Իրենց ուզածն ասեն՝ կգնան

Իրենց ուզածն ասեն՝ կգնան
Սարգսյան-Հովհաննիսյան նամակագրությունը թեւակոխել է երկրորդ փուլ, սակայն ԱԺ-ում դեռ փորձում են «վերացնել» հետընտրական զարգացումների լարվածությունը` արտահերթ նիստ հրավիրելով եւ «օդ բաց թողնելով»:



 



ԱԺ ղեկավարությունը փորձում է մի կողմից կարեւորվել այդ ֆոնին, մյուս կողմից էլ հնարավորության դեպքում կոնսենսուսի հասնել ընդդիմության հետ: Տեւական ժամանակ է, ինչ Հովիկ Աբրահամյանի հանձնարարությամբ Գալուստ Սահակյանը բանակցում է ընդդիմության հետ, նախորդ օրն էլ ՀՀԿ-ի անունից ֆրակցիաներին արտահերթ նիստ անցկացնելու, հետընտրական իրավիճակի առնչությամբ հայտարարություն-առաջարկ է ուղարկել:  Ինչպես մեզ հետ զրույցում ասաց ՀՀԿ-ական ծերակույտի ներկայացուցիչներից մեկը, «նիստը ոչինչ չի տա, ընդհանուր հայտարարություն չի ընդունվի, բոլոր ընդդիմադիրները կգան, խորհրդարանի ամբիոնը կօգտագործեն, շոու կանեն, իրենց ուզածը կասեն, կգնան. այդ կարծիքին է նաեւ Հովիկ Աբրահամյանը»:



 



Հիշեցնենք, որ ՀՀԿ-ի, որպես մեծամասնության, ցանկության դեպքում արտահերթ  նիստ կարող է հրավիրվել ցանկացած պահի: Կլինի՞ ուրբաթ օրը նիստ՝ հարցրինք ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովին: «Կարծում եմ` ոչ. արտահերթ  նիստ կհրավիրվի այն ժամանակ, եթե բոլոր ֆրակցիաները կոնսենսուսի եկած լինեն, սակայն ՀԱԿ-ն արդեն ներկայացրել է իր առաջարկները, որոնք մեզ համար անընդունելի են. ի՞նչ է նշանակում սահմանադրական կարգի վերականգնում. մեզ համար սա չի կարող հիմք դառնալ, կարծում եմ` իրենցից շատերի համար էլ այն չի կարող հիմք դառնալ»,- ասաց Շարմազանովը: