Զարդատուփ

Զարդատուփ
Լինում է, որ մարդկային երեւակայությունը խամրում, մթագնում եւ չի տեսնում իրականությունն այնպես, ինչպես որ կա: Կյանքը վետվետուն, կյանքը հեղհեղուկ իր շրջապտույտի մեջ է: Ո՞վ կարող է ասել, որ ամառային գունեղ, բուրումնավետ գորգը ծածկված է ձյան հաստ շերտով: Լուսնոտները միայն եւ ուրվականների ստվերները: Եթե իմանաս, թե նրանք որ ոլորտում են ապրում:



 



Այսինչ թե այնինչ երկրի թագավորն անժառանգ մեռավ: Արյունակիցները հանձն չառան դառնալ թագավոր: Այդպիսի քաոս, բարձիթող ժամանակահատվածում ղուշ էին թողնում երկինք: Ում վրա իջնի ղուշը` թագավորը նա է: Սովորությունը հնաոճ էր: Ղուշ է, ի՞նչ իմանաս ուր կգնա, ուր կիջնի: Ուստի որոշեցին. ով էշի կամքն ու օրհնությունը ստանա, թագավորը նա է: Հա: Ընտրության օրեր էին: Օրերն ընթանում էին օրացույցի թվերը արհամարհելով: Գիշերները լուսինն իր շողերն էր փռում քարքարոտ ժայռերին, որ չորանա: Ցերեկը ամառային արեւը հալած ձյութ էր կաթեցնում երկրի կեղեւին, ինչպես Եվրոպայում: Օրերը եկել-հասել էին մինչեւ «էշի զատկի» տոները: Ոչ մեկի մոտ չէր ստացվում ստանալ էշի օրհնությունը: Տրիբունաներում` ալեկոծում, ճիչ, հառաչ, աղաղակ ու սուլոց: Մի խոսքով` խաժամուժ:



 



Ոմանք չէին ընդունում նոր կարգը: Ինչ է, է՞շն է որոշելու մեր երկրի բախտը: Վայ մեզ, վայ մեր օրերին: Ոմանք էշին ընդունում էին հավասարը հավասարի: Ոմանք էլ, թե` մեր ինչի՞ն է պետք թագավոր: Մեր հարս ու աղջիկ տանեն երկանք աղան, ուղտ բարձեն ու չմասնակցեն էլ ընտրության:



 



Էշը հոգնել էր արենայից: Հոգնել էր ամբոխի ժխորից: Ծաղրածուի ուղեկցությամբ նորից մտավ արենա: Մուտքը փակվեց: Վերջ, պրծում չունես, էշ: Հերիք է մենք անթագավոր մնանք: Մի քանի շրջապտույտից հետո կանգնեց արենայի մեջտեղում:



 



Ծաղրածուն մեկ աղքատի շորեր էր հագնում, մեկ` առեւտրականի, դիմում էր հնարքների, որ էշն իր անելիքն իմանա: Էշը համեստ կանգնել էր արենայում: Եղավ, որ ծաղրածուն թագը մոտեցրեց էշի մռութին: Էշը հոտոտեց, հոտոտեց ու զռռաց. գուցե թագը խոտի բույր չուներ:



 



Թագավոր դառնալ ցանկացողները շատ էին: Գալիս էին, բայց՝ ապարդյուն. էշն անդրդվելի էր, համառ ու որձ: Տրիբունաներն ալեկոծվում էին: Էշի հանդեպ վստահություն ներշնչելու համար ծաղրածուն նամակ կարդաց: Մի կալանավորից էր: Թախանձագին աղերսում էր էշի արդարամտությունը: Ժողովուրդը հուզվեց, հառաչեց: Բայց էշը զռռաց:



 



Առաջին անգամ զռռացել էր լճափին: Հանդում արածելիս սիրամարգ էր տեսել: Հմայվել էր: Իրեն սիրամարգի պես էր պահում: Ջուր խմելիս տեսել էր իր արտացոլանքը: Հիասթափվել էր ինքն իրենից ու զռռացել էր:



 



Իսկ այժմ հոգնել էր եւ աղմուկից, եւ արենայից:  Որտեղից որտեղ՝ ծաղրածուի ձեռքն ընկավ մի ծուռմռտիկ հայելի: Պահեց էշի մռութին, դեռ լույսի փունջն էլ ընկավ էշի աչքերին: Այդ ժամանակ էր, որ մեկը մոտեցավ, խորամանկեց ու փչեց էշի ականջին: Էշը գլուխը թափահարեց: Ասել է թե` տվեց համաձայնությունն ու խրտնեց:



 



Անսանձելի էր էշը: Ծաղրածուն կորցրեց իրեն: Վերջապես էշն ուժասպառ՝ անշունչ ընկավ: Նրան պատգարակով տարան: Վերջ: Թագավորն ընտրված է:



 



Երդմնակալության ժամանակ նորընտիր թագավորը, փոխանակ ձեռքը դնի Տիրամոր Ավետարանի վրա, ձեռքը դրել էր մի սովորական գրքի, որը վերջերս էր տպագրված` «Զարդատուփ» վերնագրով: Ձեռքի եւ սեղանի մեջտեղում հեղինակի նկարն էր: Սիրտը ճզմվեց ու խոր հոգոց հանեց: Շունչը պահած` բազմությունը քար դարձավ: Եվ նորընտիր թագավորն իջավ քար ամայություն` խնկարկելու եւ մոմ վառելու:



 



Արզուման ԱՅՎԱԶՅԱՆ