Պատճառ

Պատճառ
Թող սկիզբը լինի քաղվածք զալցբուրգյան լրագրից. քաղվածք ինքնասպանությունների փորձերի եւ ի վերջո հաջողված ինքնասպանությունների մասին, իսկ ես թող ատեմ էս քաղաքի տականքներին, երեսփոխաններին ու վերջացած սրիկաներին, ատեմ քաղաքը, քաղաքի ոգին կամ հոգին, կամ սիրտը, եթե ունի: Զզվում եմ բոլորիցդ մեկառմեկ:



 



Մանկությանս ու երիտասարդությանս զգալի մասն անցել է ճնշող, նսեմացնող, արհամարհող ու ճոռոմախոս մարդկանց միջավայրում, ովքեր բամբասանքը դարձրել են փիլիսոփայական նոր ուղղություն: Բամբասում են՝ չգիտակցելով, որ բամբասում են սեփական կյանքից, սեփական անձից, սեփական սովորույթներից, սեփական կեղտից` կործանելով երիտասարդ մարդու նոր սկսվող կյանքը, որ կամ ջախջախվում է բետոնների վրա, կամ խեղդվում պարանոցները ճզմվող հանգույցներից: Աննշան հնարավորության դեպքում, այս քաղաքի մարդիկ` անզգա  ու բթացած որսագողերի պես, մարդու մեջ սպանում են տաղանդի գեթ փոքրիկ նշույլը. սպանում են, որ հանկարծ տաղանդավոր մարդ չլինի. ուզում են ոչնչանաս, սպառվես,  փոշիանաս, ուզում են իրենց պես տականք դառնաս, միջակություն, ուզում են բամբասես, նախանձես, չարախոսես, որ գցեն թակարդը, որ կործանումդ հեշտ լինի:  Քաղաքն ու քաղաքի մարդիկ լոկ մահվան գործիքներ են`  ճոպաններն ու ատրճանակները, դանակներն ու ասեղները, դավաճանություններ ու խարդավանքներ: Ոչ ոք թող չսպասի իմ քնքշությանը, իմ ներողամտությանը, ես քֆրտելու եմ ձեզ ու ինձ. մինչեւ վերջ թքելու եմ  շենքերի, փողոցների ու մայթերի երեսին` գոռալով ասելու եմ, որ առանց ատելության չի լինում անկեղծություն: Ես փորձելու եմ իմ ատելությունը դարձնել ճշմարտություն, որ երբեք չմոռանաս իմ նողկալի զգացողությունը քո հանդեպ, քաղաք:



 



Թող իմ կողմից սա լինի ավստրիացի արձակագիր Թոմաս Բերնհարդի ստեղծած աշխարհին մոտենալու ապոգեյը, որովհետեւ Բերնհարդին ամբողջովին զգալու համար պիտի հաղթահարել կործանման վախն ու ապրել կործանումից հետո, մանրապատումի մեջ, որպես հերոս պատկերվող փոստի անտեղյակությամբ: «Մեր մոր մահից հետո փոստը մի քանի տարի շարունակ շարունակում էր տեղ հասցնել նրան հասցեագրված նամակները: Նրա մահը փոստը հաշվի չէր առել»:



 



Ավստրիան ու «սիրելի» ավստրիացիները Թոմաս Բերնհարդի հետ կյանքի օրոք էլ չգիտեին ինչպես վարվել. հպարտանա՞լ այս տաղանդավոր գրողի գործերով, թե՞ ողջ ուժով ատել եսասեր ու անտանելի մարդուն, ով իր բառարանի ամենավատ բառերն օգտագործում էր ամեն հարմար առիթով եւ հնարավորության դեպքում վիրավորում ու ստորացնում  բոլորին: Բերնհարդի մահը շարունակեց բուռն քննարկումների ու վիճաբանությունների տարափը: Նրան հաջողվեց իր թաղումը բոլորից գաղտնի պահել, իսկ կտակով ապացուցեց  իր պինդ անհանդուրժողականությունը` արգելեց իր բոլոր ստեղծագործությունների վերահրատարակումը հայրենիքում: Այս ինքնակենսագրական վիպակներից մեկը` «Պատճառ», իմ կարծիքով, 20-րդ դարի լավագույն ինքնախոստովանական պատումներից է. մահը վերապրելու փորձ, որ իր մեջ ունի նուրբ մելանխոլիայի ու քնքուշ սիրո երանգներ:



 



Բերնհարդը չի խնայում ոչ մեկին, ինքն իրեն, մորն ու իսկական հորը, որին երբեք չի տեսել, լույս աշխարհ գալու անիմաստությունը, մահվան ներկայությունը, համերկրացիներին, քաղաքական գործիչներին ու արվեստագետներին: Շուտով ընդունվելով գիմնազիա՝ պատանի Բերնհարդը հայտնվում է խոր օտարվածության, մենակության ու մահվան սարսափի մեջ: Նրա միակ հույսը, միակ ուսուցիչը, կյանքի միակ լուսավոր կետը պապն է, որ, ինչ էլ լինի՝ չի դադարում սիրել իր անհնազանդ թոռանը՝ սիրել մարդկային հոգու վիթխարի նվիրվածությամբ: