Անգամ երգիչ չենք կարողանում ընտրել

Անգամ երգիչ չենք կարողանում ընտրել
Հարգելի խմբագրություն, հետեւելով «Հայաստանի ձայն» երաժշտական նախագծին, ես հասկացա, որ մենք ոչ մի ընտրություն չենք կարողանում մաքուր անել՝ անգամ երգիչների ընտրությունը կեղծում ենք:



 



Այդ մրցույթի վերջին փուլում մենք՝ չորս ընկերներով, որոշեցինք մասնակցել քվեարկությանը: Երեքս SMS ուղարկեցինք Նարեկ Մակարյանին, մեկս՝ Գայանե Արզումանյանին: Գայանեին ուղարկած SMS-ին անմիջապես պատասխան ստացանք՝ շնորհակալություն քվեարկությանը մասնակցելու համար, ինչը նշանակում էր, որ այն տեղ է հասել, իսկ Նարեկին ուղարկած երեք SMS-ներից ոչ մեկին արձագանք չեկավ, քվեարկությունն էլ ավարտվելուց հետո մեկիս պատասխան եկավ, որ «քվեարկությունն արդեն ավարտվել է»՝ այսինքն, մեր ձայնը տեղ չի հասել: Մի բան պարզ էր, որ մրցույթի հենց առաջին փուլում ոմանք արդեն որոշել էին, որ Մերի Մնջոյանն է հաղթելու, եւ միայն դրանով էր բացատրվում ժյուրիի անդամ Սոնայի բացասական վերաբերմունքն Արտո Թունջբոյաջյանի եւ նրա գնահատականների նկատմամբ:



 



Իսկ Արտոն իսկական երաժիշտ է, նա ողնաշարով է զգում տաղանդներին եւ, որպես Արեւմուտքում կրթված ու դաստիարակված մարդ, տանել չի կարողանում կեղծիքը: Մենք էլ էինք առաջին փուլերում ոգեւորված Մաշայի երգով, բայց աչքներիս առաջ շատ կարճ ժամանակում նա վերածվեց Սոնայի անհաջող կրկնօրինակի: Ամեն ինչ արին այդ աղջկան ժամանակից շուտ մեծացնելու, արհեստական շուք տալու համար: Փչացնելու մեծ տաղանդ ունենք մենք, այս պարագայում՝ տաղանդը փչացնելու մեծ տաղանդ: Դրա համար էլ չքվեարկեցինք այդ աղջկա համար: Եվ մի բան էլ. համոզված եմ, որ Հայաստանի ձայնը պետք է հայերեն երգի, հայի համար երգի, հայ երգիչ լինի: Նարեկն արժանի էր այդ կոչմանը: Իսկ Մերիին, ինչպես լսեցինք, ռուսացած մեր երգչուհին՝ Սոնան, արդեն իսկ որոշել է տանել Մոսկվա ու դարձնել ռուսական պապսա երգող շարքային «աստղիկ»: Ափսոս:



 



Անի ՍՈՂՈՄՈՆՅԱՆ