայտարարեց, որ ով մասնակցի դասադուլին, կհեռացվի համալսարանից: Կուրսի ուսանողներն այդ հայտարարությունն ընդունեցին վախով եւ չմասնակցեցին դասադուլին, իսկ ես՝ հակառակ այդ սպառնալիքին, միացել եմ իմ բողոքող ընկերներին: Ես կոչ եմ անում բոլոր ուսանողներին, որ լինեն անվախ եւ պայքարեն իրենց իրավունքների համար»:



 



Բռնության ենթարկված ուսանողներն օրվա երկրորդ կեսին հավաքվել էին Մաշտոցի պուրակում եւ քննարկում էին իրենց հետագա անելիքները: Հակառակ իրենց իրավունքների ոտնահարմանը, հակադասադուլավոր ուսանողների կատարած բռնարարքներին եւ դասախոսների սպառնալիքներին, նրանք վճռական էին տրամադրված՝ շարունակելու իրենց բողոքի ակցիան:



 



Ֆելիքս ԵՂԻԱԶԱՐՅԱՆ