Բալասանյանը քավում է մեղքերը

Բալասանյանը քավում է մեղքերը
Կիրակի օրը Հանրային հեռուստատեսությունը ցուցադրեց «Արամ Խաչատրյան» համերգասրահում նկարահանված համերգ, որը կոչվում էր «Հայուհի-2013» եւ որը քաղաքապետ Տարոն Մարգարյանի թաքնված գովազդն էր:



 



Պատահական չէ, որ մարտի 8-ին տեղի ունեցած միջոցառումը ցուցադրվեց ապրիլի 7-ին, Երեւանի ավագանու նախընտրական քարոզարշավի առաջին օրը, իսկ կազմակերպիչը «թաքնված գովազդի» դաշտում հայտնի Համազգային վստահության խորհուրդն էր: Այս կազմակերպության հիմնադիրն ու հոգեւոր հայրը հայտնի սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանն է: Հենց նա էլ կանանց հասցեին հնչած լավ-լավ խոսքերի եւ երգերի արանքում Տարոն Մարգարյանին վկայագիր փոխանցեց եւ հրապարակեց իր ղեկավարած «Սոցիոմետր» սոցիոլոգիական կենտրոնի հատուկ հարցման տվյալները: Այդ տվյալների համաձայն, Տարոն Մարգարյանը ճանաչվել է վերջին 20 տարիների լավագույն քաղաքապետը:



 



Հիշեցնենք, որ նման «պատվիրված» հարցումներ անցկացվում են նաեւ Արեւմուտքի զարգացած երկրներում, եւ հաճախ, օրինակ, տարվա մարդ է ճանաչվում հանրությանն անհայտ ինչ-որ մեկը: Սակայն մի կողմ թողնենք «Համազգային վստահության» հարցումների անաչառությունն ու արժանահավատությունը: Առանց դրա էլ այս օրերին քաղաքապետի ներկայությամբ ցանկացած միջոցառում քաղաքական գովազդի է վերածվում: Մեզ շատ ավելի հետաքրքրեց այն հանգամանքը, որ միջոցառման հովանավորների ցանկում նշվում էր նաեւ Գյումրիի քաղաքապետարանը: Մեր տեղեկություններով, Սամվել Բալասանյանը «Հայուհի-2013»-ի կազմակերպման համար փոխանցել է 500 հազար դրամ, ինչը Գյումրիի քաղաքային բյուջեի համար քիչ գումար չէ: Եվ սա այն դեպքում, երբ քաղաքապետ Բալասանյանը գումար չունի ասֆալտապատման, քաղաքի բարեկարգման համար, Մինասի «Հայկական հովվերգություն» որմնանկարի վերականգնման, որը մասնատված վիճակում փտում է քաղաքապետարանի շենքի տարբեր հարկերում, Գյումրիի քաղաքապետարանին տարբեր ծառայություններ մատուցած կազմակերպությունների պարտքերը մարելու համար: Նրա քայլը տրամաբանական կլիներ, եթե գոնե համերգը կազմակերպվեր ոչ թե Երեւանում, այլ իր քաղաքում, եւ գյումրեցի կանայք ըմբոշխնեին, ասենք, կանանց սիրելի Արամեի, մյուս երգիչների կենդանի կատարումները: Ակնհայտ է, որ հաճախ «փող չունեմ» պատճառաբանությամբ փոխանցումները մերժող քաղաքապետին ուղղակի հրահանգվել է սատարել ՀՀԿ-ին ավագանու քարոզարշավի ժամանակ, ինչը եւ նա անում է սիրով՝ փորձելով քավել գյումրեցիների մեղքերը Սերժ Սարգսյանին նախագահ չընտրելու դիմաց:



 



ՀԳ - Մենք փորձեցինք ստանալ քաղաքապետարանի մեկնաբանությունն այս հարցով: Բալասանյանի մամուլի քարտուղար Զոհրապ Եգանյանն ասաց, որ «Հայուհի-2013» համերգի հովանավորության համար ֆինանսական միջոցները տրամադրվել են ոչ թե Գյումրիի քաղաքային բյուջեից, այլ Բալասանյանի անձնական գումարներից, սակայն որքան է փոխանցել Բալասանյանը «Համազգային վստահությանը», խոսնակը չպատասխանեց: