Որ ճանապարհով կգնա ԲՀԿ-ն

Որ ճանապարհով կգնա ԲՀԿ-ն
Ինչպես տեղեկացնում են ԲՀԿ մեր աղբյուրները` մարտի առաջին օրերին տեղի է ունենալու ԲՀԿ ֆրակցիայի եւ քաղխորհրդի ընդլայնված կազմով նիստը, որը, վերջիններիս գնահատմամբ, լինելու է պատմական այն առումով, որ այդ նիստում վերջնականապես որոշվելու է, թե ուր է գնում ԲՀԿ-ն ու ում հետ, ըստ այդմ էլ որոշվելու է` ԲՀԿ-ն շնորհավորո՞ւմ է Սերժ Սարգսյանին, թե՞ ոչ: Նիստում քննարկվելու է նաեւ Երեւանի ավագանու ընտրություններին ԲՀԿ մասնակցության ձեւաչափը, ինչպես նաեւ հարցը, թե ով է ղեկավարելու ցուցակը: «Կա մի քանի պլատֆորմ, որոնք արդեն ներկայացվել են ԲՀԿ առաջնորդին,- տեղեկացրեց մեզ հետ զրուցող ԲՀԿ-ականը:  - Անորոշությունը բերել է նրան, որ ամենամեծ պոտենցիալ ունեցող քաղաքական  ուժերից մեկն այսօր վերածվել է ՀՀԿ-ի բուֆերի, կորցրել է իր վստահությունը. արդեն թեւավոր արտահայտություն է դարձել` էդ ո՞նց էր, որ Ծառուկյանն ասում էր` ամեն ինչ կկորցնեմ, բացի ժողովրդի վստահությունից: Ամեն ինչ չկորցրեց, բացի ժողովրդի վստահությունից.  այս վիճակը, որ մեզնից բուտերբրոդ էին ցանկանում պատրաստել, առջեւում` ՀՀԿ-ն, հետեւում` Րաֆֆին, մեջտեղում` մենք, կյանքի էին ուզում կոչել դեռ խորհրդարանական ընտրությունների ժամանակ, մենք չհամաձայնեցինք, հիմա, փաստորեն, ստացվեց: Մարտի 5-ին մենք ուզում ենք, որ Գագիկ Ծառուկյանը բարձրաձայն ասի, թե ինչ է ինքն ուզում, եւ արդյո՞ք դա մեր ուզածն է, թե՞ ոչ»:



 



Ձեր համարձակությունը կների՞ այդքանը նրան ասել՝ հարցրինք մեր զրուցակցին: «Այդ պլատֆորմներն արդեն իսկ ներկայացվել են նրան. եթե հայտարարում ենք, որ ընդդիմություն ենք, եւ միանում ենք Րաֆֆիին, ապա դիմացը քաղաքական գործընթաց է՝ Երեւանի ընտրություններ, այդ դեպքում միանում ենք ՀՅԴ-ի, ՀԱԿ-ի հետ եւս, դառնում բեւեռ, գնում ենք ընտրությունների, վերցնում քաղաքապետի պաշտոնը. Հանրապետականից բացի, ով հաղթեց Երեւանի ընտրություններում, Հանրապետականի հետ կազմում է նոր` համապետական կոալիցիա, այլապես մեծ կռիվ է առաջանալու հանրապետության կես բնակչությունն իր մեջ ամփոփած Երեւանի եւ մնացածների միջեւ, եւ սկսելու են միմյանց դեմ աշխատել: Սա սեփական դեմքը պահելու տարբերակ է, որն էլ հետագայում կապահովի մյուս քաղաքական փուլերին մեր մասնակցությունը: Սակայն չենք բացառում, որ հնարավոր է նաեւ Ծառուկյանը հայտարարի, որ այսօր  ենք գնում  կոալիցիա կազմելու, պետք է ասվի` ինչու եւ ինչպես, որովհետեւ այդ դեպքում արդեն մեզ համար հարցերը շատ-շատ են»,- ասաց արմատական լուծումների կողմնակից ԲՀԿ-ականը:



 



Անի ԱՌԱՔԵԼՅԱՆ