Էպոսագետը հանգիստ է

Էպոսագետը հանգիստ է
Նախագահի էպոսագետ թեկնածուին չեն կանչել հարցաքննության Պարույր Հայրիկյանի դեմ մահափորձի գործով: «Ոչ կանչել են, ոչ էլ կկանչեն ապագայում: Ես այդ գործի մասին մոռացել եմ եւ ձեզ էլ խորհուրդ կտայի, որ դուք էլ մոռանայիք»,- երեկ «Հրապարակին» ասաց Վարդան Սեդրակյանը:



 



Նա արդեն ապաքինվում է անսպասելի հիվանդությունից եւ կրկին ակտիվացնելու է իր կապերը ԶԼՄ-ների հետ: «Չեմ ճանաչում այս ընտրությունների արդյունքները եւ Սերժ Սարգսյանին որպես ՀՀ նախագահ չեմ ճանաչում: Դուք ի՞նչ եք կարծում, եթե ես միայն 2007 թվականի ԱԺ ընտրություններում ունեի 6 հազար ձայն, եթե իմ ընտրատարածքում՝ Քանաքեռ-Զեյթունում, որտեղ ես ապրում եմ, ընդամենը 26 ձայն են գրել, ո՞նց կարող եմ ընդունել ընտրությունները»,- ասաց Սեդրակյանը: Ըստ էպոսագետի, բոլոր թեկնածուների ստացած ձայներն էլ իջեցված են: «Բայց կարեւորը մեր թվերը չեն, այլ Սերժ Սարգսյանի ստացած 58 տոկոսն է: Իրեն հայ ժողովուրդը չի ընտրել, եւ ես նրան չեմ ճանաչում ՀՀ նախագահ: Նախագահական ընտրությունները Հայաստանում նոր են սկսվում: Ես եմ լինելու Հայաստանի չորրորդ նախագահը»,- հայտարարում է Վարդան Սեդրակյանը եւ պատրաստվում այս թեման զարգացնել նաեւ այսօրվա իր ասուլիսում: