ՀՀԿ-ն սկսել է ընտրարշավը

ՀՀԿ-ն սկսել է  ընտրարշավը
Երեկ «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ քննարկում «Երեւանի ավագանու ընտրություններին ընդառաջ քաղաքական ուժերի հնարավորությունները» թեմայով: Մասնակցում էին «Ժառանգությունից» Դավիթ Սանասարյանը, ՀՅԴ-ից՝ Արթուր Եղիազարյանը, ՀԱԿ-ից՝ Զոյա Թադեւոսյանը, ԲՀԿ-ից՝ Տիգրան Ուրիխանյանը, ՕԵԿ-ից՝ Հովհաննես Հովհաննիսյանը, ինչպես նաեւ նորաստեղծ «Առաքելություն» կուսակցության ներկայացուցիչ Մանուկ Սուքիասյանը՝ բոլորն էլ Երեւանի ավագանու ընտրությունների թեկնածուներ: Իշխող կուսակցություն ՀՀԿ-ից որեւէ մեկը չէր մասնակցում քննարկմանը:



 



Երեւանի ավագանու ընտրություններին մասնակցող կուսակցությունների ներկայացուցիչները հերթով վստահեցնում էին, որ ամեն ինչ անելու են արդար, թափանցիկ ընտրություններ ունենալու համար, ամենակարեւորը, որ բոլոր ընտրատեղամասերում լուրջ հսկողություն են սահմանելու: Այդ կարծիքին էր անգամ ՀՀԿ-ի հետ կոալիցիա կազմած ՕԵԿ ներկայացուցիչը: Իսկ Զոյա Թադեւոսյանի համար մտահոգող էր Տիգրան Մուկուչյանի այն հայտարարությունը, որ հնարավոր է ընտրատեղամասերն ավելանան. «Ինչի՞ հաշվին պետք է ավելանան, երբ երկրում արտագաղթ է»: Գրեթե բոլորը նշում էին, որ արդեն Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը սկսել է իր ընտրարշավը՝ օգնություններ բաժանելով, Երեւանի կենտրոնում ինչ-որ զարդարանք հիշեցնող բարեփոխումներ անելով. «Կենտրոնից դուրս եկեք եւ կտեսնեք, որ Երեւանի մեջ մտնող գյուղերում մարդիկ լապտերիկներով են ման գալիս»:



 



Նրանք բոլորն առանձին-առանձին համոզված էին, որ հաղթելու են, նաեւ չէին բացառում միասնական շտաբ ստեղծելու գաղափարը: Իսկ «Առաքելություն» կուսակցությունից Մանուկ Սուքիասյանի այն առաջարկին, որ եթե իշխանական սցենարը գործի, եւ ՀՀԿ-ն կեղծիքներով հաղթի, կարելի է բոյկոտել՝ հրաժարվելով ընդդիմադիր կուսակցություններին բաժին հասած սակավաթիվ մանդատներից, մյուսները չհամաձայնեցին: «ԲՀԿ-ն գնում է հաղթելու եւ աշխատելու, կբավարարվի այնքանով, որքան ձայն կտան Երեւանի ընտրողները»,- ընդգծեց Տիգրան Ուրիխանյանը: